ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Եվրամիությունը կրկին ժամանակ է տվել Մեծ Բրիտանիային

Եվրամիությունը կրկին ժամանակ է տվել Մեծ Բրիտանիային: Ապրիլի 12-ին Մեծ Բրիտանիան դուրս չի գա Եվրամիությունից, ինչպես որոշված էր մինչ այժմ:

Երեկ Եվրամիության անդամ երկրների ղեկավարները համաձայնել են մինչև հոկտեմբերի 31-ը ժամանակ տալ Մեծ Բրիտանիային՝ Եվրամիությունից դուրս գալու համար: Եթե մինչ այդ բրիտանական խորհրդարանը հավանություն չտա BREXIT-ի համաձայնագրին, տեղի կունենա «կոշտ BREXIT», այսինքն՝ Բրիտանիան դուրս կգա առանց համաձայնագրի:

Սակայն Եվրամիությունը մեկ նախապայման է առաջադրել՝ Միացյալ Թագավորությունը պետք է մասնակցի մայիսի 23-26-ին կայանալիք Եվրախորհրդարանի ընտրություններին և լրացուցիչ խնդիրներ չստեղծի:

Պաշտոնական Լոնդոնը, սակայն, հույս ունի ավելի արագ լուծել այդ հարցն ու լքել Եվրամիությունը հունիսի 1-ին՝ առանց ընտրություններին մասնակցելու: “Համաձայնագրի վավերացումը ժամկետի հետաձգման հիմնական պայմանն է՝ անկախ նրանից, թե դա երբ տեղի կունենա: Եվ եթե մոտակա երեք շաբաթներին մեզ հաջողվի  հասնել համաձայնագրի հաստատմանը, մենք չենք մասնակցի ընտրություններին, և այդ դեպքում կլքենք ԵՄ-ն հունիսի 1-ին”,- հայտարարել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը:

Համաձայնագիրն արդեն չորս անգամ քվեարկության է դրվել Մեծ Բրիտանիայի խորհրդարանում, սակայն միշտ մերժվել է: Դրա հետ մեկտեղ՝ մերժվել է նաև առանց համաձայնագրի Եվրամիությունից դուրս գալու տարբերակը: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Բրյուսելը չի պատրաստվում կրկին բանակցություններ ծավալել և փոփոխել համաձայնագիրը՝ խնդիրը տեղափոխվում է Բրիտանիայի ներքին քաղաքական դաշտ:

Այժմ վարչապետ Մեյը բանակցություններ է անցկացնում ընդդիմադիր լեյբորիստների առաջնորդ Ջերեմի Կորբինի հետ: Հիմնական խնդրահարույց հարցերը՝ Իռալանդիայի Հանրապետության և Հյուսիսային Իռլանդիայի միջև սահմանն է և Եվրամիության Մաքսային միությանը Բրիտանիայի անդամակցութունը: Ընդդիմությունը պահանջում է, որ Մեծ Բրիտանիան պահպանի անդամակցությունը Մաքսային միությանը, սերտորեն համագործակցի ԵՄ միասնական շուկայի հետ, ինչպես նաև երաշխիքներ տրամադրվեն, որ ԵՄ-ում գործող աշխատանքային իրավունքները շարունակեն գործել: Եթե նույնիսկ Մեյը համաձայնի այդ պայմանները ներառել համաձայնագրին կից քաղաքական արձանագրության տեքստում, պահպանողականները չեն կիսում այդ մոտեցումը: Ուստի, չի բացառվում, որ այդ փոփոխություններից հետո էլ չհաջողվի հաստատել համաձայնագիրը՝ այս անգամ պահպանողականների անհամաձայնության պատճառով:

Վարչապետ Մեյը, ինչպես հայտնի է, խոստացել է հրաժարական տալ համաձայնագրի հաստատումից հետո: Սակայն մինչ այդ անելու է ամեն հնարավոր բան հնարավորինս շուտ Բրիտանիայի խորհրդարանի համաձայնությունը ստանալու և գործընթացն իր տրամաբանական ավարտին հասցնելու համար:

Այս ժամկետի երկարաձգումը ևս մեկ հնարավորություն է Բրիտանիայի համար՝ ԵՄ հետ կարգավորված հարաբերություններով Միությունը լքելու համար: Ինչպես երևում է հայտարարություններից և ընդունվող որոշումներից, թե՛ Լոնդոնը, թե՛ Բրյուսելը նախընտրում են հենց այդ տարբերակը՝ համաձայնագրով ապահարզանը, բայց առնվազն այս պահին, այդ հարցում լավատեսության հիմքերը մեծ չեն:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: