ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ս. Սարգիսն ինչպես էին տոնում նախկինում և հիմա. հարցազրույց Տեր Եսայի քահանա Արթենյանի հետ

Ամենայն Հայոց Գարեգին Բ հայրապետի տնօրինությամբ Սուրբ Սարգիս զորավարի տոնը հռչակվել է Երիտասարդների օրհնության օր: Ս. Սարգիսը հայ ժողովրդի ամենասիրված սրբերից է, և պատահական չէ, որ Ս. Մեսրոպ Մաշտոց վարդապետը նրա մասունքները բերել է Կարբի (Աշտարակի շրջան)՝ տեղում կառուցելով նրա անունը կրող եկեղեցի:

Ս. Սարգիս Զորավարի տոնը Հայաստանում ընդունված է նշել ոչ միայն եկեղեցական ծեսով, աղոթքով, այլև ժողովրդական սովորույթներով: Ս. Սարգիս զորավարը երիտասարդների արագահաս բարեխոսն է: Տոնի օրը Ս. Սարգիս Զորավարի անունը կրող եկեղեցիներում մատուցվում է Սուրբ Պատարագ, որից հետո կատարվում է երիտասարդների օրհնության կարգ: Հիշեցնենք, որ այս տարի տոնը կնշվի փետրվարի 16-ին:

Տոնի, դրա խորհրդի հետ կապված հարցերով «Արմեդիա ՏՎԳ»-ն զրուցել է Տեր Եսայի քահանա Արթենյանի հետ:

-Տեր Հայր, ո՞վ էր Սուրբ Սարգիսը և ո՞րն է տոնի խորհուրդը:

-Սուրբ Սարգիսը զորավար էր, ով իր Մարտիրոս որդու և 14 զինվորների հետ նահատակվեց` պահպանելով հավատքը: Այդ իսկ պատճառով Սուրբ Սարգսի օրինակը մեզ համար տոն է և սրբի խորհուրդը կարևոր է հենց նրանով, որ իր վարքի մեջ մենք փորձում ենք բացահայտել սերը, նվիրումը, քաջությունը, նվիրումն առ Աստված, որ օրինակ և ուղեցույց է յուրաքանչյուր քրիստոնյայի համար:

Առհասարակ, երբ որևէ սրբի տոն ենք նշում, հիմնական իմաստն ու նպատակը տվյալ սրբի օրինակը մեզ համար օրինաչափություն և առաջնորդող դարձնելն է: Սուրբ Սարգիս տոնի խոհուրդն է սերը Աստծո նկատմամբ, այն ծառայության նկատմամբ, որի համար որ մարդը կոչված է: Լինելով զինվորական` նա նաև համարվում է սիրո բարեխոս: Իսկ դրա բացատրությունը կայանում է հետևյալում. Սուրբ Սարգսի որդին` Մարտիրոսը, ով ուներ շատ երազանքներ, նպատակներ, որոնք հատուկ են երիտասարդներին, երիտասարդ հասակում նահատակվեց: Եվ դրանով է պայմանավորված, որ Սուրբ Սարգիսը, ով Մարտիրոսի հայրն էր, մարդկանց ընկալումների մեջ հենց նա է սիրո բարեխոս համարվում, ում օգնությամբ երիտասարդների բոլոր նպատակներն ու բարի ցանկությունները իրականություն են դառնում:

Հիշեցնենք, որ Սուրբ Սարգիսը զինվորական էր, ով չթողեց իր ծառայությունը, չասեց «ես միայն Աստծոն եմ ծառայում», այլ` որտեղ որ եղավ իր ծառայության մեջ, փորձեց բացահայտել Աստծուն և Աստծո ներկայությունը:

- Ինչպե՞ս էին նախկինում տոնում Սուրբ Սարգիսը, և ինչպիսի՞ փոփոխությունների է ենթարկվել տոնն այսօր:

- Կարելի է ասել, այն գլոբալ փոփոխությունների չի ենթարկվել: Ինչպես նախկինում, այսօր ևս պատարագ է մատուցվում: Հոգևոր իմաստով տոնը ոչ մի փոփոխության չի ենթարկվել: Ժողովրդական ավանդույթի մասով, պահպանվել է աղի բլիթը, որը նախկինում կար, փոխինդով սկուտեղը, որ դնում էին տան տանիքին կամ շեմին, այսօր էլ անում են, գուցե ոչ նախկինի պես համատարած ու հավատով: Ամեն դեպքում կարելի է փաստել, որ այսօր էլ հետևում են ավանդույթներին: Բայց հարկ է նշել, որ ժամանակի ընթացքում եղած ավանդույթներին ավելանում են նորերը` որդեգրելով ավելի ժամանակակից մոտեցումներ, օրինակ, սիրո խոստովանություն գրքով, զինվորների պարգևատրում, զինվորների օրհնության կարգ:

-Ի՞նչն է պատճառը, որ հայ երիտասարդները սկսել են ավելի շատ հետաքրքվել սուրբ Վալենտինով:

-Ես չեմ կիսում այն տեսակետը, որ երիտասարդները Սուրբ Վալենտինով ավելի են հետաքրքրված, քան Սուրբ Սարգսով: Չնայած չեմ բացառում, որ, այո´, Վալենտինը նշվում է: Պատճառները տարբեր են. Վալենտինն ավելի կոմերցիոն տոն է, ավելի օտար է, ավելի նոր, գուցե նորաձև, գուցե սրանք են պատճառները, որ Վալենտինը հետաքրքում է ոմանց:

Սակայն, թերևս պետք է ընդգծեմ, որ մեր խնդիրը Վալենտինի դեմ պայքարը չէ, մեր խնդիրը մարդկանց սովորեցնելն ու քարոզելն է: Ու ուրախությամբ պետք է ասել, որ տարիների ընթացքում մենք տեսնում ենք, որ մարդիկ ավելի շատ հետևում են Սուրբ Սարգսի տոնին, քան` Վալենտինին:

- Ձեր բարեմաղթանքը մեր ընթերցողին: 

-Թող Աստված մեր ընթացքը միշտ պահի ամուր, հաստատուն դեպի բարի գործեր, հայրենասիորւթյուն, եկեղեցաշինություն, նվիրում:

Զրուցեց Ռոզի Միքայելյանը


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: