ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

«Ավրորայի» հերոսների անունները կհայտարարվեն ապրիլի 24-ին առցանց քննարկման ընթացքում

«Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը Հայոց ցեղասպանության հիշատակի օրը կանցկացնի առցանց քննարկում, որը տեղի կունենա 2020 թ. ապրիլի 24-ին, ժամը 19:30-ին՝ հարգելու մեկ դար առաջ նահատակվածների հիշատակը և մեծարելու մերօրյա հերոսներին, այդ թվում և նրանց, ովքեր այսօր աշխարհում պայքարում են կորոնավիրուսի համավարակի դեմ: Միջոցառման ընթացքում կհայտարարվեն նաև 2020 թ. «Ավրորայի» հերոսների անունները: Այս մասին ասված է «Ավրորա» նախաձեռնության հայտարարության մեջ:

Առցանց քննարկման բանախոսներն են Նախաձեռնության համահիմնադիրներ Նուբար Աֆեյանը, Վարդան Գրեգորյանը և Ռուբեն Վարդանյանը, «Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովի նախագահ Լորդ Արա Դարզին, «Խաղաղության տան» (Maison Shalom) հիմնադիր և «Ավրորա» մրցանակի առաջին` 2016 թ. դափնեկիր Մարգարիտ Բարանկիցեն: Քննարկումը տեղի կունենա Futures Studio քննարկումների հարթակում, որը կվարի «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության գործադիր տնօրեն Նիկոլա Ստանիշը:

Ապրիլի 24-ը միշտ էլ առանձնահատուկ է եղել բոլոր հայերի համար, բայց այս տարի այն հատկապես ուշագրավ է, քանի որ լրանում են Հայոց Ցեղասպանության 105-րդ տարելիցը և  Հոլոքոստի 75-րդ տարելիցը, ինչպես նաև «Ավրորայի» 5-ամյակը: Ստեղծման օրից ի վեր «Ավրորան» հավատարիմ է մնացել իր ավանդույթներին. այդ օրը ծաղիկ է խոնարհել Ծիծեռնակաբերդում՝ հարգելով Հայոց ցեղասպանության նահատակների հիշատակը, և մեծարել է մերօրյա հերոսներին ու Մատենադարանում հայտարարել  «Ավրորայի» հերոսների անունները՝ դրանք արձանագրելով «Մատյան մարդասիրաց» տարեգրքում:

Այժմ, երբ կորոնավիրուսային նոր հիվանդության հետևանքով փոխվել է համաշխարհային օրակարգը, մենք չենք կարող սովորականի պես հավաքվել Մատենադարանում և ստիպված ենք փոփոխելու մեր ծրագրերն ու համապատասխանեցնելու ներկա իրավիճակին: Այդուհանդերձ, մենք միասին ենք, և այս առցանց միջոցառումը մեզ հնարավորություն կընձեռի մեծարելու 2020 թ. «Ավրորայի» հերոսներին, ինչպես նաև անդրադառնալու «Ավրորայի» հիմնական գաղափարներին՝ մեր ամուր հավատամքին, որ յուրաքանչյուր ոք արժանի է երկրորդ հնարավորության, և մեր նախնիներին փրկողների հանդեպ ունեցած երախտագիտությունը գործի վերածելու մեր հանձնառությանը:

Որպես Հայոց ցեղասպանությունը վերապրածների ժառանգներ՝ մենք շատերից ավելի լավ ենք գիտակցում, թե մարդիկ այսօր ինչ դժվարությունների միջով են անցնում: Մենք փայփայում ենք անձնական փորձով ձեռք բերված այն իմացությունը, որ գոյապահպանմանը հաջորդում է վերածնունդ, և ձգտում ենք մարդկության մեջ սերմանել այդ հույսը։ Այդպես ենք վարվել անցյալում և կարողանալու ենք այդպես վարվել կրկին՝ միասին։

2020 թ. ապրիլի 24-ի առցանց միջոցառումը բաց է բոլորի համար: Քննարկումը տեղի կունենա անգլերեն՝ հայերեն և ռուսերեն թարգմանությունների ապահովմամբ: Zoom հարթակի հղում ստանալու համար մասնակիցները պետք է գրանցվեն կամ կարող են քննարկումը դիտել ֆեյսբուքյան ուղիղ հեռարձակմամբ: Խնդրում ենք նկատի ունենալ, որ հայերեն կամ ռուսերեն համաժամանակյա թարգմանությունը հասանելի կլինի միայն այն մասնակիցներին, որոնք գրանցվել են Zoom-ի միջոցով: Միացեք առցանց քննարկմանը և օգնեք մեզ սփռելու երախտագիտության ուղերձը: 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: