ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Դրական միտումներ և շոշափելի արդյունքների բացակայություն․ Փաշինյանի բրյուսելյան այցի ամփոփում

Ամփոփելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի բրյուսելյան այցը՝ կարող ենք արձանագրել, որ կան դրական միտումներ, սակայն շոշափելի արդյունքների սուր պակաս է զգացվում։ Անդրադառնանք ՀՀ-ԵՄ օրակարգի մաս կազմող մի քանի հիմնական հարցերի։

ՀՀ-ԵՄ համաձայնագիրը կրկին օրակարգում է

Շատ կարևոր և դրական է, որ վերականգնվեց ՀՀ-ԵՄ հարաբերությունների ընդհանուր տրամաբանությունը, մասնավորապես՝ ՀՀ իշխանությունների կողմից շեշտադրվեց, որ հարաբերությունները կառուցվելու են 2017թ․ նոյեմբերին ստորագրված ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի հիման վրա։ Կարևորվեց ԵՄ անդամ երկրների կողմից համաձայնագրի արագ վավերացումը՝ օր առաջ այն լիարժեք կիրառման մեջ դնելու տեսանկյունից։

Խնդիրն այն է, որ ՀՀ վարչապետի բրյուսելյան նախորդ այցի օրակարգում համաձայնագրի հարցը գրեթե բացակայում էր։ Արդյունքում այնպիսի տպավորություն էր ստեղծվել, թե պաշտոնական Երևանն այլ տրամաբանություն է դնում ԵՄ հետ հարաբերությունների հիմքում՝ շեշտադրելով Հայաստանում տեղի ունեցած հեղափոխության և ժողովրդավարացման գործընթացների դիմաց աջակցության մեծացման հարցը։ Եվրամիությունն, իր հերթին, որևէ կերպ չաջակցեց այդ մոտեցմանը՝ սպասելով իրական արդյունքների և մատնանշելով հարաբերությունների տրամաբանության պահպանման անհրաժեշտությունը։

Այսօր արդեն գործընթացն ու հարաբերությունները, կարծես, վերադարձել են բնականոն հուն, ինչը դրանց կայուն զարգացման հույսեր է արթնացնում։

Բացի այդ, համաձայնեցման փուլում է գտնվում համաձայնագրի կիրարկման ճանապարհային քարտեզը։ Նշենք, որ ՀՀ-ում Եվրամիության պատվիրակության ղեկավար Պյոտոր Սվիտալսկին հայտարարել էր, որ Եվրամիությունը մինչև հունվարի վերջ կտա իր դիտարկումները Հայաստանի կողմից մշակված փաստաթղթի վերաբերյալ, իսկ ՀՀ ԱԳ նախարարն այցի նախաշեմին հայտարարել էր, որ մինչև այցը պետք է որ հստակեցված լինեն անելիքները համաձայնագրի իրականացման մասով։ Սակայն միջգերատեսչական հանձնաժողովը դեռ գտնվում է ԵՄ դիտարկումներից բխող փոփոխությունների մշակման գործընթացում։ Այս գործընթացը ՀՀ-ԵՄ ինստիտուցիոնալ սերտ և արդյունավետ համագործակցություն  է պահանջում։ Նաև այս փաստաթուղթը ցույց կտա, թե որքանով է հավակնոտ նոր կառավարության տեսլականը։

ԵՄ-ն պատրաստ է աջակցել Հայաստանին, բայց հստակ արդյունքների դիմաց

Եվրամիության բարձր ղեկավարության կողմից արձանագրվեց, որ Եվրամիությունը պատրաստ է շարունակել ֆինանսական և խորհրդատվական աջակցություն ցուցաբերել Հայաստանին՝ առաջ մղելու երկրում ընթացող բարեփոխումները։ 2017-2020 թվականների համար ԵՄ-ն նախատեսել է 176 մլն եվրոյի աջակցություն տրամադրել մարդու իրավունքների պաշտպանության և հիմնարար բարեփումների համար:

Բացի այդ, հունվարի վերջին Հայաստանում գտնվող Եվրոպական հանձնաժողովի հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների հարցերով ԵՄ հանձնակատար Յոհաննես Հանն ընդգծել էր, որ ֆինանսական աջակցության մեծացման համար Հայաստանը պետք է մրցունակ ծրագրեր առաջարկի։

Ընդհանուր առմամբ, Բրյուսելում հնչած հայտարարությունները ցույց են տալիս Հայաստանի հետ սերտ համագործակցելու, բարեփոխումներին աջակցելու, այդ թվում՝ ֆինանսական աջակցություն ցուցաբերելու ԵՄ ցանկությունը։ Սակայն դա չի լինելու այնպես, ինչպես հեղափոխությունից հետո պատկերացնում էին Հայաստանի իշխանությունները. ֆինանսական աջակցությունը տրամադրվելու է հստակ ծրագրերի և հստակ արդյունքների դիմաց։ Ինչպես նշել է Յոհաննես Հանը, ԵՄ-ն պատրաստ է աջակցել Հայաստանին իր բոլոր ջանքերում։

Այժմ Հայաստանի խնդիրն է արդյունավետ բարեփոխումներ իրականացնել, հասնել շոշափելի արդյունքների, ինչպես նաև ներկայացնել լավ մշակված, մրցունակ և հավակնոտ ծրագրեր։

Վիզաների ազատականացման հարցով հարկավոր է աշխատել ԵՄ անդամ երկրների հետ

Այս հարցը, բնականաբար, նույնպես եղել է ԵՄ ղեկավարության հետ հանդիպումների օրակարգում։ Արձանագրվել է, որ Հայաստանը կատարել է իր առջև դրված բոլոր պահանջները և կարևորում է այս հարցով երկխոսության հնարավորինս արագ մեկնարկը։

Հարցին բավական ծավալուն անդրադարձ է կատարել Եվրահանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերը՝ նշելով, որ Եվրահանձնաժողովը կողմ է վիզաների ազատականացման երկխոսության բանակցությունները սկսելուն, այդ թվում՝ պարտավորվել է անձամբ Յոհաննես Հանի հետ միասին «ավելի ուժեղ երկխոսություն ծավալել այն անդամ պետությունների հետ, որոնք հետևողական են այս հարցում»։

Սա կարևոր ազդակ է ԵՄ կողմից։ Դրական զարգացումների հույս արթնացնող այս հայտարարությունը ցույց է տալիս, որ Եվրամիությունն ինստիտուցիոնալ առումով որևէ խոչընդոտներ չի տեսնում այս բանակցությունների մեկնարկի համար։ Հետագա զարգացումը ԵՄ անդամ երկրների քաղաքական կամքի հարցն է։

Հաշվի առնելով այս հարցի զգայունությունը ԵՄ անդամ որոշ երկրների համար, ինչպես նաև այն հանգամանքը, որ մայիսին կայանալիք Եվրախորհրդարանի ընտրություններից հետո Եվրահանձնաժողովի կազմը կարող է փոփոխությունների ենթարկվել (հետևաբար, գործող անձանց կամքով պայմանավորված արդյունքների հետ հույս կապելը ռացիոնալ չէ)՝ վիզաների ազատականացման հարցում արդյունքներ ունենալու համար պետք է մեծ և թիրախավորված աշխատանք տանել ԵՄ անդամ երկրներից յուրաքանչյուրի հետ։ Այդ թվում՝ Հայաստանը պետք է կարողանա այս հարցի շուրջ միանշանակ աջակցություն ստանալ իր ավանդական բարեկամ երկրներից և նրանց օգնությամբ ազդել ԵՄ մյուս անդամների վրա։  

Այս հարցը կարող է յուրօրինակ լակմուսի թուղթ ծառայել՝ ցույց տվող, թե Հայաստանի նոր իշխանությունները որքանով են կողմնորոշվում ԵՄ ներքին բարդ խճանկարում և որքանով կկարողանան արդյունավետ կառուցել համագործակցությունը ԵՄ անդամ երկրների հետ։ Դա հետագայում հիմք կապահովի նաև այլ հարցերի առաջ մղման համար։

Այս փուլում դեռևս նման հետևողական աշխատանքը և առավել ևս այս ուղղությամբ իրական արդյունքները տեսանելի չեն։

 

Ամփոփելով կարող ենք արձանագրել, որ այս փուլում առնվազն հայտարարությունների մակարդակով հաջողվել է հարթել առաջացած լարվածությունն ու հարաբերություններին որոշակի դրական դինամիկա հաղորդել։ Սակայն շոշափելի արդյունքների էական պակաս է զգացվում։ Դրանց հասնելու համար մեծ հետևողականություն և նախաձեռնողականություն, ինչպես նաև ԵՄ հետ ինստիտուցիոնալ համագործակցության որակի բարելավում կպահանջվի։

Ի դեպ, կարևոր է հետևողականություն ցուցաբերել նաև Հայաստանի համար մեծագույն կարևորություն ունեցող այնպիսի հարցերում, ինչպիսին է, օրինակ, դոնորների համաժողովի կազմակերպումը։ Դրա մասին Երևանում խոսեց Յոհաննես Հանը, սակայն Բրյուսելում այդ հարցը ո՛չ հայկական, ո՛չ եվրոպական կողմը չշոշափեցին։

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    26.11.2024
       
    27.11.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: