ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Պոլսո Հայոց պատրիարքարանը նոր պատրիարքի ընտրության հարցով պաշտոնապես դիմել է Ստամբուլի նահանգապետարան

Պոլսո Հայոց պատրիարքական փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը և կրոնական ժողովի ատենապետ Սահակ եպիսկոպոս Մաշալյանն ապրիլի 30-ին այցելել են Ստամբուլի նահանգապետարան՝ հանդիպելով նահանգապետ Ալի Երլիքայայի հետ:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Պոլսո Հայոց պատրիարքարանից տեղեկացնում են, որ հոգևոր հայրերը գրավոր դիմում են ներկայացրել պատրիարքական ընտրություններ ձեռնարկելու հարցով:

Նահանգապետ Երլիքայան նախ ցավակցություններն է հայտնել Պոլսո Հայոց պատրիարք Մեսրոպ Մութաֆյանի վախճանի կապակցությամբ: «Նա խոստացել է ամենակարճ ժամկետում Անկարայից ապահովել անհրաժեշտ պատասխանը»,- ասվում է պատրիարքարանի հաղորդագրության մեջ:

Համաձայն գործող կարգի՝ պատրիարքարանը համապատասխան դիմում է ներկայացնում Ստամբուլի նահանգապետարան, որն էլ դիմումը փոխանցում է Թուրքիայի ներքին գործերի նախարարությանը, որն էլ իրավասու է թույլատրել Պոլսո Հայոց նոր պատրիարքի ընտրության անցկացումը:

Նախօրեին՝ Պոլսո Հայոց պատրիարքարանի կրոնական ժողովը որոշում էր կայացրել դիմում ներկայացնել Ստամբուլի նահանգապետարան նոր պատրիարքի ընտրություններ անցկացնելու համար: Կրոնական ժողովում տեղի ունեցած գաղտնի քվեարկության արդյունքում որոշվել էր, որ ընտրական գործընթացն իրականացվելու է Պոլսո Հայոց պատրիարքական փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանի ղեկավարությամբ:

Ստամբուլում մարտի 8-ին 62 տարեկանում մահացել էր Պոլսո Հայոց պատրիարք Մեսրոպ արքեպիսկոպոս Մութաֆյանը։ Նա Պոլսո Հայոց պատրիարքի պաշտոնը զբաղեցնում էր 1998 թվականից։ 2008 թվականից Մութաֆյանը դեմենցիա հիվանդության պատճառով գտնվում էր Ստամբուլի Սուրբ Փրկիչ հայկական հիվանդանոցում։ Պատրիարքը անգիտակից վիճակում բժիշկների մշտական խնամքի ներքո էր և չէր կարող իրականացնել իր պարտականությունները, ինչից ելնելով էլ 2010 թվականից պատրիարքական փոխանորդ էր նշանակվել Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը։ Թեպետ տեղի հայկական համայնքը բազմիցս հանդես էր եկել նոր պատրիարք ընտրելու պահանջով, սակայն թուրքական իշխանությունները մշտապես մերժում էին նոր ընտրությունների անցկացումը՝ մեջբերելով 1863 թվականի Ազգային սահմանադրության դրույթն այն մասին, որ նոր պատրիարքի ընտրություն կարող է անցկացվել միայն գործող պատրիարքի մահից հետո։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: