ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Նուբար փաշա՝ հայ, ով դարձել է Եգիպտոսի առաջին վարչապետը

«Նուբար փաշա - եգիպտացի քաղաքական գործիչ, ծագումով հայ, քրիստոնյա… շատ կրթված մարդ, ազատ խոսում է մի շարք լեզուներով, վերջին շրջանի ամենահմուտ դիվանագետներից է». այսպես է բնութագրվում Եգիպտոսի առաջին վարչապետ Նուբար փաշան Բրոկրաուզի և Եֆրոնի` 1980 թվականի հանրագիտարանային բառարանում:

Նուբար Նուբարյանը ծնվել է Իզմիրում 1825 թվականին: Նրա հայրը` Մկրտիչ Նուբարյանը, Դավիթ Բեկի զինակից զորահրամանատար Նուբարի ժառանգներից էր, իսկ մայրը` Մուհամմեդ Ալիի նախարար և անձնական քարտուղար Պողոս բեյ-Յուսուֆյանի հարազատ քույրը:

Նուբար Նուբարյանը փայլուն կրթություն է ստացել Շվեյցարիայի և Ֆրանսիայի հեղինակավոր ուսումնական հաստատություններում, իսկ Եգիպտոս վերադառնալուց հետո 1845 թվականին նշանակվել է Եգիպտոսի կուսակալ Աբբաս փաշայի անձնական քարտուղար:

1850-ականներին Նուբար Նուբարյանը Եգիպտոսի առաջատար պետական և քաղաքական գործիչների շարքում էր, գրում է Armenia.im-ը: Օրինակ, 1850 թվականին երկրի այն ժամանակվա կառավարիչ Աբբաս I փաշան Նուբարին Լոնդոն է ուղարկել` պաշտպանելու Եգիպտոսի և Մուհամմեդ Ալիի ընտանիքի իրավունքները թուրքական սուլթանի պահանջներից: Նուբարը հաջողությամբ կատարել է հանձնարարությունը, ինչի համար արժանացել է Նուբար բեյ կոչվելու պատվին:

Անվիճելի է Նուբարի ավանդը Միջերկրական և Կարմիր ծովերը միավորող Սուեզի ջրանցքի կառուցման գործում: 1866 թվականին նա ուղևորվում է Կ. Պոլիս, որտեղ նրան հաջողվում է Օսմանյան կայսրության սուլթանին համոզել ոչ միայն համաձայնություն տալ ջրանցքի կառուցմանը, այլև դրա համար հատկացնել այն ժամանակվա չափանիշներով առասպելական գումար: Նուբար բեյի ջանքերից բավարարված` այն ժամանակվա Եգիպտոսի կառավարիչ Իսմայիլ փաշան հանձնարարում է նրան իր ձեռքը վերցնել Սուեզի ջրանցքի աշխատանքների ավարտը: Ջրանցքի շինարարները բախվել էին ահռելի տեխնիկական դժվարությունների… Նուբար բեյը մեկնեց Փարիզ հարթելու Եգիպտոսի և ֆրանսիական Canal Company-ի միջև առաջացած վիճելի հարցերը: Փարիզից վերադառնալուց հետո Նուբար բեյը նշանակվեց հասարակական աշխատանքների նախարարի պաշտոնում և արժանացավ փաշա տիտղոսի: Կարճ ժամանակ անց նա դարձավ Եգիպտոսի արտաքին գործերի նախարար:

Նրա կարիերայի գագաթնակետը դարձավ 1878 թվականին Եգիպտոսի վարչապետ նշանակվելը, առաջինն՝ այդ երկրի պատմության մեջ: Այս պաշտոնը նա զբաղեցրել է երեք անգամ` 1878 օգոստոսից 1879 թվականի փետրվար, 1884 թվականի հունվարից 1888 թվականի հունիս, 1894 թվականի ապրիլից 1895 թվականի նոյեմբեր: Այդ շրջանի նրա նշանակալի ձեռքբերումներից է հնացած դատական համակարգի բարեփոխումները:

Եգիպտոսի և Սուեզի ջրանցքի շրջանի բրիտանացի գլխավոր վերահսկիչ Իվլին Բերինգը` Կրոումերի 1-ին կոմսը, այդ տարիներին գրել է. «Նուբար փաշան ժամանակակից եգիպտացի քաղաքական գործիչներից ամենահետաքրքիրն է: Ինտելեկտուալ տեսանկյունից նա մի գլուխ բարձր է իր մրցակիցներից»:

Նուբար փաշան զբաղել է ինչպես Եգիպտոսի հայ համայնքի, այնպես էլ ամբողջ հայկական սփյուռքի ճակատագրով: Կազմակերպել է Թուրքիայից Եգիպտոս ժամանած հայ գաղթականների օգնությունը, գումար է հատկացրել պարբերականների հրատարակության համար, հիմնել է դպրոցներ, կազմակերպել է թարգմանություններ, հայ մատենագիրների ֆրանսերեն թարգմանությունների տպագրություն և այլն: 1878 թվականին Նուբարը կազմել և Բեռլինի կոնգրեսին է ուղարկել թուրքերի լծի տակ գտնվող հայերի վիճակը բարելավելու իր ծրագիրը, որը, սակայն, չի ներկայացվել կոնգրեսին: Նուբար փաշայի հայանպաստ գործունեությունը շարունակել է որդին՝ Պողոս Նուբար փաշան, ով Հայկական բարեգործական ընդհանուր միության հիմնադիրներից է:

Նուբար փաշան մահացել է 1899 թվականի հունվարի 14-ին Փարիզում: Նրա մարմինը հողին է հանձնվել Կահիրեի Հելիոպոլիս արվարձանի հայկական գերեզմանոցում:

Եգիպտոսի հանդեպ Նուբար փաշայի մատուցած ծառայություններն արժևորվել են բարձր պարգևներով, պատվավոր կոչումներով: Նուբար փաշայի անունն է կրում Կահիրեի կենտրոնական փողոցներից մեկը: Եգիպտոսի հյուսիսում գտնվող քաղաքներից մեկն անվանակոչվել է նրա պատվին՝ Նոր Նուբարիա: Նուբար փաշայի արձանը տեղադրված է Ալեքսանդրիայի Օպերայի ազգային թատրոնի մոտ:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    23.11.2024
       
    24.11.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: