ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ինքնորոշումը հանցագործություն չէ. աշխարհը հակամարտությունների կարգավորման նոր մոտեցումների կարիք ունի

vesti.md

Գարնան հետ Եվրոպայում սկսեցին եռալ նաև հակամարտության գոտիները: Կատալոնացիները կրկին վերսկսեցին ցույցերը, իսկ Սերբիայում քաղաքացիական հակամարտություն է հասունանում, այս ցանկը կարելի է շարունակել: Հակամարտության գոտիները Եվրոպայում շատ են, և չնայած դեմոկրատական ու տեխնոլոգիական-տնտեսական գործընթացներին (հենց դրանց հենքի վրա է ձևավորվել Եվրոպական միությունը)` այդպես էլ Եվրոպային չի հաջողվել ունիվերսալ դեղատոմսեր գտնել ազգային հիմնախնդիրների լուծման համար:

Բնականաբար, յուրաքանչյուր հակամարտություն յուրօրինակ է, և միանման լուծումներ գոյություն չունեն: Հատկապես դա ակնհայտ է դառնում, եթե հետևենք վերջին շաբաթվա զարգացումներին Կատալոնիայում և Սերբիայում, և փորձենք պռոյեկտել դրանք Արցախի վրա:

Հազարավոր կատալոնացիներ բողոքի ցույցեր անցկացրեցին Մադրիդի կենտրոնում «Ինքնորոշումը հանցագործություն չէ» կարգախոսով: Նրանք պահանջում էին ազատ արձակել կատալոնացի 12 նախկին պաշտոնյաներին և քաղաքական գործիչներին, որոնց 7-25 տարվա ազատազրկում է սպառնում: Նրանց դեմ գործ է հարուցվել պետական միջոցները վատնելու և անկարգություններ հրահրելու մեղադրանքով՝ 2017թ.-ին Կատալոնիայում անկախացման հանրաքվե անցկացնելու համար: Արդեն երկու ամիս է Իսպանիայի Գերագույն դատարանում շարունակվում է հարցի քննությունը: Կատալոնացիները հատուկ էին եկել Մադրիդ՝ մասնակցելու բողոքի ցույցին: Հաշվի առնելով իսպանացիների բացասական վերաբերմունքը կատալոնացիների անկախացման ձգտման նկատմամբ՝ ցուցարարների անվտանգությունն ապահովում էին իսպանական ոստիկանության 500 աշխատակիցներ:

Եթե փորձենք այս իրավիճակը պռոյեկտել Արցախի վրա, ակնհայտ է դառնում, որ դա գրեթե անհնար է. Բաքուն թույլ չի տալիս իր տարածք մուտք գործել ոչ միայն արցախցիներին, այլև ընդհանրապես հայկական ազգանուն ունեցող որևէ մեկի: Եվ խոսել անվտանգության երաշխավորման եվրոպական մեխանիզմների մասին առավել ևս տեղին չէ: Ի պատասխան անցկացվող ցույցերի՝ Իսպանիան տանկեր չմտցրեց Կատալոնիա, չսկսեց հրթիռակոծել Բարսելոնան կամ չշրջափակեց այն, ինչպես արել էր Ադրբեջանը 1990-ականների սկզբին: Իսպանիան պայքար ծավալեց իրավական դաշտում, ինչը քաղաքակրթական այլ մակարդակի մասին է վկայում: Իսկ Ադրբեջանը նույնիսկ չի ցանկանում մի բանակցային սեղանի շուրջ նստել Արցախի ներկայացուցիչների հետ:

Ինչ վերաբերում է վերջին օրերին Սերբիայում բավական մեծ թափ հավաքող հակասություններին (ցույցերը նվիրված էին ՆԱՏՕ-ի կողմից ռմբակոծության 20-ամյակին), ակնհայտ է, որ բողոքի ակցիաների հիմքում հակամարտությունն է` Կոսովոյի հարցը: Չնայած Կոսովոյի հակամարտությունը կարգավորված է համարվում` Սերբիայի այժմյան ցույցերը խոսում են այն մասին, որ բռնի ուժով լուծված հակամարտությունները խաղաղության և կայունության չեն հանգեցնում:

Սերբիայի ընդդիմությունը պահանջում է նախագահ Ալեքսանդր Վուչիչի և այլ բարձրաստիճան պաշտոնյաների հրաժարականը՝ մեղադրելով գործող իշխանություններին կոռուպցիայի, ընդդիմադիրներին ճնշելու և սոցիալական խնդիրների մեջ: Սակայն ամենակարևորը Կոսովոյի հարցում վերջակետ դնելու անհրաժեշտությունն է: Փորձագետները գրում են, որ Սերբիայում ոչ ոք չի պատրաստվում պաշտոնապես ճանաչել Կոսովոն, սակայն Բելգրադն ուղիներ է փնտրում Պրիշտինայի հետ այնպիսի գործարք կնքելու համար, որը չի նշանակի ուղղակի ճանաչում, բայց պատրանք կստեղծի, որը կբավարարի Բրյուսելի պահանջներին (ելնելով եվրաինտեգրման Վուչիչի խոստումներից): Սերբիայի ԱԳՆ-ն առաջարկում է սահմանափակվել էթնիկության սկզբունքով սահմանների դեմարկացիայով՝ առանց հետագա մանրամասների ճշգրտման: Սերբիայի ընդդիմադիրները դեմ են ցանկացած փոխզիջման: Կոսովոն նույնպես երջանիկ չէ այդպիսի անորոշ լուծումից: Սերբական ԶԼՄ-երում քննադատում են Կոսովոն կիսելու և տարածքներ փոխանակելու տարբերակը, պաշտոնյաներն այդ տարբերակը բացառում են:

Մարտի սկզբին Վուչիչը հայտարարել է. «Մենք չենք կարող ճանաչել Կոսովոն՝ այլ երկրից ոչինչ չստանալով»,- գրում է  Metagazeta-ն: Հարցազրույցի այս հատվածն օպերատիվ կերպով փոփոխվել է սերբական իշխանությունների պահանջով, սակայն այն արդեն իսկ ուշադրություն էր գրավել և հարուցել հանրության դժգոհությունը: Նախագահի ասածից ստացվում էր, որ նա ընդհանուր առմամբ պատրաստ է ճանաչել Կոսովոն, սակայն առևտուր է անում դրա գնի շուրջ:

Սերբիայի հասարակությունը դեռ պատրաստ չէ «մարսել» Կոսովոյի հարցը: Եթե մինչև ապրիլի 13-ը Վուչիչի կառավարությունը հրաժարական չտա, Բելգրադում սպասվում է շատ մեծ ցույց, հազարավոր ցուցարարները խոստանում են մնալ փողոցում: Ինչպես 1998թ-ին եղավ Հայաստանում, Սերբիայում հակամարտությունը կարող է իշխանությունների հրաժարականի պատճառ դառնալ: Եվ ինչպես հերթական անգամ ցույց է տալիս պատմությունը (այս անգամ՝ Կոսովոյի օրինակով), չկարգավորված հակամարտությունը, կամ արտաքին պարտադրանքով ու ուժի կիրառմամբ լուծված հակամարտությունը, կարգավորման պատրանք է ստեղծում, որը միշտապես շարունակում է մնալ որպես կայծ ՝ պահպանելով նոր պայթյունի վտանգը:

Չնայած բազմադարյա քաղաքակրթությանն ու ազգային հարցերի կարգավորման մեծ փորձին՝ այսօրվա Եվրոպան այդպես էլ չի կարողացել ինքնորոշման շուրջ հակամարտությունների խաղաղ և իրավական դաշտում կարգավորման ունիվերսալ ուղիներ գտել: Հյուսիսային Իռլանդիան, Շոտլանդիան, Ֆլանդրիան, Բավարիան, Կատալոնիան, Բասկերի երկիրը, Տիրոլը և այլն՝ սա հրաբուխներ են, որոնք կարող են շատ արագ ժայթքել Եվրոպայի կենտրոնում: Կկարողանա՞ արդյոք մարդկությունն օգտագործել ամբողջ իրավական պոտենցիալն ու քաղաքակրթական առաջընթացը հետագայում արյունահեղ պատերազմներից և բռնություններից խուսափելու համար: Կկարողանա՞ արդյոք վերանայել սահմանների հարցում կարծրացած հայացքները: Կգերադասի՞ արդյոք իրավունքը շահին: Սա հարցեր են, որոնց համար Եվրոպան պետք է անհապաղ պատասխաններ փնտրի: Իսկ մենք, մեր հերթին, կարող ենք նոր կրեատիվ և ունիվերսալ ուղիներ որոնել, որոնք կօգնեն ելքեր գտնել բարդ էթնիկ-իրավական գլուխկոտրուկներից, որոնք պարգևել է մեզ պատմությունը:  


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    26.11.2024
       
    27.11.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: