ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ասադի վերջին հնարավորությունը

algulf.net

Սիրիան տաս տարի շարունակվող հակամարտության պայմաններում պատրատվում է հերթական նախագահական ընտրություններին. այն զինված հակամարտության պայմաններում երկրորդ է: 2014 թվականին կայացած ընտրություններում նախագահ Բաշար Ասադը հաղթել է ձայների 88.7 տոկոսով:

Այժմ էլ Ասադի հաղթելու հավանականությունը շատ բարձր է՝ չնայած շարունակվող հակամարտությանը և խորացող տնտեսական ճնաժամին:  Վերջին 7 տարիների ընթացքում Ասադը ռուսական և իրանական օժանդակությամբ կարողացավ ամրապնդել իր դիրքերը՝ վերահսկողություն հաստատելով երկրի տարածքի երկու երրորդի  նկատմամբ, որտեղ բնակվում է 12 մլն մարդ (Սիրիայի բնակչությունը՝ 17 մլն): Նշենք, որ ինչպես 2014 թվականին, այս ընտրությունները ևս անցկացվելու են Դամասկոսի վերահսկողության տակ գտնվող տարածքներում միայն: Ինչ վերաբերվում է արտերկրում քվեարկությանը, ապա քվեարկության իրավունք կունենան միայն նրանք, ովքեր գրանցված են դեսպանատներում, իսկ դա, ակնհայտորեն, չի կարող վերաբերել 6 մլն սիրիացի փախստականների մեծ մասին: Ավելին, չի բացառվում, որ որոշ երկրներ կրկին արգելեն իրենց տարածքում գտնվող սիրիական դիվանագիտական ներկայացուցչություններում քվեարկությունը: 

Ասադից բացի, մայիսի 26-ին նշանակված ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացրել 50 թեկնածու, այդ թվում երկրի պատմության մեջ առաջին անգամ նախագահի աթոռի համար պատրաստվում են պայքարել 7 կին և մեկ ազգությամբ քուրդ թեկնածու: Իսկ թե նրանցից ով կհայտվի մրցապայքարում, պարզ կդառնա առաջիկա օրերին. թեկնածության վերջնական հաստատման համար նրանցից յուրաքանչյուրը պետք է ստանա Սիրիայի 250 տեղանոց խորհրդարանի առնվազն 35 պատգամավորի աջակցությունը, ընդ որում՝ պատգամավորները կարող են միայն մեկ թեկնածուի աջակցել: Այսպիսով, նախագահական ընտրություներին կարող է թույլատրվել առավելագույն 7 թեկնածուի մասնակցությունը: Սակայն այդ թեկնածուներից որևէ մեկի մասնակցությունը չի կարող էական ազդեցություն ունենալ ընտրությունների արդյունքների վրա:

Նշենք, որ արտախորհրդարանական ընդդիմությունը բոյկոտել է ընտրությունները: Վերջինիս, ինչպես նաև Արևմուտքի պնդմամբ, դրանք լեգիտիմ չեն: Ասադի ընդդիմախոսների կարծիքով՝ լեգիտիմ կարող են համարվել միայն քաղաքական կարգավորումից հետո ՄԱԿ-ի հովանու ներքո անցկացված ընտրությունները: Սակայն, ինչպես ցույց է տալիս Սիրիայի Սահմանադրական հանձնաժողովի աշխատանքների ընթացքը, այս հարցում կողմերը շատ հեռու են համաձայնության հասնելուց: Ընդդիմությունը նոր Սահմանադրության մշակման տապալման մեջ մեղադրում է իշխանություններին՝ պնդելով, որ նրանք միտումնավոր ձգձգել են գործընթացը առաջիկա ընտրությունները 2012 թվականի սահմանադրությամբ կազմակերպելու համար: Այնինչ ընդդիմության ներսում էլ կան լուրջ տարաձայնություններ. դրանցից գլխավորը վերաբերում է Սահմանադրական հանձնաժողովի աշխատանքներին քրդերի մասնակցությանը: Թուրքիայի ազդեցության տակ գտնվող ընդդիմության ներկայացուցիչները համառորեն պայքարում են դրա դեմ:

2011 թվականին երկրում Ասադի հրաժարականի պահանջով սկսված անկարգությունների ֆոնին սիրիական իշխանությունը 2012 թվականին գնաց սահմանադրական փոփոխությունների՝ երկրում խաղաղ ընդդիմության հետ երկխոսության համար մթնոլորտ ստեղծելու համար: Մասնավորապես, 2012 թվականի սահմանադրությամբ նախագահը կարող է անընդմեջ պաշտոնավարել 7 տարի տևողությամբ միայն 2 ժամկետ(ըստ գործող սահմանադրության՝ ընտրվելու դեպքում Ասադը հաջորդ ընտրություններին չի կարող մասնակցել): Վերացվեց նաև սահմանադրության մեջ Ասադի ղեկավարծ կուսակցության՝ «Բաաս»-ի առաջատար դիրքի մասին հոդվածը:

Սակայն այդ փոփոխությունները ոչ միայն բավարար չեղան երկրում ներքաղաքական ճգնաժամը հաղթահարելու համար, այլ ընդհակառակը, ավելի խորացրեցին այն: Ընդդիմության կարծիքով՝ Սահմանադրության մեջ առկա որոշ հոդվածներ որևէ կերպ չեն ենթադրում ո՛չ նախագահի լիազորությունների կրճատում, ոչ էլ առավել ևս քաղաքական պլյուրալիզմ:

2012 թվականի Սահմանադրության համաձայն՝ նախագահի պաշտոնում կարող է առաջադրվել վերջին 10 տարվա ընթացքում Սիրիայում մշտական բնակություն ունեցող քաղաքացին: Այսպիսով սահմանափակում է տասնամյակներ շարունակ էմիգրացիայի մեջ գտնվող սիրիական ընդդիմության ուղիղ մասնակցությունը երկրի քաղաքական կյանքին: Միևնույն ժամանակ, սահմանադրությունն արգելում է այն կուսակցությունների և խմբերի գործունեությունը, որոնք ձևավորվել են կրոնական, ցեղային, տարածաշրջանային, կամ որևէ խտրական սկզբունքով՝ այսպիսով քաղաքական կյանքից դուրս են թողնվում ինքնավարության համար պայքարող քրդական քաղաքական միավորները, ինչպես նաև սուննի իսլամիստական շրջանակները:

Սիրիական ընդդիմության մեջ բավականին մեծ է «Մուսուլման եղբայրների» ազդեցությունը: Նախորդ դարի 70-ականների վերջին նրանց ղեկավարած իսլամիստական ապստամբությունը ընդդեմ աշխարհիկ «Բաաս» կուսակցության ավարտվեց 1982 թվականին կառավարական զորքերի կողմից Համա քաղաքի գրավմամբ՝ հանգեցնելով հազարավոր զոհերի: Սիրիայում  «Մուսուլման եղբայրների» անդամակցությունը 1980 թվականից քրեական հետապնդման է ենթարկվում: Չնայած դրան՝ այն բավականին մեծ ազդեցություն էր պահպանել Սիրիայում և 2011 թվականի արաբական գարունից առաջ համարվում էր սիրիական իշխանությունների գլխավոր ընդդիմությունը:

Նշենք, որ Սիրիայի բնակչության 74 տոկոսը սուննի մուսուլմաններ են, 10-12 տոկոսն ալավիներ (իսլամի շիա ուղղություն ճյուղերից), 5-6 տոկոսը քրիստոնյաներ, 3 տոկոսը դրուզներ: 1970 թվականին Հաֆեզ Ասադի կողմից իրականացված հերթական ռազմական հեղաշրջումից հետո երկրում շարունակաբար աճել է ալավի փոքրամասնության և մասնավորապես Ասադների ընտանիքի ազդեցությունը: Ասադների իշխանության նկատմամբ հատուկ համակրանք են ունեցել Սիրիայի կրոնական փոքրամասնությունները, այդ թվում նաև հայերը, քանի որ  գործող ռեժիմը դիտվել է Սիրիայի աշխարհիկ պետություն մնալու գրավական: Սիրիայի աշխարհիկությունը կարևորել է նաև սունի բնակչության մի զգալի մասի կողմից: 

Այսօր Բաշար Ասադը սիրիացիների և աշխարհի կողմից ոչ միանշանակ է ընկալվում: Որոշների համար նա պայքարում է Սիրիայի ինքիշխանության և տարածքային ամբողջականության համար, մյուսների համար՝ սեփական ավտորիտար իշխանության: Անկախ ընկալումներից՝ Ասադի վերընտրվելը Սիրիայի և սիրացի ժողովրդի համար նշանակելու է տնտեսական ճգնաժամի խորացում: Արևմուտքը հրաժարվում է հանել Սիրիայի նկատմամբ պատժամիջոցները, ինչպես նաև ակտիվ ներգրավվածություն ունենալ երկրի վերականգնման գործընթացին, իսկ Ռուսաստանն ու Իրանը սեփական ուժերով ի վիճակի չեն լինելու միայնակ դա իրականացնելու:  

Բաշար Ասադն իշխանության եկավ հոր մահից հետո՝ 2000 թվականին, 35 տարեկան հասակում(ըստ սահմանադրության՝ պետք է լիներ 40 տարեկան): Հաֆեզ Ասադը  իշխանությունը պատրաստվում էր փոխանցել ավագ որդուն՝ Բասիլին, սակայն 1994 թվականին տեղի ունեցած ողբերգական ավտովթարը ստիպեց փոխել պլանները: Բաշար Ասադը ստիպված էր թողնել Լոնդոնում ակնաբույժի կարիերան և վերադռանալ Դամասկոս: Բաշարի իշխանության առաջին տարիներին իսկապես վայելում էր ժողովրդի սերը: Նա Սիրիայի քաղաքական դաշտը համեմատաբար ազատականացրեց, ինչը չողջունվեց հոր կողմնակիցների, զինվորականների, ազդեցիկ բարեկամների կողմից, ովքեր վախենում էին կորցնել իշխանությունը: Արդյունքում Սիրիան շարունակում էր բավականին հեռու լինել դասական ընկալմամբ ժողովրդավար լինելուց:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    23.12.2024
       
    24.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: