ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ՄԻՊ-ը Կապան համայնքի ՏԻՄ ընտրությունների վերաբերյալ բազմաթիվ ահազանգեր է ստացել

Արձանագրված են Սյունիքի մարզի Կապան համայնքում տեղի ունեցող ՏԻՄ ընտրությունների հետ կապված ինչպես Պաշտպանին հասցեագրված, այնպես էլ հրապարակային ահազանգեր: Այս մասին հայտարարություն է  տարածել ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը:

«ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը, ընտրական իրավունքի պաշտպանության սահմանադրական իր կարգավիճակին համապատասխան, իրականացնում է ՀՀ-ում տեղի ունեցող տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների դիտարկում:

Մասնավորապես, Մարդու իրավունքների պաշտպանին գրավոր բողոքներ են հասցեագրել «Չաարատ Կապան» ՓԲ ընկերության մի քանի աշխատակիցներ այն մասին, որ իրենք ընդգրկված են «Շանթ դաշինք» ազգայնական կուսակցության ավագանու թեկնածուների ցանկում: Ըստ բողոքների՝ այդ մասին տեղեկանալուց անմիջապես հետո ընկերության ղեկավարությունը իրենցից պահանջել է կա՛մ հրաժարվել ավագանու թեկնածությունից և դուրս գալ կուսակցության ցուցակից, կա՛մ սեփական դիմումով ազատվել աշխատանքից: Ըստ նշված քաղաքացիների՝ ընկերության ղեկավարությունն ապօրինի միջամտում է իրենց քաղաքական իրավունքներին, պահանջում է դրանցից հրաժարվել՝ աշխատանքային իրավունքների խախտման սպառնալիքով:

Համաձայն Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ ներկայացված ահազանգերի՝ նշված ՓԲ ընկերության նկատմամբ ճնշումներ են գործադրում հանրային իշխանության առանձին մարմիններ ու պաշտոնյաներ՝ իրենց առաջադրած թեկնածուի օգտին բարենպաստ պայմաններ ապահովելու նպատակով:

Հաշվի առնելով, որ նշված կոնկրետ բողոքները վերաբերում են մասնավոր կազմակերպության՝ օրենքի պահանջի հիման վրա դրանք Մարդու իրավունքների պաշտպանը փոխանցել է ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի քննարկմանը՝ բողոքներին ընթացք տալու և արդյունքների վերաբերյալ տեղեկություններ ստանալու հարցադրումով:

Ըստ ահազանգերից մեկի՝ «Շանթ դաշինք» ազգայնական կուսակցության ավագանու անդամների ցուցակից դուրս գալու կամ աշխատանքից ազատվելու պահանջ է ներկայացվել Կապանի հաշվապահական հաշվառման գրասենյակի աշխատակցի: Ըստ ահազանգի տվյալների՝ նշված աշխատակիցը, իր դիմումի համաձայն, կազատվի աշխատանքից:

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմն արձանագրել է սոցիալական ցանցերում և մի շարք լրատվամիջոցներում տարածված քաղաքացու ահազանգ այն մասին, որ Կապանի գործող համայնքապետի՝ «Շանթ դաշինք»-ի Կապան համայնքի ղեկավարի թեկնածուի կողմնակիցները եկել են իրենց տուն և հորդորել ընտրել գործող համայնքապետին: Քաղաքացին գրառմամբ գործող համայնքապետից պահանջել է իր նկատմամբ ճնշումներ չգործադրել: Այս տվյալների կապակցությամբ գրություն կհասցեագրվի քրեական հետապնդման մարմիններին:

Պաշտպանի աշխատակազմը ստացել է ահազանգ այն մասին, որ քրեական վարույթի շրջանակում մի քանի օր առաջ խուզարկությամբ առգրավվել են «Սյունիքի մարզային տարածաշրջանային պետական քոլեջ» ՊՈԱԿ-ին պատկանող գույքը՝ համակարգիչներ և փաստաթղթեր:

Ըստ ահազանգի տվյալների՝ դա արվել է՝ նպատակ ունենալով հասնել քոլեջի տնօրենի հեռացման, քանի որ նա Կապան համայնքի ղեկավարի տեղակալի մայրն է, իսկ համայնքի ղեկավարի նշված տեղակալն ընդգրկված է «Շանթ դաշինք» ազգայնական կուսակցության ավագանու անդամների ցուցակում:

 Ըստ մեկ այլ ահազանգի՝ Կապան համայնքի գործող ղեկավարին՝ «Շանթ դաշինք»-ի Կապան համայնքի ղեկավարի թեկնածուին աջակցողներին պատկանող մի շարք խանութներում հենց ընտրական գործընթացի մեկնարկից անմիջապես հետո իրականացվում են նպատակային ստուգումներ հարկային մարմիների կողմից, այդ թվում՝ 1 դեպքում կիրառվել է տուգանք ՀԴՄ կտրոն չտրամադրելու հետ կապված:

Մարդու իրավունքների պաշտպանը հարկ է համարում հատուկ նշել, որ անթույլատրելի է որևէ տեսակի իրավախախտում, այդ թվում՝ պետք է պարտադիր լինի ՀԴՄ կտրոնների տրամադրումը գործարարների կողմից, սակայն հատուկ շեշտվում է, որ Մարդու իրավունքների պաշտպանի կողմից հրապարակվող ահազանգերը վերաբերում են հարկային մարմինների գործողություններին՝ կապված հենց ընտրական գործընթացի հետ:

Հարցի հետ կապված՝ Մարդու իրավունքների պաշտպանի գրությամբ պարզաբանումներ կպահանջվեն Պետական եկամուտների կոմիտեից:

Ըստ մի շարք ահազանգերի՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության տարբեր աջակիցներ հետևում են համայնքի գործող ղեկավարի օգտին գրառումներ անող քաղաքացիների սոցիալական ցանցերի էջերին, և դրական գրառումների ու անգամ որևէ դրական գրառում հավանելու դեպքում՝ նկատողություններ են արվում, պահանջներ են ներկայացվում, որ գրառումները ջնջվեն կամ հավանումները հանվեն:

Պաշտպանի աշխատակազմ մի շարք ահազանգեր են հասցեագրվել այն մասին, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նեկայացուցիչները ճնշումներ են գործադրում համայնքի մի շարք դպրոցների նկատմամբ՝ պահանջելով կամ հորդորելով տնօրեններին, որպեսզի վերջիններս իրենց աշխատակիցներին ուղղորդեն ՏԻՄ ընտրությունների ժամանակ քվեարկել կուսակցության առաջադրած թեկնածուի օգտին: Ըստ ահազանգի՝ դպրոցի մի շարք աշխատակիցների ներկայացվել են աշխատանքից ազատելու սպառնալիքներ:

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը, հրապարակելով նշված ահազանգերի բովանդակությունը, տեղեկացնում է, որ հնարավոր բոլոր դեպքերում դրանք կուղարկվեն իրավասու մարմինների ստուգմանը:

Ահազանգերը գրությամբ կուղարկվեն նաև Կենտրոնական ընտրական հանձնաժողով:

Անհրաժեշտ ենք համարում տեղեկացնել, որ քաղաքացու ընտրական իրավունքը, այդ թվում՝ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ժամանակ 18 տարին լրացած յուրաքանչյուր քաղաքացու ընտրելու և ընտրվելու իրավունքը երաշխավորված են ՀՀ Սահմանադրության 2-րդ գլխով՝ 48-րդ հոդվածով: Հետևաբար, դա կազմում է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի կարգավիճակի անբաժան մասը:

Պաշտպանը շարունակում է ընտրական գործընթացի դիտարկումը, ինչպես դա արվում է՝ կապված ցանկացած ընտրության հետ»:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: