ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ՀԱՊԿ ԽՎ-ի նիստը տեղափոխելն առկա տրամադրությունների արտացոլումն է

Հայաստանում շարունակվում են ակտիվ ներքաղաքական գործընթացները, որոնք աստիճանաբար անցում կկատարեն նախընտրական քարոզարշավի, և վեջնական կայունացում տեղի կունենա, հավանաբար, միայն հաջորդ տարվա սկզբին։ Այս ամենը, բնական է, որ ուղղակի և անուղղակի կերպով անդրադառնում է նաև ՀՀ արտաքին քաղաքականության վրա։ Վերջին նման դրսևորումներից մեկը ՀԱՊԿ Խորհրդարանական Վեհաժողովի նիստի տեղափոխումն էր Երևանից Մոսկվա։

Նիստը տեղափոխելու որոշումը ռուսական կողմը հիմնավորել է այն հանգամանքով, որ, ամենայն հավանականությամբ, վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականից հետո հոկտեմբերի վերջին Ազգային Ժողովը կլուծարվի, ուրեմն «ո՞ւմ հետ անցկացնենք Խորհրդարանական Վեհաժողովը։ Ժամանակավոր պաշտոնակատարների՞։ Դա տրամաբանական և ճիշտ չէ»։ ՌԴ Պետական Դումայի ԱՊՀ, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի հարցերով հանձնաժողովի նախագահ Լեոնիդ Կալաշնիկովը հայտարարել է, թե նիստը հանգիստ կանցկացնեն Մոսկվայում, իսկ իրավիճակի կայունացումից հետո կաշխատեն նոր պատգամավորների և նոր վարչապետի հետ։

Նիստի տեղափոխման այս որոշումը, բնականաբար, չի նշանակում ՀԱՊԿ մյուս անդամ երկրների և Հայաստանի հարաբերությունների վատթարացում, սակայն վերջին շրջանում այդ հարաբերությունների ոչ այնքան հարթ զարգացումների շարունակությունը և, կարելի է ասել, հետևանքն է։

Մի կողմից, ելնելով ՀՀ ներքաղաքական իրավիճակից, ակնկալվում է, որ նորընտիր խորհրդարանն իր կազմով գրեթե ամբողջությամբ կտարբերվի գործող կազմից, և ներկայիս պատգամավորները քիչ լծակներ կունենան ձեռք բերված պայմանավորվածությունների հետագա իրականացումն ապահովելու հարցում։ Բայց միաժամանակ պետք է հաշվի առնել, որ այդ պատգամավորները միջազգային հարթակներում ներկայացնում են Հայաստանի Հանրապետությունը և ոչ թե իրենց կուսակցությունները, ուստի խորհրդարանական դիվանագիտությունը, նույնպես, պետք է հիմնված լինի շարունակականության սկզբունքի վրա։

ՀԱՊԿ ԽՎ այս որոշումից կարելի է եզրակացնել, որ արտաքին գործընկերներն այնքան էլ չեն վստահում արտաքին քաղաքականության մեջ շարունակականություն ապահովելու Նիկոլ Փաշինյանի հավաստիացումներին, և վստահ չեն, որ նորընտիր խորհրդարանը հանձնառու կլինի շարունակել և պահպանել գործող խորհրդարանի պայմանավորվածությունները։

Իսկ հաշվի առնելով ՀՀ-ՌԴ հարաբերությունների ռազմավարական, դաշնակցային բնույթը` ավելի հասկանալի և ընդունելի կլիներ նիստը Երևանում անցկացնելու և ոչ թե տեղափոխելու որոշումը։

Հարցն ունի մեկ այլ կողմ ևս․ ՀԱՊԿ ԽՎ-ն, այսօր օրակարգում չունի այնպիսի վճռորոշ հարցեր, որոնց պարագայում սկզբունքային կարևորություն ունենա Հայաստանի պատվիրակության կազմը։ Ուստի, սա ավելի շատ քաղաքական որոշում է, քաղաքական ազդակ, որը միգուցե որոշակի արձագանք է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի անձի շուրջ զարգացումներին, որոնք ՀԱՊԿ գործընկերների կողմից խիստ բացասաբար ընդունվեցին։

Գործող իշխանությունների խնդիրն է ընկալել արտաքին աշխարհից հնչող այս ազդակները և հաշվի առնել դրանք՝ թույլ չտալու ներքին թուհուբոհի ֆոնին արտաքին աշխարհում Հայաստանի հեղինակությանն այնպիսի հարվածներ, որոնք զգալիորեն կբարդացնեն հետագա երկխոսությունը և կնվազեցնեն մեր շահերը պաշտպանելու հնարավորությունները։

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: