ԵՐԵՎԱՆ 27 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 448.18 դրամ +0,18 EUR - 479.46 դրամ +0,46 RUB - 6.83 դրամ +0,83 GBP - 564.26 դրամ +0,26
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Հայաստանը՝ «Շարժայի ժառանգության օրեր» մշակութային փառատոնի պատվավոր հյուր

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի՝ Արաբական Միացյալ Էմիրություններ աշխատանքային այցի շրջանակում նախագահի տիկինը՝ Նունե Սարգսյանը, և հայկական պատվիրակության անդամներն այցելել են Շարժայի ժառանգության ինստիտուտ, հանդիպում ունեցել ինստիտուտի տնօրեն Աբդուլազիզ ալ-Մուսալլամի և «Շարժայի ժառանգության օրեր» մշակութային փառատոնի կազմակերպիչների հետ։

Հայաստանն այս տարի, որպես պատվավոր հյուր, մասնակցելու է Շարժայի ժառանգության ինստիտուտի կողմից անցկացվող ամենամյա հեղինակավոր այս փառատոնին՝ բացառիկ հնարավորություն ունենալով ներկայացնելու մեր երկրի և ժողովրդի մշակութային ժառանգությունը։

«Շարժայի մշակութային ժառանգության օրեր» փառատոնն անցկացվում է 2003 թվականից։ Այն համարվում է ամենահայտնի մշակութային միջոցառումներից մեկը և կազմակերպվում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի՝ Համաշխարհային ժառանգության օրերի շրջանակում։ Ամեն տարի որևէ երկիր հրավիրում է որպես պատվավոր հյուր, և փառատոնի առանցքում լինում են հենց այդ երկրի ժառանգությունը, արհեստն ու արվեստը, մշակույթն ու ավանդույթները։ Փառատոնին հայկական տաղավարը ներկայանալու է տիկին Նունե Սարգսյանի հովանու ներքո։

Շարժայի ժառանգության ինստիտուտի տնօրեն Աբդուլազիզ ալ-Մուսալլամի հետ հանդիպմանը տիկին Նունե Սարգսյանը շնորհակալություն է հայտնել՝ Հայաստանին որպես փառատոնի պատվավոր հյուր հրավիրելու համար։ «Մեզ համար մեծ պատիվ է այս գեղեցիկ երկրում և այս հեղինակավոր փառատոնին պատվավոր հյուր լինել։ Մենք մեծապես գնահատում ենք մեր բարեկամությունն ԱՄԷ-ի հետ և հույս ունենք, որ սա մեր երկրների միջև այլ մշակութային ծրագրի մեկնարկ կլինի,- ասել է Նունե Սարգսյանը։ -Մենք պետք է աշխարհին ևս մեկ անգամ ցույց տանք, որ Հայաստանն այն գեղեցիկ երկիրն է, ուր արժե այցելել։ Կարծում ենք, հաջորդ քայլը պետք է լինի արաբական մշակույթի օրերի անցկացումը Հայաստանում»։

Տիկին Նունե Սարգսյանը նշել է, որ ցուցահանդեսը կարող է շրջել նաև արաբական այլ երկրներում և ներկայացնել ոչ միայն Հայաստանի և հայ ժողովրդի արվեստն ու ավանդույթները, այլև՝ մշակութային և գիտակրթական ինստիտուտները, ինչպես, օրինակ՝ Մատենադարանը, պատմության, ժամանակակից արվեստի թանգարանները։

Տիկին Նունե Սարգսյանը Հայաստանի մասնակցությունը փառատոնին կարևորել է նաև զբոսաշրջության զարգացման տեսանկյունից և նշել, որ հետաքրքրությունը Հայաստանի նկատմամբ, ինչպես նաև առավել քաջատեղյակությունը մեր երկրի մասին կարող է խթանել զբոսաշրջիկների հոսքը դեպի Հայաստան:

Աբդուլազիզ ալ-Մուսալլամը գոհունակությամբ է նշել, որ այս տարի հենց բարեկամ Հայաստանն է լինելու փառատոնի պատվավոր հյուրը. «Հայերն ու արաբները պատմական բարեկամական հարաբերություններ ունեն, և մենք միշտ վստահությամբ ենք վերաբերվում հատկապես հայկական մշակույթին, ավանդույթներին, ապրանքներին։ Մշակութային համագործակցության շրջանակում մենք սկսել ենք այս բանակցությունները հայկական կողմի հետ և ներկայացրել ենք Հայաստանը՝ որպես պատվավոր հյուր,- ասել է նա։ -Շարժայի ղեկավարությունը հյուրընկալում է Հայաստանը՝ նրա բոլոր մշակութային ուղղություններով, ժառանգությամբ։

Հայաստանի տաղավարը ցուցադրության կենտրոնական հատվածում է, և մեր ցանկությունն է, որ այն լինի մի փոքր կտոր Հայաստանից: Կարծում ենք՝ այն շատ գրավիչ կլինի, քանի որ բոլորը ցանկանում են տեսնել հայկական ժառանգությունը և պատմությունը, գրավիչ կլինի արաբների և 200 տարբեր ազգերի ներկայացուցիչների համար, որոնք ապրում են ԱՄԷ-ում»։

Հանդիպմանը հայկական և էմիրաթական կողմի ներկայացուցիչները մասնավորապես քննարկել են փառատոնին Հայաստանի մասնակցության նախապատրաստական ընթացքի, ներկայացվելիք ոլորտների հետ կապված կազմակերպչական հարցեր։

 

 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան
Ամպամած
Խոնավություն՝ 13%
Քամի՝ 0,51 կմ/ժ
27 C°
 
29°  15° 
29.05.2022
29°  15° 
30.05.2022
Հարցում

Կկարողանա՞ն արդյոք Ռուսաստանն ու Ուկրաինան մոտ ապագայում ճանապարհ հարթել դեպի խաղաղություն: