ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Եվրամիությունը Արևելյան գործընկերության ապագան կառուցելու է երազանքների և հույսերի վրա

EU Neighbourhood & Enlargement

Մայիսի 13-14-ին Բրյուսելում ամփոփեցին Արևելյան գործընկերության քաղաքականության 10 տարիները: Եվրամիության բարձրաստիճան պաշտոնյաներն իրենց ելույթներում փորձել են ամփոփել անցած տարիների հիմնական ձեռքբերումներն ու սահմանել զարգացման ուղենիշերը:

Հրապարակվել է 10 հիմնական ձեռքբերում, որոնք վերաբերում են տնտեսական ոլորտին, հանրությունների միջև շփումներին, էներգետիկային և այլն: Քաղաքական հիմնական ձեռքբերումը ԱլԳ վեց երկրից երեքի հետ Ասոցացման համաձայնագրերի ստորագրումն է, Հայաստանի հետ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը, Ադրբեջանի հետ բանակցությունները համաձայանագրի շուրջ և պայմանավորվածությունը Բելառուսի հետ մշակելու համագործակցության առաջնահերթությունները:

Եթե փորձենք առանձնացնել այս միջոցառումների ընթացքում հնչած հիմնական ուղերձները, ապա կնշենք հետևյալը՝

-        Եվրամիությունը ցուցաբերում է տարբերակված մոտեցում գործընկեր երկրներին՝ հիմքում դնելով նրանց նկրտումները,

-        Արևելյան գործընկերությունը որևէ մեկի դեմ ուղղված քաղաքականություն չէ,

-        Արևելյան գործընկերությունը չի ենթադրում աշխարհաքաղաքական ընտրություն և պայքար ազդեցության համար,

-        հետագա շեշտը դրվելու է հասարակությունների, մասնավորապես՝ քաղաքացիական հասարակության և երիտասարդության հետ աշխատանքի վրա: Նախատեսված է մշակել նրանց հետ աշխատանքի և ներգրավման նոր ծրագրեր:

Ընդհանուր առմամբ, դժվար է ասել, թե արդյոք Եվրամիությունը 10 տարի առաջ այսպիսի արդյունքներ էր ակնկալում քաղաքականությունից, թե՝ ոչ: Բայց տարածաշրջանի աշխարհաքաղաքական զարգացումներն ու դերակատարների ազգային շահերը որոշակի խմբագրումներ մտցրեցին՝ հանգեցնելով նրան, ինչ ունենք այսօր:

Այսօր արդեն Եվրամիության խնդիրը ոչ թե Արևալյան գործընկերների հետ միանման համաձայնագրեր ունենալն ու միասնական տեմպերով ու սկզբունքներով առաջ շարժվելն է, այլ տարածաշրջանում իր գործընկերներին չկորցնելու, նրանց հետ համագործակցությունը խորացնելու համար ուղիներ գտնելը: Բանալին տեսել են տարբերակված մոտեցման մեջ, որն ուղղված է բավարարելու գործընկեր երկրների նկրտումները և աջակցելու նրանց իրենց իսկ կողմից սահմանվող նպատակներին հասնելու հարցում: Ինչպես նշվում է ԵՄ Բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինիի անունից տարածված հայտարարության մեջ, «քաղաքականությունը լինելու է կողմերի ընդհանուր սեփականությունը, հիմնվելու է համատեղ պատասխանատվության, ներառականության, տարբերակման և պայմանների բավարարման վրա և կառուցվելու է  ազգային գերակայությունների հենքի վրա»:

Ինչ վերաբերում է ՀՀ-ԵՄ հարաբերություններին, ապա ներկայումս Հայաստանը Եվրամիության կողմից ընկալվում է որպես հռչակված սկզբունքների հաջող կիրառման լավ օրինակ, որը ցույց է տալիս որդեգրած քաղաքականության արդյունավետ լինելը: Ինչպես իր ելույթում նշել է Եվրահանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերը. «Հայաստանի հետ համաձայնագիրը լավագույն ապացույցն է, որ Եվրամիությունը չի պարտադրում վեց գործընկերներին ընտրել մեր և մյուսների միջև»: Իսկ Եվրոպական հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների հարցերով հանձնակատար Յոհաննես Հանն էլ հատուկ ընդգծել է, որ Հայաստանի հետ համաձայնագիրը հենց իր համար է կարված՝ այսինքն բխում է Հայաստանի ձգտումներից և հաշվի է առնում վերջինիս անդամակցությունը ԵԱՏՄ-ին:

Արևելյան գործընկերության քաղաքականության զարգացման ուղղություններն այս պահի դրությամբ ամփոփված են  2017թ. Բրյուսելի գագաթաժողովի ժամանակ ընդունված «20 թիրախային արդյունք 2020 թվականի համար» փաստաթղթում, որը փորձ է սահմանել շոշափելի 20 արդյունք, որոնց պետք է հասնել սահմանված ժամկետում: Հրապարակվել են նաև դրանց կատարման մշտադիտարկման արդյունքները: Դրանց զգալի մասը դեռ կես ճանապարհին է, և այսօր հիմնական խնդիրը դրանք լիարժեք իրագործելն է:

Իսկ քաղաքականության հետագա զարգացումը, ինչպես հայտարարել է Ֆեդերիկա Մոգերինին, պետք է հիմնված լինի կարիքների, ձգտումների, երազանքների և հույսերի վրա:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: