ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Մենք ապրում ենք երկրորդ սառը պատերազմի շրջանում. քաղաքագետ Սուրեն Սարգսյան (ԲԱՑԱՌԻԿ)

facebook.com

Անցնող շաբաթվա վերջին ԱՄՆ-ը, այնուհետև Ռուսաստանը հայտարարեցին Միջին և փոքր հեռահարության հրթիռների ոչնչացման մասին  համաձայնագրին մասնակցության դադարեցման մասին: Հիշեցնենք, որ Միացյալ Նահանգները Ռուսաստանին տևական ժամանակ մեղադրում էր այդ համաձայնագրի կետերի խախտման մեջ։ Ռուսաստանը շարունակում է պնդել, որ մեղադրանքները կեղծ են ու հերքում է դրանք։

Նշեք, որ Ռուսաստանի ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը կարծիք է հայտնել, որ Միացյալ Նահանգների և Ռուսաստանի կողմից «Փոքր ու միջին հեռահարության հրթիռների ոչնչացման մասին» համաձայնագրից դուրս գալը չի հանգեցնի նոր «Սառը պատերազմի» վիճակի։

Գործընթացի շուրջ զարգացումների հետ կապված «Արմեդիա» ՏՎԳ-ն զրուցել է Միջազգային իրավունքի և միջազգային հարաբերությունների մասնագետ, քաղաքագետ Սուրեն Սարգսյանի հետ:

—        Պարո՛ն Սարգսյան, ԱՄՆ-ի, այնուհետև Ռուսաստանի դուրս գալը «Փոքր ու միջին հեռահարության հրթիռների ոչնչացման մասին» համաձայնագրից աշխարհաքաղաքական ի՞նչ փոփոխությունների կարող է հանգեցնել։

—        Վստահաբար պետք է ընդգծել, որ սա բավական վտանգավոր գործընթաց է` հաշվի առնելով համաձայնագրի կնքման ժամանակաշրջանը, պատճառներն ու պայմանները։ Այս համաձայնագրի ստորագրումը, ըստ էության, Սառը պատերազմից հետո ձևավորված համաշխարհային ընթացակարգերի, ռազմական տեխնիկայի զարգացման, ինչպես նաև միջուկային զենքի զանգացման ու տարածման հստակ մեխանիզմներ էր նախատեսում, այն է` դրանց չտարածումը, դրանց քանակը, կիրառումը և այլն։ Սա նշանակում է, որ եթե ԱՄՆ որոշում է կայացնում դուրս գալ այս համաձայնագրից, ստացվում է, որ նա այլևս ունի բացառիկ հնարավություն զարգացնել, թարմացնել իր միջուկային պոտենցիալը, ինչը, բնականաբար, բերելու է հակառակ կողմի՝ Ռուսաստանի ռեակցիային, որը ևս փորձելու է զարգացնել իր միջուկային ծրագրերն ու արսենալը։

—        Կարելի՞ է համարել, որ ականատես ենք լինում սպառազինությունների նոր մրցավազքի։

—        Սա ոչ թե սպառազինությունների նոր մրցավազք է, այլ կարելի է համարել սպառազինությունների մրցավազքի երկրորդ մաս։ Հարկ է փաստել, որ ռուս ամերիկյան հարաբերություններն այս պահին գտնվում են նույն իրավիճակում, ինչ Սառը պատերազմի տարիներին․ գոյություն չունի Սառը պատերազմին բնորոշ գաղափարական պայքարը սոցիալիզմի և կապիտալիզմի գաղափարախոսությունների միջև, բայց դրան փոխարինելու են եկել այլ գաղափարական առճակատումներ՝ պրոկսի պատերազմներ, վիրտուալ պատերազմներ և այլն։ Ես կարծում եմ, որ այդուհանդերձ մենք ապրում ենք երկրորդ սառը պատերազմի շրջանում։

—      Ինչպիսի՞ն է ԱՄՆ-ում հանրային արձագանքը Թրամփի այս քայլին։

—      Ինչպես և երթադրվում էր, բնականաբար եղան և՛ քննադատողներ, և՛ կողմնակիցներ ու աջակիցներ։ Թրամփի աջակիցները ողջունում են այս քայլը, դեմոկրատները և քննադատները բացասական են տրամադրված՝ համարելով, որ սա հավելյալ հնարավորություն է, որպեսզի Ռուսաստանը հզորացնի իր միջուկային պոտենցիալը և միջուկային արսենալը։

Ի՞նչ ռիսկեր է պարունակում այս գործընթացը մեր տարածաշրջանի համար։

— Մեր տարածաշրջանի և առհասարակ համաշխարհային անվտանգության ճարտարապետությունը կարծես արմատական փոփոխությունների է ենթարկվում։ Այս փաստի հետ պետք է հաշվի նստել։ Հարցը բավական լայն է և չի կարող խոսք գնալ կոնկրետ տարածաշրջանի մասին, քանի որ խոսքը գնում է համաշխարհային անվտանգության հիմնաքարային համաձայնագրերից մեկի մասին: Համաշխարհային անվանգության պահպանման համար նոր մեխանիզմներ ու նոր համաձայնագրեր է անհրաժեշտ մտածել։ Ակնհայտ է, որ ԱՄՆ-ն ու Ռուսաստանը առանցքային նշանակություն ունեն համաշխարհային անվտանգության հարցում, այնպես, ինչպես այսօր ունի Չինաստանը, ինչու ոչ` նաև ԵՄ-ն։

Ամփոփելով կարելի է փաստել, որ տարածաշրջանի համար վտանգավոր չի լինի, եթե հաշվի առնենք, որ ՌԴ ազգային անվտանգության ռազմավարության մեջ նշված է, որ Ռուսաստանն իր միջուկային զենքը կօգտագործի միայն այն դեպքում, երբ իր և իր ռազմավարական դաշնակիցների նկատմամբ միջուկային զենք կիրառվի։ Սա միակ մասամբ ուղիղ, մասամբ անուղղակի ձևակերպումն է, որտեղ Հայաստանը որևէ կերպ առնչվում է խնդրին։ Սակայն հարկ եմ համարում ընդգծել, որ այն քիչ կամ գրեթե անհավանական է։

— Կա՞ արդյոք այլընտրանքային պայմանագրի մասին խոսակցություն։

—    Չնայած այն հանգամանքին, որ դեռևս նման խոսակցություն չկա, այնուամենայնիվ սա չի նշանակում, որ այն չի լինելու։ Կարծում եմ, որ կողմերը որոշ ժամանակ անց գալու են դրան, քանի որ և՛ Ռուսաստանի, և՛ Միացյալ Նահագների անվտանգության և նրանց ռազմավարական դաշնակիցների անվտանգության համար նման պայմանագրի գոյությունը էական նշանակություն ունի, այդ իսկ պատճառով կողմերը երկար ժամանակ չեն կարողանա խուսափել դրանից։ Ենթադրում եմ, որ հարցին մոտ ապագայում անդրադարձ կլինի։

 

Զրուցեց Ռոզի Միքայելյանը


այլ նյութեր այս թեմայով

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    26.12.2024
       
    27.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: