ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Սպասվում են 10-ը անմոռանալի օրեր. Արցախում մեկնարկում են CONIFA European Football Cup 2019-ը

Artsakhpress

Այսօր՝ հունիսի 1-ին, CONIFA Sportsbet.io European Football Cup 2019-ի բացմանը նվիրված Ստեփանակերտում տեղի է ունեցել մամուլի ասուլիս: «Արցախպրես»-ի հաղորդմամբ՝ ասուլիսին պատասխանատուներն անդրադարձել են այս ընթացքում կատարված աշխատանքներին և որոշ մանրամասներ ներկայացրել առաջիկա օրերին սպասվող մշակութային ու մարզական միջոցառումների մասին:

CONIFA-ի նախագահ Պեր-Անդերս Բլինդն իր խոսքում ասել է, որ իրենց համար շատ մեծ պատիվ է լինել Արցախում, քանի որ անչափ տպավորված են արցախցիների ցուցաբերած ջերմ վերաբերմունքից:

«Մենք ներկայացնում ենք 6 մայրցամաքներում ապրող ավելի քան 370 մլն մարդկանց: Մեր կարևորագույն նպատակն է Արցախի գեղեցկությունը ներկայացնել ամբողջ աշխարհին: Եվ մեզ համար շատ կարևոր է ազդեցություն ունենալ մարդկանց վրա և երջանկություն պարգևել նրանց»,- նշել է Պեր-Անդերս Բլինդը:

Իր հերթին CONIFA-ի նախագահ Ալբերտո Ռիսկիոն շնորհակալություն է հայտնել արցախցիներին և CONIFA-ին՝ վերջին ամիսների ընթացքում կատարած ահռելի աշխատանքի համար: Նա հույս է հայտնել, որ բոլորը հնարավորություն կունենան վայելելու մրցաշարը:

CONIFA Sportsbet.io European Football Cup 2019- ի կազմկոﬕտեի նախագահ, ԱՀ պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանն էլ նշել է, որ սպասվում են 10-ը անմոռանալի օրեր, որոնք հագեցած կլինեն մշակութային և մարզական մի շաքր միջոցառումներով:

Նրա խոսքով՝ ավելի քան 50 մշակութային միջոցառում է նախատեսվում: «Արցախում առաջին անգամ է այսպիսի լայնամասշտաբ միջոցառում անցկացվում, և մենք արել ենք ամեն ինչ, որպեսզի իսկական տոն լինի բոլորի համար: Անցած տարի Արցախը հայտ էր ներկայացրել CONIFA-ի կազմկոմիտե, և այդ ժամանակ մենք առաջնորդվել ենք այն կարգախոսով, որ Արցախը ամբողջ աշխարհին ներկայանում է որպես սպորտային, երիտասարդ, խաղաղ, զարգացող և ապագային միտված երկիր: Ուրախ ենք, որ ընտրվել ենք որպես կազմակերպիչ: Մեր նպատակները արտացոլվել են նաև առաջնության կարգախոսում` «Բաց դռներ, ամուր դարպաս», որը խոսում է արցախյան հյուրասիրության և ամուր դարպասների մասին: Ցավոք սրտի, ոչ բոլոր հայտ ներկայացրած թիմերը կարողացան մասնակցել առաջնությանը, և վերջնական ներկայացել են 8 թիմեր»,- ասել է Գ. Մարտիրոսյանը:

Նա նշել է նաև, որ առաջին անգամ Եվրոպայի առաջնությունը անց է կացվում միաժամանակ չորս մարզադաշտերում և վերջին ամիսների ընթացքում զգալի աշխատանքներ են իրականացվել այդ մարզադաշտերը CONIFA-ի պահանջներին համապատասխանեցնելու համար: Շուրջ 13000-140000 հանդիսատես ուրախությամբ կարող է դիտել թիմերի ֆուտբոլային խաղերը: Ընդհանուր առմամբ, հավատարմագրվել են 100-ից ավելի լրատվամիջոցներ, որոնցից կեսը օտարերկրյա են:

Իսկ CONIFA Sportsbet.io European Football Cup 2019 կազմկոմիտեի փոխնախագահ, ԱՀ կրթության, գիտության և սպորտի նախարար Նարինե Աղաբալյանը ասել է, որ մեկնարկում է շատ սպասված միջոցառում:

Նախարարի խոսքով՝ այս ամիսների ընթացքում, նախապատրաստական աշխատանքներ իրականացնելով, բարեկամացել են բոլոր մասնակից թիմերի և CONIFA-ի անդամների հետ:

«Կարծում եմ` CONIFA-ի առաքելությունը հենց դա է, նոր կամուրջներ կառուցել ժողովուրդների և ազգերի միջև: Մենք փորձել ենք անել ամեն ինչ, որպեսզի միջոցառումը անցնի բարեհաջող»,- ավելացրել է Ն. Աղաբալյանը:

Նշենք, որ քիչ անց կտրվի CONIFA Sportsbet.io European Football Cup 2019 առաջնության պաշտոնական մեկնարկը: Տոնական միջոցառումը կուղեկցվի համերգային ծրագրով: Իսկ բացման արարողությունից հետո Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում կհեռարձակվի Չեմպիոնների լիգայի եզրափակիչ խաղը:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: