ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Խորհրդարանը մերժեց ԲՐԵՔՍԻԹԻ գործարքը․ ո՞ր ուղղությամբ կշարժվի Բրիտանիան

Երեկ երեկոյան Մեծ Բրիտանիայի խորհրդարանի ստորին պալատը՝ Համայնքների պալատը, դեմ քվեարկեց ԲՐԵՔՍԻԹ-ի շուրջ երկար բանակցությունների արդյունքում Եվրամիության հետ ձեռք բերված համաձայնագրին։ Դեմ արտահայտվեց 432, կողմ՝ 202 պատգամավոր։ Սա պատմության մեջ ամենամեծ տարբերությամբ պարտությունն էր երկրի վարչապետի համար։ Արդյունքում, երկիրը հայտնվեց քաղաքական լուրջ ճգնաժամի առաջ։

Քվեարկությունից անմիջապես հետո վարչապետ Թերեզա Մեյը հայտարարեց, որ միևնույն է, առկա համաձայնագիրը շատ լավն է համարում։ Երկուշաբթի օրը նա կրկին հանդես կգա խորհրդարանում և կներկայացնի իր մտադրությունները։ Չի բացառվում, որ այդ ընթացքում Մեյը մեկնի Բրյուսել և փորձի նոր զիջումներ, երաշխիքներ ստանալ ԵՄ-ից։

Սակայն, դրան հասնելու համար վարչապետը ստիպված է լինելու կրկին ստանալ խորհրդարանի վստահության քվեն, քանի որ Լեյբորիստական կուսակցությունն անմիջապես հայտարարել է վարչապետին անվստահություն հայտնելու գործընթաց մեկնարկելու մասին։ Քվեարկությունը պետք է տեղի ունենա այսօր։ Հավանականությունը, որ Մեյը կհաղթահարի անվստահության վոտումը, մեծ է, քանի որ նման քվեարկություն տեղի էր ունեցել բոլորովին վերջերս՝ դեկտեմբերի 12-ին, Պահպանողական կուսակցության նախաձեռնությամբ։

Ըստ գործող պայմանավորվածությունների, մարտի 29-ին Մեծ Բրիտանիան պետք է լքի Եվրամիության կազմը՝ հետագա հարաբերությունները կարգավորող համաձայնագրով, կամ առանց դրա։ Այժմ հնարավոր են սցենարային մի քանի զարգացումներ, որոնցից ոչ մեկի կողմնակիցների թիվն ակհայտորեն մեծ չէ մյուսներից։ Եթե խորհրդարանն անվստահություն հայտնի վարչապետին, պահպանողական կուսակցությունը պետք է նոր կառավարություն ձևավորի, կամ հայտարարի արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման մասին։ Դա, իր հերթին, կարող է հանգեցնել ԲՐԵՔՍԻԹ-ի ժամկետների հետաձգման։

Հակառակ պարագայում, եթե Թերեզա Մեյը հաղթահարի անվստահության քվեն, կառավարությունը պարտավոր է կարճ ժամանակում կրկին խորհրդարան բերել առկա համաձայնագիրը՝ ըստ հնարավորության` որոշակի թարմացումներով։ Այս սցենարը, թերևս, ամենացանկալին է վարչապետ Մեյի համար, սակայն ԵՄ-ն մինչ այժմ բավական կոշտ կերպով հասկացրել է, որ մտադրություն չունի կրկին բանակցություններ ծավալել և ուրիշ ոչինչ առաջարկել չի պատրաստվում։

Մյուս երկու առավել քիչ հավանական և Բրիտանիայի կառավարության համար ոչ ցանկալի սցենարային զարգացումները ԲՐԵՔՍԻԹ-ն է առանց համաձայնագրի և նոր հանրաքվեն։ Առաջինն անցանկալի է, քանի որ ամբողջովին չկարգավորված է թողնում ԵՄ-Մեծ Բրիտանիա հարաբերությունները և շոկային է լինելու բրիտանական տնտեսության համար, քանի որ չեն գործելու անցումային շրջանն ու մեղմացնող պայմանավորվածությունները։ Իսկ նոր հանրաքվեն դիտարկվում է որպես ժողովրդավարության ոտնահարում, քանի որ համարվում է, որ ժողովուրդը մեկ անգամ արդեն հայտնել է իր կամքը և կառավարությունը պարտավոր է այն կյանքի կոչել, ոչ թե կրկին հարցնի՝ հույս ունենալով, որ այդ կամքը կփոխվի։ Ի դեպ, կրկնակի հանրաքվեն ցանկալի սցենար է ԵՄ-ի համար, և վերջինս կարող է անզիջում մնալ՝ այս սցենարի հավանականությունը մեծացնելու նպատակով։

Սակայն հարկ է նշել, որ խորհրդարանի նման քվեարկությունը կանխատեսելի էր, ավելին, Թերեզա Մեյը, կանխատեսելով նման արդյունքները, մեկ անգամ արդեն հետաձգել էր քվեարկությունը՝ փորձելով այդ ընթացքում ԵՄ-ից լրացուցիչ երաշխիքներ ստանալ և ամրապնդել իր դիրքերը։

Խորհրդարանականների նման քվեարկությունը մի քանի բացատրություններ ունի։ Ոմանք ընդհանապես դեմ են ԵՄ կազմից դուրս գալուն, ոմանք ընդհակառակը՝ համարում են, որ Պահպանողականները նախընտրական պայքարում խոստացել էին կոշտ ԲՐԵՔՍԻԹ, իսկ վարչապետը զիջումների է գնացել ԵՄ-ին և առաջարկում է կախման մեջ մնալ Եվրամիությունից։ Մասնավորապես՝ հիմնական խնդիրը Իռլանդական Հանրապետության և Հյուսիսային Իռլանդիայի միջև սահմանի հարցն է։ Առկա համաձայնագիրն առաջարկում է խուսափել կոշտ սահմանից, Հյուսիսային Իռլանդիային թողնել ԵՄ շուկայի և ԵՄ Մաքսային միության կազմում և անցումային շրջան սահմանել, որը կարող է երկարաձգվել։ Փաստացի, հարցի լուծումը հետաձգվել է, ինչը, Մեյի հակառակորդների կարծիքով, Մեծ Բրիտանիային կախման մեջ է թողնում ԵՄ-ից և անջատողական տրամադրություններ կարող է առաջացնել։ Թերեզա Մեյը փորձում է ԵՄ հետ երկխոսության միջոցով երաշխիքներ ստանալ, որ ԵՄ-ն կբացառի այնպիսի զարգացումները, որոնք կարող են Հյուսիսային Իռալնդիայի անջատման հագեցնել։

Ստեղծված իրավիճակում Մեծ Բրիտանիայի վարչապետը շարունակելու է պայքարել ԵՄ-ից որոշակի զիջումներ ստանալու և ձեռք բերված փաստաթուղթը վավերացնելու համար, սակայն ԵՄ հայտարարվող դիրքորոշումն ու խորհրդարանում քվեարկության արդյունքները լավատեսության մեծ հիմքեր չեն տալիս։

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: