ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Թուրքիա-Ռուսաստան. ինչո՞վ է պայմանավորված հարաբերությունների մերձեցումը

The Duran

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը վերընտրվելուց անմիջապես հետո առաջին արտասահմանյան այցը կատարեց Թուրքիա: Նպատակը տարածաշրջանային եռյակի՝ Թուրքիա - Իրան - Ռուսաստան ձևաչափով բանակցություններն են, որոնց ընթացքում նախատեսվում է անցկացնել քննարկումներ տարածաշրջանային զարգացումների, մասնավորապես` սիրիական ճգնաժամի վերաբերյալ՝ որպես Սիրիայում լարվածության թուլացման երեք երաշխավոր երկրներ:

Հիշեցնենք, որ նման ձևաչափի հիմքը դրվել է Աստանայում, իսկ վերջին գագաթաժողովն անցկացվել էր Սոչիում` 2017թ. նոյեմբերի 22-ին: Այժմ բանակցությունների սեղանին, իհարկե, դրված կլինեն այդ ժամանակահատվածին հաջորդած զարգացումները՝ հունվարին Թուրքիայի սկսած «Ձիթենու ճյուղ» գործողությունը, վերջին զարգացումներն Իդլիբում, Սիրիայում քաղաքական անցումային շրջանը և Արևելյան Ղուտայի հարցը:

Ապրիլի 3-ի երեկոյան միայն Իրանի նախագահ Հասան Ռոհանին ժամանել է Անկարա, իսկ մինչ այդ Պուտինն ու Էրդողանը  Ռուսաստան-Թուրքիա բարձր մակարդակի համագործակցության խորհրդի նիստում անդրադարձել են երկկողմ հարաբերություններում առաջնահերթություն համարվող հարցերին:

Ռուսաստան-Թուրքիա երկկողմ բանակցությունների թեմատիկ ծածկույթը կարելի է բաժանել երկու ընդգրկուն խմբի՝ ռազմաքաղաքական և տնտեսական:

Ռազմաքաղաքական հարթության մեջ առանձնակի կարևորություն ունի կողմերի ռազմատեխնիկական համագործակցությունը, մասնավորապես՝ ռուսական զենիթահրթիռային C-400 համակարգերի մատակարարման տեմպերի արագացումը, որը կսկսվի 2019-2020թթ., ինչը տեղի է ունենում թուրքական կողմի «խնդրանքով»: Ռազմական տեխնիկայի համատեղ արտադրությունն ու փոխանցումը Պուտինը որակել է զուտ տնտեսական հարցեր լուծող համագործակցություն, և ոչ ռազմաքաղաքական: ԱՄՆ Կոնգրեսը հայտարարել է, որ ի պատասխան Ռուսաստանի C-400 համակարգերի գնման՝ կարող է արգելել F-35 կործանիչների մատակարարումը Թուրքիային:

Անկարայում մեծ ուշադրություն է դարձվել տնտեսական համագործակցությանը, որի մասին են վկայում «Թուրքական հոսք» ծրագիրը և «Աքքույու» ատոմային էլեկտրակայանի շինարարությունը, որի մեկնարկը տրվել է հենց բանակցությունների ընթացքում՝ տեսակոնֆերանսի ռեժիմով: Այս ծրագիրը գնահատվում է մոտ 20 մլրդ ԱՄՆ դոլար: Սա առաջին ատոմային էլեկտրակայանն է, որ կկառուցվի Թուրքիայի տարածքում: Էլեկտրակայանի կարևորությունն առաջին հերթին պայմանավորված է Թուրքիայում նավթագազային ռեսուրսների բացակայությամբ և էներգիայի այլ աղբյուրների անհրաժեշտությամբ: Բացի այդ, սրանով զարկ կտրվի նաև Թուրքիայում ատոմային արդյունաբերության զարգացմանը, ինչը դրական ազդեցություն կունենա երկրի արտադրական հնարավորությունների վրա:

Մյուս կարևոր հարցը «Թուրքական հոսք» ռուս-թուրքական լայնածավալ ծրագիրն է, որով Ռուսաստանը Թուրքիայի տարածքով գազ կմատակարարի Արևելյան Եվրոպայի երկրներին, ինչը մեծ կարևորություն ունի Ռուսաստանի համար:

Երկկողմ բանակցությունների արդյունքում ստորագրվել են նաև մի շարք փաստաթղթեր, հանձնարարվել է նախապատրաստել այլ փաստաթղթերի ստորագրումը:

Այս ամենն, իհարկե, վկայում է Ռուսաստան-Թուրքիա երկկողմ հարաբերությունների ջերմացման և խորացման մասին: Երկրների ղեկավարներն իրենք են նշել, որ իրենց հարաբերությունների ջերմացման համար որևէ խոչընդոտ չկա, և պատրաստակամություն են հայտնել շարունակել հարաբերությունների խորացումը. Պուտինն Անկարային անվանել է «գերակա և շատ հուսալի գործընկեր», իսկ Թուրքիայի նախագահը նշել է, թե «որոշ ուժեր փորձել են «թունավորել» երկու երկրների միջև հարաբերությունները. դրանից հետո մեր հարաբերություններն ավելի է ամրացել»:

Բացառապես քաղաքական հարաբերությունների նմանօրինակ ջերմացումը, կարծես թե, աննախադեպ երևույթ է՝ չնայած վերջին տասնամյակներին ռուս-թուրքական հարաբերությունները ժամանակ առ ժամանակ ջերմանում կամ սրվում էին՝ կապված, օրինակ, Անկարայում ՌԴ դեսպան Անդրեյ Կարլովի սպանության կամ ռուսական «ՍՈՒ 24»-ի կործանման հետ:

Այս նոր իրողություններն ի հայտ են գալիս մի շարք իրադարձությունների ֆոնին: Օրեր առաջ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, ով ի սկզբանե հանդես էր գալիս համաշխարհային քաղաքականության մեջ ԱՄՆ-ի դերակատարության թուլացման անհրաժեշտության դիրքերից, հայտարարեց, որ ԱՄՆ-ը շուտով զորքերը վերջնականապես դուրս կբերի Սիրիայից: Եվ այժմ հարմար առիթ կարող է ստեղծվել տարածաշրջանային ուժերի համար՝ իրենց դիրքերն ամրապնդելու տեսանկյունից:

Այս մերձեցումը տեղի է ունենում Ռուսաստան-ԵՄ, իսկ ավելի լայն իմաստով՝ Ռուսաստան-Արևմուտք հարաբերությունների խիստ լարվածության, դիվանագետների արտաքսման և փոխադարձ մեղադրանքների ֆոնին՝ կապված Մեծ Բրիտանիայում ռուս նախկին գործակալ Սերգեյ Սկրիպալի և նրա դստեր թունավորման հետ, որում Արևմուտքը մեղադրում է Ռուսաստանին, իսկ վերջինս կտրականապես հերքում է կապը այդ միջադեպի հետ:

 Ռուս-թուրքական մերձեցումը տեղի է ունենում նաև ԱՄՆ-ի դաշնակից Իսրայելի և Թուրքիայի միջև նոր լարվածության և երկուստեք հնչող փոխադարձ մեղադրանքների, ինչպես նաև ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունների վատթարացման ֆոնին, ինչը կապված է դեռ 2016թ. հուլիսին Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձի և Ֆեթուլլահ Գյուլենի՝ ԱՄՆ-ում հաստատվելու հետ, իսկ այժմ Թուրքիան մեղադրում է ԱՄՆ-ին քրդերին բացահայտ աջակցություն ցուցաբերելու մեջ:

Սրանք բազմաթիվ իրողություններից մի քանիսն են, որ կարող էին պատճառ դառնալ և հիմք ստեղծել Ռուսաստան-Թուրքիա հարաբերությունների մերձեցման համար: Այնուամենայնիվ, Մերձավոր Արևելքում ուժերի նոր հարաբերակցություն է ձևավորվում, և չի բացառվում, որ մոտ ապագայում թե՛ ռազմական, թե՛ քաղաքական գործընթացներում կարող ենք տեսնել էական փոփոխություններ:

այլ նյութեր այս թեմայով

այլ նյութեր այս թեմայով

այլ նյութեր այս թեմայով

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: