ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Պետական եկամուտների ավելացման չհաշվարկված արժեքը

«Մենք շատ համարձակ որոշումների ենք գնալու առաջիկայում՝ սկսած գույքահարկից վերջացրած հարկային մյուս փոփոխություններով»: Նման հայտարարությամբ հանդես եկավ վարչապետ Նիկոլ Փաշինյանը փետրվարին  Հայաստանի Հանրապետությունում հարկային բարեփոխումների հայեցակարգի վերաբերյալ տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ:

Շարունակելով վարչապետի միտքը՝ հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանն այդ ժամանակ նաև խոսեց «համարձակ որոշումների» տրամաբանության մասին: Այն է՝  պետական եկամուտները պետք է ավելանան՝ այնպես և այն տրամաբանությամբ, որ տնտեսությանը զարգանալու հնարավորություն տան, որպեսզի հետագայում ավելի շատ ավելանան:  Բանաձևը հայտնի է՝ «պետական եկամուտները պետք է ավելանան այնպես, որ հետո էլի ավելանան»: Իհարկե ցանկալի է, որ պետական եկամուտներն անդադար ավելանան, սակայն ի՞նչ գործիքակազմով կարելի է դա իրականացնել, արդյո՞ք այսպիսի ցանկությունների արագ իրականացման ճանապարհին բաց չենք թողնում շատ կարևոր գործոններ, արդյո՞ք վերջնարդյունքում կորուստն ավելի մեծ չի լինի, քան ավելացումը:

Գործիքակազմի մասին: Շատ չանցած այդ խորհրդակցությունից Հայաստանի Հանրապետության «բարեփոխումների» օրակարգում հայտնվում են միանգամից երկու խնդրահարույց օրենքի նախագծեր. «Ապօրինի գույքի բռնագանձման մասին» և  «Ֆիզիկական անձանց եկամուտների համընդհանուր հայտարարագրման» մասին օրենքի նախագծերը:  Շատ կարճ անդրադառնանք երկուսին էլ:

«Ապօրինի գույքի բռնագանձման մասին» օրենքի նախագիծը խնդրահարույց է մի քանի կետերով: Առաջինն ու էականն ապօրինի գույքի և դրա սեփականտիրոջ բացահայտման գործընթացին է վերաբերում, որի շրջանակում գործողություններ իրականացնելու իրավունքներն ընդլայնվում են դատախազների շրջանում: Ընդ որում, դատախազն, ում կարող է թվալ, որ գույքն ապօրինի ձեռքբերված է, ունի առաքելություն այդ գույքի սեփականատիրոջը պարտադրելու ներկայացնել սեփական անմեղության մասին ապացույցներ: Ուշադրություն, խոսքն իրավական ընդունված պրակտիայի մասին չէ, երբ որոշակի կասկածների առկայության պարագայում համապատասխան վարույթի շրջանակներում փնտրվում են մեղքն ապացուցող փաստեր, որոնց առկայության կամ չգտնվելու հիման վրա կայացվում է որոշում, այլ անձի՝ սեփական անմեղությունն ապացուցելու մասին է: Այսինքն, ցավալի ու այս նախագծի հաստատման դեպքում նախադեպային է, որ մեր երկրում ներդրվում է անձի կողմից սեփական անմեղությունն ապացուցելու երևույթը:

Հաջորդ, ոչ պակաս խնդրահարույց կետը նախագծի թիրախավորումն է ներկա և նախկին պաշտոնյաների ընտանիքների անդամներին: Չկա հստակեցում՝ ընտանիքի ներքո ում ի նկատի ունեն: Հասկանալի է, որ ինչ-որ պահից, մեզանից յուրաքանչյուրը կարող է փորձել ապացուցել սեփական անմեղությունը՝ հաշվի առնելով մեզ մոտ ընտանիք հասկացության լայնությունը:

Ինչ վերաբերում է «Եկամուտների համընդհանուր հայտարարագրման» մասին օրենքի նախագծին, ապա սա շտապողական քայլ է՝ հաշվի առնելով հասարակության խոցելի շերտերի խնդիրը, որոնք ինչ-ինչ եղանակներով կարողանում են ապրուստի միջոցներ վաստակել: Նրանց եկամուտները հարկելը մի կողմից այդ մարդկանց տեսանկյունից է բավական մեծ խնդիր, մյուս կողմից պետության համար՝ սոցիալական բեռի ավելացման տեսանկյունից, չնայած, որ դրա դիմաց բյուջեի եկամուտներն աճ են գրանցելու:

 Այս իմաստով, որքան էլ ճիշտ է եկամուտները հարկային դաշտ բերելու պետության նպատակը, դրա հասցրած վնասները կարող են շատ ավելի մեծ լինել, եթե նախագիծն ընդունվի առանց երկարաժամկետ , ըստ թիրախային խմբերի ուսումնասիրությունների, փորձնական մինի-ծրագրերի իրականացման: Իսկ պետությունն այդ ճանապարհով կարծես թե չի ուզում շարժվել:

Ճիշտ հակառակը, հատկապես բյուջետային եկամուտներն ավելացնելու հարցում դրսևորվում է շտապողականություն:

Շատ հետաքրքիր է նաև նշված երկու նախագծերի՝ օրակարգում միևնույն ժամանակ հայտնվելու հանգամանքը:  Հասկանալի է, որ գույքի օրինական լինելու կասկածի հիմքում գույքի սեփականատիրոջ հայտարարագրած եկամուտներն են: Իսկ եթե չկա վերջինիս իրականացման օրինական պահանջը, ապա չի լինի նաև գույքի օրինականությունն ապացուցելու նախադրյալը  կամ կլինի սահմանափակ:

Այլ կերպ ասած՝ իշխանության ունեցած լծակներով արվում է ամենն՝ իրացնելու այս հոդվածի սկզբում հիշատակված «պետական եկամուտները պետք է ավելանան այնպես, որ հետո էլի ավելանան» բանաձևը:

Միայն թե խիստ կասկածելի է՝ որն է լինելու պետության համար այդ ավելացման գինը և ավելացումն ումն համար է իրականում: Առնվազն 2019-ի բումային պարգևավճարների նախադեպը ցույց տվեց, որ միշտ չի լինում, որ ավելացումները հանրության լայն շրջանակների համար են: Անգամ հեղափոխությունից հետո….

 

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    23.11.2024
       
    24.11.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: