ԵՐԵՎԱՆ 12 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ադրբեջանի երկակի խաղը՝ թուրք-իսրայելական լարվածության համատեքստում

Յուրաքանչյուր անգամ, երբ, ելնելով քաղաքական ինչ-ինչ զարգացումներից, Իսրայելի և Թուրքիայի հարաբերությունները սրվում են, Ադրբեջանը հայտնվում է ոչ այդքան նախանձելի վիճակում: Եվ դա պատահական չէ: Գաղտնիք չէ, որ Թուրքիան մշտապես աջակցում է եղբայրական Ադրբեջանին` կապված Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի հետ, ուստի, բնական է, որ Իսրայելի հետ հարաբերությունների վատթարացման ֆոնին այդ երկիրն իր հերթին ակնկալում է Ադրբեջանի համարժեք վերաբերմունքն ու դիրքորոշումը:

Իսրայելի և Թուրքիայի հարաբերությունները հերթական անգամ սրվեցին այն բանից հետո, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը որոշում կայացրեց երկրի դեսպանությունը Թել-Ավիվից Երուսաղեմ տեղափոխելու մասին, ինչը հարուցեց պաղեստինցիների դժգոհությունը, ովքեր Արևելյան Երուսաղեմը դիտարկում են իրենց ապագա պետության մայրաքաղաք: Ի պատասխան պաղեստինցիների՝ սահմանին ցույցերի տեսքով արտահայտած դժգոհության, Իսրայելը բավական կոշտ արձագանքեց. կան տասնյակ զոհեր և տուժածներ:

Թուրքիան հանդես եկավ Իսրայելի գործողությունների քննադատությամբ՝ համեմատելով դրանք ցեղասպանության հետ: Այս իրադարձություններից հետո հրավիրվեց Իսլամական համագործակցության կազմակերպության (ԻՀԿ) արտահերթ նիստ, որի ընթացքում պահանջ ներկայացվեց միջազգային ռազմական կոնտինգենտ մտցնել Պաղեստինի բնակիչներին պաշտպանելու համար:

ԻՀԿ-ի նման դիրքորոշումը թերևս անակնալ չէր: Դեռևս նախորդ տարի դեկտեմբերին կազմակերպության արտահերթ նիստի ընթացքում, որին ներկա էր նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, անդամ երկրներն Արևելյան Երուսաղեմը ճանաչեցին Պաղեստինի մայրաքաղաք: Եվ ահա այսօր Ադրբեջանը կրկին հայտնվել է ոչ այնքան հաճելի իրավիճակում: Մասնակցելով Արևելյան Երուսաղեմը Պաղեստինի մայրաքաղաք ճանաչելու գործընթացին՝ Ադրբեջանը, ի տարբերություն Թուրքիայի, միևնույն ժամանակ զերծ է մնում Իսրայելին ուղղված սուր քննադատությունից: Ադրբեջանը մշտապես հանդես է գալիս առավել չեզոք հայտարարություններով՝ նշելով, որ իսրայելա-պաղեստինյան հակամարտությունը պետք է կարգավորվի խաղաղ ճանապարհով: Դա պայմանավորված է նրանով, որ, ինչպես հայտնի է, Իսրայելը հանդիսանում է Ադրբեջանին գլխավոր զենք մատակարարողներից, և բնական է, որ Բաքուն չի ցանկանում վատացնել հարաբերությունները նման գործընկերոջ հետ: Բացի այդ, ադրբեջանական նավթը բավարարում է իսրայելական պահանջների 40%-ը: Իսրայելն աշխարհում երկրորդ պետությունն էր, որ 1991 թվականին Թուրքիայից հետո ճանաչեց Ադրբեջանի անկախությունը: Ադրբեջանի համար Իսրայելն ունի ևս մեկ կարևոր նշանակություն: Ինչպես հայտնի է, հրեական լոբբիստական կառույցներն ունեն բավական լուրջ ազդեցության լծակներ, որոնք Բաքուն փորձում է ծառայեցնել սեփական շահերը և քարոզչությունն առաջ տանելու համար: Բացի այդ, չնայած Թուրքիայի և Իսրայելի հարաբերություններում պարբերաբար նկատվող սրացումներին, բավական հեռանկարային է համարվում Թուրքիա-Ադրբեջան-Իսրայել առանցքի ձևավորման գաղափարը: Եվ, ի վերջո, ադրբեջանա-իսրայելական հարաբերությունների խորացումը դիտարկվում է որպես հակակշիռ Հայաստան-Իրան հարաբերություններին:  

Ինչևէ, հաշվի առնելով Իրանի հետ հարևանությամբ գտնվելու փաստը, ինչպես նաև վերջինիս վերաբերմունքը մուսուլմանական ցանկացած երկրի և Իսրայելի համագործակցության նկատմամբ, Ադրբեջանի և Իսրայելի հարաբերությունները քաղաքական համատեքստում զարգանում են համեմատաբար զգուշավոր և հստակ հաշվարկված: Դրա վառ ապացույց հանդիսանում է այն, որ Ադրբեջանը մինչ օրս չունի դեսպանություն Իսրայելում: Բացի այդ, դիվանագիտական հարաբերությունների 26 տարիների ընթացքում Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաները պաշտոնական այցով չեն մեկնել Իսրայել, թեև այդ երկրի նախագահ Շիմոն Պերեսը 2009 թվականին այցելել է Բաքու: Իսկ 2010 թվականին Ադրբեջան այցելել է նաև Իսրայելի ԱԳ նախարար Ավիգդոր Լիբերմանը:

Չնայած Իսրայելի հետ բավական ջերմ հարաբերություններին, բնականաբար, Ադրբեջանում չեն մոռացել «իսլամական համերաշխության» գաղափարի մասին, հատկապես միջազգային կազմակերպություններում հակահայկական քայլեր ծրագրելիս: Սակայն Իսրայելն իր հերթին ևս մեծ հույսեր չի փայփայում՝ կարծելով, որ Ադրբեջանը կկարողանա դեմ գնալ բոլոր իսլամական պետությունների կամքին: Իսրայելին բավարարում է համագործակցության ներկայիս մակարդակը, երբ Ադրբեջանը գնում է իսրայելական զենքը, նավթ է վաճառում իրեն, առևտուր է անում, փոխանակվում է տեղեկություններով և հանդիսանում է այն սակավաթիվ մուսուլմանական երկրներից մեկը, որը ճանաչում է Իսրայելը որպես պետություն: Ինչևէ, Ադրբեջանը կկարողանա վարել իր երկակի խաղը, քանի դեռ նման հնարավորություն նրան տալիս են Թուրքիան և Իսրայելը:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 38%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    12 C°
     
    21°  10° 
    30.03.2024
    19°   
    31.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: