ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ամարաս՝ Արցախի ամենաբարդ ճակատագրի արժանացած վանքը

janarmenia.com

Ամարասն Արցախ աշխարհի բարդ ճակատագրի արժանացած, բայց, միևնույն ժամանակ, այն տոկուն վանքերից մեկն է, որն ամեն անգամ ավերվելուց հետո վերստին վերականգնվել է։

Արցախի տարածքում գտնվող հուշարձանների մեջ առանձակի տեղ զբաղեցնելով՝ Ամարասի վանքն ասոցացվում է Արցախում և Ուտիքում քրիստոնեության տարածման առաջին քայլերի հետ, հայտնում է hushardzan.am-ը:

Համաձայն հայ պատմիչների վկայությունների՝ Ամարասի վանքի եկեղեցին հիմնադրել է Գրիգոր Լուսավորիչը IV դ սկզբին։ Սակայն վանքն առավել հայտնի է դարձել 4-րդ դարի կեսերին, երբ այստեղ է թաղվել Գրիգոր Լուսավորչի թոռը՝ Գրիգորիս եպիսկոպոսը։ Վերջինս նահատակվել է 338թ.-ին քրիստոնեություն տարածելուն ուղղված իր առաքելության ընթացքում: 

Արցախի Հանրապետություն. Ամարաս վանքային համալիր, Գրիգորիսի դամբարան (IV դար)

Ըստ Մովսես Կաղանկատվացու՝ 489 թվականին Աղվանքի Վաչագան Գ Բարեպաշտ թագավորն Ամարասում վերագտնում է Գրիգորիսի գերեզմանի տեղը և վրան մատուռ կառուցում՝ միաժամանակ ավարտին հասցնելով նաև եկեղեցու կառուցման աշխատանքները։ V դարից Ամարասի վանքը դառնում է երկրամասի խոշոր կրոնական կենտրոն և եպիսկոպոսանիստ։

Հատկանշականն այն է, որ 5-րդ դարի սկզբին հայոց գրերի ստեղծող Մեսրոպ Մաշտոցն այստեղ է բերում Այբուբենը և Ամարասում հիմնում Արցախի առաջին հայկական դպրոցը։ 

Վանքը ներփակված է եղել հաստավեմ պարիսպներով, որը վտանգների դեպքում ծառայել է որպես բերդ-ամրոց, որտեղ պատսպարված ժողովուրդը դիմակայում էր թշնամուն։ Այդ պատճառով Ամարասի վանքը բազմիցս ենթարկվել է ավերածության: Այդ պատճառով, երբ հերթական բռնարարը հիմնահատակ կործանում էր գյուղաքաղաքը, որպեսզի վանքն այլևս չվերականգնվի, իր զորքը շարքով կանգնեցնում էր մինչև Երասխի ափը, և զինվորները վանքի քարերն իրար տալով` թափում էին գետը։ Սակայն ամեն անգամ, երբ ասպատակիչները հեռանում էին գավառի սահմաններից, վանքն իր նախկին շուքով վերստին կանգնում էր ավանդական տեղում, հայտնում է findarmenia.org-ը: 

821 թ.-ին վանքն ասպատակել են արաբները, իսկ 1293 թ.-ին այն հայտնվել է թաթար-մոնղոլների արշավանքների թիրախում:  Ըստ  Ստեփանոս Օրբելյանի՝ այդ ժամանակ Բաթու խանը կողոպտել է վանքը և ավարառել Սբ Գրիգորիսի գավազանն ու 36 ակներով ընդելուզված ոսկեձույլ մի խաչ: Հետագայում՝ 1387 թվականին, Ամարասն ավերվել է Լենկթեմուրի արշավանքի հետևանքով:

Amaras Monastery – Artsakh, Armenia | Art-A-Tsolum

XVII դարի 3-րդ քառորդին Գանձասարի Պետրոս կաթողիկոսը նորոգել է վանքը և Հերհեր գյուղում 1667-76 թթ. կառուցել Սբ Գրիգորիս նոր եկեղեցին: XIX դարի 2-րդ քառորդին Արևելյան Հայաստանը Ռուսաստանին միացվելուց հետո Ամարասի վանքը ծառայել է որպես ամրոց, իսկ 1832-47 թթ.` նաև ռուս-պարսկական սահմանի մաքսատուն:

1848 թ.-ին Գանձասարի մետրոպոլիտ Բաղդասարը վանքը հետ է վերցրել ցարական իշխանությունից: Շուշեցիների նյութական օժանդակությամբ 1858 թ.-ին խարխլված եկեղեցու տեղում կառուցվել է նորը, իսկ 1898 թ.-ին շուշեցի ճարտարապետ Միքայել Տեր-Իսրայելյանցը պատրաստել է Գրիգորիսի տապանաքարը: Սակայն, հարկ է նշել, որ նորոգումների ժամանակ վանքի արձանագրությունների մեծ մասը ոչնչացել է։

Խորհրդային կարգերի հաստատումից հետո վանքը լքվել և ամայացել է։ Այն հնարավոր է եղել վերաբացել միայն 1992 թվականին:

Չնայած բազում ասպատակություններին՝ Ամարասի վանքն այսօր ծառայում է որպես Արցախի թեմի գործող վանք։ Ամեն տարի այն իր տեղում խրոխտ կանգնած իր դռներն է բացում հարյուրավոր այցելուների առաջ: 




Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    25.11.2024
       
    26.11.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: