ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Բորիս Ջոնսոնը դադարեցրել է խորհրդարանի գործունեությունը. Բրիտանիան նոր ճգնաժամի նախաշեմին

Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը մեկ ամսով կասեցրել է խորհրդարանի ստորին պալատի՝ Համայնքների պալատի գործունեությունը: Նա համապատասխան նամակ է հղել խորհրդարանականներին՝ հայտնելով, որ հաջորդ նստաշրջանը կգումարվի հոկտեմբերի 14-ին և որ ինքն այդ մասին տեղյակ է պահել Թագուհուն:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 31-ին Մեծ Բրիտանիան պետք է լքի Եվրամիությունը՝ նոր պայմանագրով, կամ առանց դրա: Խորհրդարանում ընդդիմադիր կուսակցություններն ու անկախ պատգամավորները բանակցություններ են վարում՝ միավորվելու և առանց համաձայնագրի Brexit թույլ չտալու վերաբերյալ: Քննարկվում էր նաև կառավարությանն անվստահություն հայտնելու հարցը:

Ըստ փորձագետների, խորհրդարանն արձակելու այս որոշմամբ Ջոնսոնը փորձում է կանխել ընդդիմադիրների հնարավոր քայլերը, համապատասխան օրինագծերի ընդունումը: Հիշեցնենք, որ Բորիս Ջոնսոնը կոշտ Brexit-ի կողմնակից է և չի բացառում առանց համաձայնագրի ելքը:

Սակայն վերջինս ժխտել է այս մեղադրանքները և խորհրդարանի գործունեությունը կասեցնելու իր որոշումը հիմնավորել է երկրի ներքին օրակարգն առաջ մղելու անհրաժեշտությամբ: «Օրինագծեր են ներկայացվել, որոնք արժանի են քննարկման, բայց երբեմն տպավորություն է ստեղծվում, որ դրանք ուղղված են ժամանակը լցնելուն»,- գրել է Ջոնսոնն իր նամակում՝ խոստանալով հոկտեմբերին մեկնարկող նստաշրջանին ներկայացնել «հավակնոտ ներքին օրենսդրական ծրագիր՝ Brexit-ից հետո երկրի թարմացման համար»:

Նա նաև համոզվածություն է հայտնել, որ ժամանակը կբավարարի՝ բոլոր հարցերի քննարկման համար:

Օրերս Փարիզում ընթացող «Մեծ Յոթնյակի» գագաթաժողովի ժամանակ Բրիտանիայի վարչապետը հայտարարել էր, որ Brexit-ի ներկայիս նախագիծը մահացած է համարում և դրանում ներառված տույժերը, որ պիտի մուծի Բրիտանիան, չեն գործի, եթե նոր համաձայնագիր չկնքվի: Իսկ համաձայնագրի կնքումը ներկայիս տեսքով՝ առանց իռլանդական փափուկ սահմանի դրույթի փոփոխման, նա անհնար է համարում: Ջոնսոնը չի համաձայնվում նաև հետաձգել Brexit-ը:

Չի բացառվում, որ վարչապետի նման քայլը կարող է նոր ներքաղաքական ճգնաժամի հանգեցնել: Արդեն իսկ սկսել են բացասական արձագանքներ հնչել: Ընդդիմադիր լեյբորիստական կուսակցության առաջնորդ Ջերեմի Կորբինը հանդիպում է խնդրել Թագուհու հետ՝ անհամաձայնություն հայտնելով վարչապետի որոշմանը: Իսկ Շոտլանդիայի առաջին նախարար Նիկոլա Ստերջենը թվիթերում գրել է. «Եթե խորհրդարանի անդամները չմիավորվեն նրան կանգնենցնելու համար, սա կմտնի պատմության մեջ որպես բրիտանական ժողովրդավարության սև օր»:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: