Զոհրաբ Մնացականյանը չի հերքել Լավրովի խոսքերը
Երեկ Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն արձագանքեց Արցախյան հակամարտության կարգավորման գործընթացի վերաբերյալ ԵԱՀԿ ՄԽ համանախագահող երկիր Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հայտարարությանը: Մնացականյանը վերահաստատեց Հայաստանի դիրքորոշումը, սակայն չհերքեց Լավրովի խոսքերը: Ստորև անդրադառնանք հիմնական դրույթներին ավելի մանրամասն:
Առաջինը. Փաստաթուղթ բանակցային սեղանին
Սերգեյ Լավրովը հայտարարել էր, որ 2019թ. Ապրիլին Մոսկվայում Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի արտգործանախարարների հանդիպման ժամանակ շրջանառության մեջ են դրվել կարգավորման նախագծեր, որոնք այժմ ակտիվ քննարկվում են:
Զոհրաբ Մնացականյանը չհերքեց, որ սեղանին կա նման փաստաթուղթ: «Նշվել է նաև, թե ինչ փաստաթղթի մասին է խոսք գնում այս երկու տարվա ընթացքում»,- ասել է նա: Այսինքն, նախարարը չի հերքում, որ փաստաթուղթ սեղանին կա, քննարկվում է դրա բովանդակությունը: Նա պարզաբանել է՝ «2018 թվականից ի վեր քննարկումները սահմանափակվել են առանձին տարրերի շուրջ կողմերի մոտեցումների քննարկմամբ և գնահատմամբ»:
«2014թ. քննարկված տարբերակն այսօր բանակցային սեղանի փաստաթուղթ չէ»,- ասել է Մնացականյանը: Սա, սակայն, չի նշանակում, որ այսօր սեղանին փաստաթուղթ չկա, այսօրվա փաստաթուղթը 2019թ-ինն է, և նախորդների վրա հղումը տեղին չէ:
Երկրորդը. Փուլային կարգավորում
Ըստ Սերգեյ Լավրովի, սեղանին դրված փաստաթուղթը հիմնված է փուլային կարգավորման վրա: «Այդ փաստաթղթերը ենթադրում են կարգավորման առաջմղում փուլային մոտեցման հիման վրա, ըստ որի առաջին փուլում պետք է լուծվեն առավել արդիական հարցերը, ԼՂ մի շարք շրջանների ազատումը և տրանսպորային, տնտեսական ու այլ հաղորդակցության ուղիների ապաշրջափակումը: Այնպես որ, ես համոզված եմ, որ երբ մենք գանք այդ փաստաթղթերը ստորագրելու որոշմանը՝ դա կարևորագույն քայլ կլինի ՄԱԿ ԱԽ բանաձևերի իրականացման համար, որոնք պահանջում էին դադարեցնել պատերազմը և սկսել պայմանավորվել»,- ասել է նա:
Մնացականյանի այն պնդումը, որ 2018 թվականից ի վեր քննարկումները սահմանափակվել են առանձին տարրերի շուրջ կողմերի մոտեցումների քննարկմամբ և գնահատմամբ որևէ կերպ չի ժխտում այն հանգամանքը, որ կարող է քննարկվել փուլային կարգավորման տարբերակը: Այն նույնպես ենթադրելու է առանձին տարրերի շուրջ բանակցություններ: Այստեղ սկզբունքայինը հայկական կողմերի համար նույնիսկ փուլային կարգավորման պարագայում կարգավիճակի հարցի համար հստակ լուծման ամրագրումն է, ինչն իր խոսքում ընդգծել է նաև Մնացականյանը:
Հայաստանի ԱԳ նախարարը նաև նշում է. «նման մոտեցումներ ի հայտ են եկել 2014թ., 2016 թ., և այդ մոտեցումներն ընդունելի չեն հայկական կողմերի համար»: Սա, սակայն, հստակ և սպառիչ պատասխան չի տալիս այն հարցին, թե արդյոք խոսքը վերաբերում է կարգավորման փուլային տրամաբանությանը, թե Լավրովի խոսքում հիշատակված այն տարրերին, որոնք առանձնացվում են, որպես առաջին փուլի գերակա քայլեր: Հաշվի առնելով, որ դրանից անմիջապես հետո նախարարը շեշտում է, որ 2014թ. քննարկված տարբերակն այսօր բանակցային սեղանի փաստաթուղթ չէ՝ տպավորություն է ստեղծվում, որ խոսքը բովանդակության, ոչ թե սկզբունքի մասին է:
Երրորդը. Ոչ թե զիջումներ, այլ փոխզիջումներ
Սերգեյ Լավրովի ներկայացրած կարգավորման սցենարը հաշվի չի առնում Հայաստանի և Արցախի շահերը, և որ ամենակարևորն է՝ անորոշ է թողնում Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացման հարցը: Եթե Մադրիդյան սկզբունքները, լինելով փաթեթային կարգավորում, որն իր իրագործման մեջ որոշակի քայլերի հերթականություն էր ենթադրում, նախատեսումն էր սկզբից միջանկյալ կարգավիճակ Արցախի համար, իսկ հետո պարտադիր ուժ ունեցող կամատահայտմամբ վերջնական կարգավիճակի սահմանում, ապա այժմ նկարագրվող տարբերակն այդ հարցն ընդհանրապես անպատասխան է թողնում: Ավելին, խոսվում է Ադրբեջանի հետ հաղորդակցության վերականգնման մասին: Այսինքն, ստացվում է, որ Արցախին առաջարկվում է տարածքային զիջումներ անել՝ առանց կարգավիճակի հարցի որոշակիացման:
Այս առումով կարևոր է, որ Զոհրաբ Մնացականյանն իր խոսքում ընդգծել է կարգավիճակի հարցն ու ինքնորոշումը: «Փոխզիջումները պետք է լինեն համաչափ, որի մեջ հայկական կողմերը տեսնում են անվտանգության և կարգավիճակի տարրերի լիարժեք արտահայտություն»,- ասել է նա: Սակայն, նույնիսկ այս ձևակերպումը բավարար չէ, քանի որ տարածքային հարցի շաղկապումն անվտանգության հետ դիմացի կողմին բավական մեծ մանևրելու հնարավորություն է տալիս, օրինակ՝ կարող է առաջարկվել գնալ տարածքային զիջումների անվտանգության միջազգային երաշխիքների դիմաց: Դա մեզ համար անընդունելի մոտեցում է, քանի որ տարածքային զիջումներն ուժեղացնելու են Ադրբեջանի դիրքերը՝ նվազեցնելով կարգավիճակի հարցում զիջումների գնալու մոտիվացիան, իսկ միջազգային երաշխիքները հուսալի չեն: Կորոնավիրուսի համավարակը հերթական անգամ ցույց տվեց, որ կարող է ստեղծվել այնպիսի իրավիճակ, երբ միջազգային առաքելություններն ուղղակի անորոշ ժամանակով անսպասելի հեռանան տարածաշրջանից:
Արձանագրենք, երկու բան: Առաջինը՝ Զոհրաբ Մնացականյանը չի ժխտում տարածքային զիջումների հնարավորությունը, այլ պահանջում է դրանք դիտարկել փոխզիջումների և անվտանգային հարցերի համատեքստում, կարևորում է կարգավիճակի հարցը: Եվ երկրորդ, սա բավարար կոշտ դիրքորոշում չէ՝ Արցախի ինքնորոշման իրավունքի իրացման և Արցախի ժողովրդի անվտագության ապահովման երաշխիքներ ապահովելու համար:
Ամփոփելով կարող ենք արձանագրել, որ Զոհրաբ Մնացականյանն իր ելույթում ոչ թե ժխտել է Սերգեյ Լավրովի խոսքերը, այլ վերահաստատել է դրանց համատեքստում հայկական կողմի մոտեցումներն ու հիմնական պահանջները: Իսկ դրանք ենթադրում են ոչ թե Լավրովի նախագծի չեղարկում, այլ խմբագրում, որի համար հայկական կողմը պետք է պայքար մղի բանակցային գործընթացում: Մինչդեռ, փուլային կարգավորումն ինքնին ոչ շահեկան ու խնդրահարույց է հայկական կողմերի համար և պետք է քայլեր գործադրել այն վիժեցնելու ուղղությամբ, իսկ հայ հանրության արձագանքը պետք է նպաստի դրան:
Ադրբեջանի արձագանքը Մնացականյանի հայտարարությանը ցույց է տալիս, որ Հայաստանի անհամաձայնությունը առաջարկվող սցենարին անհանգստություն է առաջացրել Բաքվում և փորձեր են արվելու մեծացնել Հայաստանի վրա ճնշումները: Եվ Հայաստանից կպահանջվի ավելի հստակ և հիմնավոր, տրամաբանված դիրքորոշում և համանախագահների հետ սերտ աշխատանք՝ իր շահերը պաշտապնելու և առաջ տանելու համար:
այլ նյութեր այս թեմայով
- Ադրբեջանական զինուժը Մարտակերտի շրջանում խախտել է հրադադարը. Արցախի ՊՆ Հայկական կողմում կորուստներ չկան։
- Ի՞նչ արձանագրվեց երեկ Բրյուսելում Փորձ է արվել ցույց տալ, որ կա իրական առաջընթաց, հստակ պայմանավորվածություններ ու պլանավորված քայլեր մոտ ապագայի...
- Ադրբեջանի սադրանքն Արցախի նկատմամբ. քաղաքական ու հոգեբանական ճնշում Ի՞նչ խնդիրներ է փորձում լուծել Ադրբեջանը: Եվ ինչի՞ կարող է հանգեցնել միջազգային հանրության լռությունը:
- Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Շառլ Միշելի հետ Վարչապետը մտահոգություն է հայտնել վերջին շրջանում Ադրբեջանի աճող ագրեսիվ հռետորաբանության և սադրիչ գործելակերպի...
- ԱՄՆ-ն լավատեսություն է արտահայտում Հայաստան-Ադրբեջան երկխոսության հետ կապված Վերջին շաբաթվա զարգացումները ցույց են տալիս, որ ՌԴ-ի և Արևմուտքի մրցակցությունը տարածաշրջանում սեփական դերի մեծացման...
-
16:17
ՀԱՐԳԵԼԻ՛ ԸՆԹԵՐՑՈՂ
-
16:16
Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
-
16:11
Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով նախատեսված չէ. Պեսկով
-
16:10
Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
-
16:00
ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո
-
15:30
Իրանը կողմ է տարածաշրջանի համար շահավետ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն ոչ՝ միջազգային սահմանների փոփոխությանը
-
15:10
Պետք է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից սպառնալիքները կասեցնելու համար. իսպանացի պատգամավորը Գորիսում է
-
14:54
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
-
14:46
Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
-
12:00
Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
-
11:30
Սամվել Շահրամանյանն ու մի խումբ պատասխանատուներ կմնան ԼՂ-ում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
-
11:03
ՄԱԿ-ի առաքելությունը շատ, շատ, շատ օգտակար է Արցախի անապատում. Ժան-Քրիստոֆ Բյուսոն
-
10:43
Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ
-
10:07
Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
-
09:38
Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը. Թադևոսյան
-
20:26
Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է
-
19:54
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
-
15:25
Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ
-
13:16
Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
-
12:25
Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի
օրվա
շաբաթվա
ամսվա
Խոնավություն՝ %
Քամի՝ կմ/ժ