ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ապրիլյանում հերոսացած Ադամ Սահակյանի և Գևորգ Վարդանյանի ծննդյան օրն է

Այսօր ապրիլյան պատերազմի անմահ հերոս, սերժանտ Ադամ Սահակյանի ծննդյան օրն է. նա կդառնար 24 տարեկան։ Ադամը զոհվել է ապրիլի 2-ին՝ Ջրականում (Ջաբրայիլ) ծավալված մարտական գործողությունների ժամանակ։

2016 թվականի  ապրիլի 1-ի առավոտյան բարձրացել էր դիրքեր և նույն օրվա գիշերը՝ ժամը 3։00-ի սահմաններում տեղի էր ունեցել թշնամու հարձակումը։  Թշնամու կողմից դիրքերի՝ 15-20 րոպե տևած ծանր հրետակոծությունից հետո 112 դիրքի («Լալայկա» կոչվող բարձունք) ավագ Ադամ Սահակյանի գլխավորությամբ 7 հոգուց բաղկացած սահմանապահ ուժերն անցնել են շրջանաձև պաշտպանության։ Սերժանտ Ադամ Սահակյանը, իր զինակից ընկերների հետ 5 ժամ շարունակ մարտնչելով թշնամու դեմ, հասցնելով նրան զգալի կորուստներ (200-ից ավելի սպանված հատուկջոկատային), ընկել է հերոսի մահով՝ առավոտյան ժամը 8:00-ի սահմաններում։ Ծավալված թեժ ու անհավասար մարտերի ընթացքում դիրքի անձնակազմը մարտնչել է մինչև վերջին փամփուշտն ու ընկել քաջի մահով, գրում է Panorama-ն:

Ադամն այնքան ճիշտ է կազմակերպել մարտը, որ թշնամին մի քանի ժամ չի կարողացել դիրքը գրավել ու առաջ շարժվել: Թշնամու հանկարծակի հարձակման ժամանակ անձնակազմը չի երկնչել և քայլ անգամ չի նահանջել, ցուցաբերելով խիզախություն ու արիություն` փորձել է բոլոր հնարավոր միջոցներով պաշտպանել և հետ շպրտել հակառակորդին: Ադամն  իր զինակից ընկերներով կոտրելով  թշնամու ողնաշարը՝ կանխել են նրա առաջխաղացումը դեպի երկրի խորքը և տապալել հակառակորդի մշակած՝ կայծակնային պատերազմի միջոցով արագ հաղթանակի հասնելու ծրագիրը:

Ադամ Սահակյանը  ԼՂՀ նախագահի հրամանագրով հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով, ՀՀ նախագահի հրամանագրով՝  «Արիության» մեդալով»:

«Տարբեր տարիքի մարդիկ այցելում են մեզ ու ասում՝ պետք է այնպես ապրեն, որ արժանի լինեն Ադամին: Իհարկե ինձ համար շատ դժվար է, կուզեի, որ հիմա իմ կողքին լիներ, բայց երբ երկար մտածում եմ՝ հասկանում եմ, որ կյանքով լեցուն, կյանքը սիրող, շատերից չտարբերվող, բայց նաև տարբերվող Ադամը ծնվել էր հերոս լինելու համար»,- ավելի վաղ Panorama.am-ի հետ զրույցում ասել էր Ադամի մայրը՝  տիկին Գայանեն:

Այսօր Ապրիլյան պատերազմի մեկ այլ հերոսի՝ Գևորգ Վարդանյանի ծննդյան օրն, է, նա ևս կդառնար 24 տարեկան։ Նա ծնվել է Գյումրիում։ 6 տարեկանում տեղափոխվել է Ռուսաստանի Դաշնության Ալթայի երկրամաս։ 18 տարեկանում վերադարձել է և պարտադիր զինվորական ծառայության անցել Մարտակերտի շրջանի Թալիշ գյուղում, եղել է ապրիլյան պատերազմի հերոս, ավագ լեյտենանտ Հրաչ Գալստյանի դասակից։ 2015 թվականի սեպտեմբերին ադրբեջանական դիվերսիայի ժամանակ Գևորգը գնդակոծության տակից դուրս է բերել վիրավոր ընկերոջը, որի համար արժանացել էր շնորհակալագրի։

2016 թվականի ապրիլի սկզբին արցախա-ադրբեջանական սահմանի Թալիշի ուղղությամբ ծավալված մարտական գործողությունների ժամանակ Գևորգն ընկերների հետ ոչնչացրել է հակառակորդի դիվերսիոն հետխուզական խումբն ու առաջ շարժվելով՝ հետ գրավել թշնամու գրաված չորս դիրքերը։ Դրանից հետո ինքն ու իր հրամանատար Հրաչ Գալստյանը երկուսով հակառակորդի մեկ տանկ են ոչնչացրել, սակայն հայտնվել են հակառակորդի մեկ այլ տանկի նշանառության տակ։ Գևորգն ու Հրաչ Գալստյանը զոհվել են ապրիլի 4-ին  Թալիշում մղած մարտերի ժամանակ։

Գևորգ Վարդանյանը հետմահու պարգևատրվել է Արցախի նախագահի կողմից՝ «Մարտական ծառայություն», իսկ ՀՀ նախագահի կողմից՝ «Արիության» մեդալներով։


 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.11.2024
       
    25.11.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: