ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ԱՄՆ-ը փոխում է մարտավարությունը Մեծ Մերձավոր Արևելքում

Manjunath Kiran/AFP/Getty Images

Վերջին շրջանում Միացյալ Նահանգներն ակտիվ քայլեր է ձեռնարկում իր զորքերը ոչ միայն Սիրիայից, այլ նաև Աֆղանստանից դուրս բերելու ուղղությամբ: 2018 թվականի դեկտեմբերին նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր Աֆղանստանում ամերիկյան զորախումբը զգալի կրճատելու մասին: Մասնավորապես նշվում էր, որ տուն կվերադառնա 7 հազար ամերիկացի զինծառայող(այժմ Աֆղանստանում ԱՄՆ ունի 14 հազարանոց զորախումբ): Սակայն այժմ ԱՄՆ-ը, կարծես թե, բանակցում է զորքերն Աֆղանստանից ամբողջությամբ հանելու մասին:  

Հունվարի 28-ին Աֆղանստանի հարցերով ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ Զալմայ Հալալզադը հայտարարեց, որ Կատարի մայրաքաղաք Դոհայում «Թալիբան» շարժման հետ բանակցությունների հերթական փուլում զգալի առաջընթաց է գրանցվել. կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել համաձայնագրի կետերի շուրջ, որոնք թույլ կտան ամերիկյան զորքերը դուրս բերել այդ երկրից: Ինչպես նշում են ամերիկյան լրատվամիջոցները, Վաշինգտոնի գլխավոր պահանջն է երաշխիքներ տալ, որ այդ երկիրը չի վերածվի համաշխարհային ահաբեկչության հենակետի, ինչին թալիբները համաձայնություն են տվել:

Թերևս դժվար է պատկերացնել, թե գործնականում թալիբներն ինչպես են երաշխավորելու դա. ամերիկյան կողմի հետ բանակցում է շարժման չափավոր թևը, և վերջինիս գործնականում դժվար է լինելու համոզել շարժման բոլոր անդամներին զենքը վայր դնել, ավելին` թալիբներին երբեք դուր չի եկել Աֆղանստանի իշխանությունների հետ ուղիղ բանակցությունների հեռանկարը, ինչին, ըստ էության, հանգեցնելու են ԱՄՆ հետ բանակցությունները: Ուստի, բանակցված կետերը կարող են գործնականում ոչ բոլորի կողմից ընդունելի և կիրառելի լինել: Բացի այդ, Աֆղանստանում թալիբները միակ ծայրահեղականները չեն. այս երկրում ակտիվ գործունեություն են ծավալում «Ալ-Քաիդա», «Իսլամական պետությունը» և ևս մի քանի տասնյակ ահաբեկչական խմբավորումներ, որոնք, կարծես թե, հակված չեն դադարեցնել իրենց գործունեությունը: Վերջիններիս վրա փոքր է նաև պաշտոնական Քաբուլի ազդեցությունը: Ընդ որում, թալիբների հետ ԱՄՆ բանակցությունների հաջողությունը լուրջ հարված կհասցնի աֆղանական իշխանությունների հեղինակությանը:

Այս բոլոր խնդիրները լավ հասկանում են նաև Վաշինգտոնում և թալիբների հետ համաձայնության գալու դեպքում դժվար թե ունենան Աֆղանստանում հակամարտության վերջնական կարգավորման պատրանքներ:

Սիրիայից և Աֆղանստանից զորքերը դուրս բերելու որոշումը, իհարկե, կարելի է բացատրել Թրամփի նախընտրական խոստումով: Թրամփի այս որոշումը կարող է պայմանավորված լինել նաև ներքաղաքական հարցերով. 2020 թվականին ԱՄՆ-ում կլինեն նախագահական ընտրություններ, իսկ ինչպես ցույց են տալիս սոցհարցումների արդյունքները, ամերիկացիների մեծ մասը հոգնել է դրսում պատերազմելուց:

Սակայն սխալ կլինի զորքերը դուրս բերելու վերաբերյալ Թրամփի որոշումը պայմանավորել միայն ներքաղաքական նկատառումներով: Դեռևս պարզ չէ, թե որն է Թրամփի այս որոշման վերջնական նպատակը, սակայն ակնհայտորեն զորքերի դուրսբերումը Սիրիայից և Աֆղանստանից չի նշանակում, որ Միացյալ Նահանագների համար դրանք կորցրել են իրենց նշանակությունը և ԱՄՆ-ը հեռանում է տարածաշրջանից: Ավելի շուտ ԱՄՆ-ն ուղղակի փոխում է իր մարտավարությունը տարածաշրջանում: Այս համատեքստում հարկ է ընդգծել, որ ո´չ Սիրիայից, ո´չ Աֆղանստանից ամերիկյան զորքերի դուրսբերումը չի նշանակում ԱՄՆ ռազմական ներկայության ավարտ այդ երկրներում: Սիրիայի դեպքում, ամերիկյան օդուժը շարունակում է տեղակայված մնալ նույն ռազմաբազաներում, որտեղից հարվածներ էր հասցնում Սիրիայի տարածքին: Աֆղանստանում նույնիսկ զորքերի լիարժեք դուրսբերման դեպքում, ԱՄՆ-ը ՆԱՏՕ-ի միջոցով պահում է իր ռազմական ներկայությունը:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: