ԵՐԵՎԱՆ 27 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 448.18 դրամ +0,18 EUR - 479.46 դրամ +0,46 RUB - 6.83 դրամ +0,83 GBP - 564.26 դրամ +0,26
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Եթե լինի ծայրահեղ անհրաժեշտություն, ես բոլոր փաստաթղթերը կհրապարակեմ. Սերժ Սարգսյան

«Ամբողջ խնդիրը նրանում է, որ, այո, Կազանում փաստաթուղթ չընդունեցինք: Այնտեղ պետք է հռչակագիր լիներ, այսինքն՝ առանց ստորագրությունների հայտարարվեր, քանի որ հիմնական փաստաթուղթը պետք է լիներ միջպետական պայմանագիրը` համապարփակ պայմանագիրը Լեռնային Ղարաբաղի խնդրի խաղաղ լուծման, որն ամեն ինչ ներառելու էր»,- ԼՂ հիմնախնդրի բանակցային գործընթացի վերաբերյալ հարցազրույցում ասաց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը, փոխանցում է Panorama.am-ը:

Հեռուստամեկնաբանի դիտարկմանը՝ դա խաղաղության պայմանագի՞րն էր լինելու, երկու կողմերի միջև կնքվա՞ծ, նա պատասխանեց. «Դա Արցախի խնդրի խաղաղ կերպով լուծելու պայմանագիր էր: Այո: Ընդ որում, Լեռնային Ղարաբաղի ներկայացուցչի մասնակցությամբ: Շատ հստակ գրված էր»։

Նա նշեց, որ Լեռնային Ղարաբաղի ներկայացիչը մասնակցելու էր պայմանագրի շուրջ բանկցությունները սկսելուց. «Անպայման պետք է մասնակցեր:

Այդ դրվագը բոլոր փաստաթղթերում եղել է, այդ թվում՝ նաև այս մարդու կողմից աղետ համարվող փաստաթղթում: Այդ փաստաթղթերը, իհարկե, ես հիմա դժվարանում եմ հրապարակել, ես երբեք չեմ էլ խոստացել հրապարակել: Այո, որոշակի ոչ հրապարակային խոսակցություններում ես ասել եմ, որ խոսում եմ, բանակցում եմ համանախագահների հետ թույլատվություն ստանալու ինչ-որ չափով հրապարակելու»:

Հեռուստամեկնաբանը նշեց, որ Փաշինյանը 2020 թվականի հունվարին Կապանում հրապարակել է այդ փաստաթուղթը, ՀՀ երրորդ նախագահն ասաց. «Ոչ, ինքը հրապարակել է մեկ այլ փաստաթուղթ, և ինքը ոչ թե Կապանում է հրապարակել, այլ իրենք արտահոսք են տվել, կայքերից մեկում դա տպվել է, ու Կապանում նա դա ընթերցել է: Այդ փաստաթուղթը, ավելի ճիշտ այդ առաջարկությունը, ներկայացվել է կողմերին ոչ թե 2016 թվականին, այլ 2018 թվականին, եթե չեմ սխալվում հունվարին, թե փետրվարին: Այսինքն՝ նույնիսկ եթե սա խոսում է ինչ-որ աղետի մասին, նույնիսկ, ապա նոր առաջարկություն է եղել»։

Հեռուստամեկնաբանի դիտարկմանը, որ խոսքը Կրակովում 2018 թվականին արտգործնախարարների հանդիպման մասին է, Սերժ Սարգսյանն ասաց. «Այո, հենց դրա մասին է: Ինչի համար, իհարկե, իրենք կշտամբանք ստացան, որովհետև պետք էր պահպանել կոնֆիդենցիալությունը, դա բանակցող կողմերի պարտավորությունն է:

Եվ հենց այդ է պատճառը, երբ որ ինքն ասում է՝ դե եթե փաստաթղթեր կան թող հրապարակեն, ես չեմ ուզում, որպեսզի համանախագահները կարծիքը փոխեն մեր մասին, կշտամբեն մեզ, ասեն՝ ինչո՞ւ եք հրապարակել»:

Հարցին՝ դե հիմա բանակցողը Դուք չեք, պարոն նախագահ, միգուցե և այդ գայթակղությունը Ձեզ թո՞ւյլ տայիք, ՀՀ երրորդ նախագահն ասաց. «Բայց ես բանակցող չեմ, բայց ես եղել եմ բանակցող, չէ՞: Ես եղել եմ այդ մարդկանց համար գործընկեր. ընդ որում, վստահելի գործընկեր: Բայց արժե, արդյո՞ք, հիմա գնալ դրան և հրապարակել:

Այո, ես իմ ձեռքի տակ ունեմ բոլոր փաստաթղթերը, համանախագահների բոլոր առաջարկությունները, բայց առանց իրենց հետ համաձայնեցնելու՝ ես դա կոռեկտ չեմ համարում հրապարակելը: Եթե լինի ծայրահեղ անհրաժեշտություն, ես դա կանեմ: Բայց քանի որ ինքն ունի դրա փորձը, ես կառաջարկեի, որ ինքը հրապարակեր»:

Սերժ Սարգսյանը նաև ընդգծեց. «Ես ուզում եմ, որպեսզի հստակ լինի: Նախ, չէր կարող լինել փաստաթուղթ, որը ամբողջապես բխեր Հայաստանի շահերից: Հայաստանի շահերից կբխեր, որ այդ ամբողջ անվտանգության գոտու տարածքները, չգիտեմ՝ դեռ մի բան էլ ավելի, Հայաստանինը լինեին: Այսինքն՝ այդպես չի կարելի ձևակերպել:

Ձևակերպումը հետևյալն է, որ եթե այդ առաջարկությունները կողմերն ընդունեին և լիներ ՄԱԿ-ի անվտնգության խորհրդի բանաձև, որին նախորդելու էին, ինչպես ասացի, մեր և Ադրբեջանի հռչակագիրն ու համանախագահների հայտարարությունները, ապա դա մեզ հնարավորություն էր տալու խնդիրը լուծել խաղաղ ճանապարհով` չանցնելով մեզ համար մշտական կարմիր գծերը»:
Եվ ուզում եմ երկրորդ բանն էլ ասել: Ուզում եմ շատ հստակ ասել, թեև Կազանում չի ստորագրվել կամ չի ընդունվել այդ հռչակագիրը: Դա վերջին փաստաթուղթն էր, որ կոչվում էր աշխատանքային փաստաթուղթ, իսկ ես ասել եմ ու էլի կրկնեմ, որ աշխատանքային է կոչվում այն փաստաթուղթը, որը կողմերի համար ընդունվում է որպես քննարկման համար հիմք, տևական ժամանակ բանակցվում է և հետո կա՛մ ստորագրվում է, կա՛մ չի ստորագրվում և գնում է ԵԱՀԿ դեպոզիտարիա: Դա եղել է վերջինը: Սա մի հանգամանք:

Երկրորդ՝ Կազանյան բանակցություններից հետո, Կազանյան փաստաթղթերից հետո չի եղել որևէ փաստաթուղթ, որևէ առաջարկություն համանախագահների կողմից, որ այս թե այն կերպով հիմնականում պաշտպանված չլինեն հիմնական այն դրույթները, որոնք եղել են Կազանյան փաստաթղթում, որովհետև Կազանյան փաստաթուղթը ծնունդ է Մադրիդյան սկզբունքների:

Իհարկե, որոշ հարցերում ճշտված, ուղղված և այլն: Չի եղել այդպիսի փաստաթուղթ: Այդ թվում այդ երեք փաստաթղթերի փաթեթը չի դարձել աշխատանքային փաստաթուղթ և չի գնացել ԵԱՀԿ դեպոզիտարիա, որովհետև Ադրբեջանը չի ընդունել դրանք: Թեև ես այդպես պաշտպանում եմ, մենք էլ համաձայնություն չենք տվել: Այսինքն՝ դեմ չենք եղել և համաձայնություն չենք տվել: Եվ, ընդհանրապես, Կազանից հետո մենք որևէ փաստաթղթի համաձայնություն չենք տվել և կարծիք էլ չենք հայտնել: Մենք ասել ենք հետևյալը՝ քանի որ ձեր կողմից հավանության արժանացած Կազանյան փաստաթուղթը մենք պատրաստ էինք ստորագրելու, ապա եթե ինչ-որ փոփոխություններ ունեք, խնդրում ենք, համաձայնեցրեք Ադրբեջանի հետ, և եթե ադրբեջանցիները համաձայնեն ձեր որոշակի փոփոխություններով այդ առաջարկություններն ընդունել որպես հիմք, մենք այն ժամանակ կպատասխանենք։

Բայց ամեն անգամ Ադրբեջանը հրաժարվել է այդ առաջարկություններն ընդունել որպես հիմք»:

Հեռուստամեկնաբանի դիտարկմանը, որ սկզբունքներն ու տարրերը գիտենք, բայց Նիկոլ Փաշինյանն ասում է, որ մեկնաբանությունները խիստ տարբեր են. «Այսինքն՝ մի բան է ասում Երևանը, մի բան է ասում Բաքուն: Միգուցե դա՞ է եղել պատճառը, որ նա պաշտոնապես, ամենաբարձր մակարդակով կասկածի տակ է դրել Մադրիդյան սկզբունքների կիրառականությունն առհասարակ: Միգուցե արժե՞ր գնալ այդ քայլին և ցույց տալ, որ Երևանը չի կարող բանակցել սկզբունքների շուրջ, որոնք Բաքվում տրամագծորեն այլ ձևով են մեկնաբանում», Սերժ Սարգսյանն ասաց. «Բայց կա՞ր մեկը, ով հավատում էր, որ հայկական կողմի և ադրբեջանական կողմի կարծիքները պետք է համընկնեն: Այսինքն՝ ինքն այդպե՞ս էր մտածում: Եվ հենց այս ելույթը վկայում է այն մասին, որ գոնե առնվազն մինչ այս ելույթն այս մարդը չէր տիրապետում, չէր հասկանում թե ինչ է կատարվում, որովհետև բանակցությունների գնում ես ոչ թե, այսպես ասեմ՝ կա՛մ բանակցողներից, կա՛մ միջնորդներից բացատրություններ պահանջես, այլ բանակցությունների գնում ես քո տեսլականն իրականացնելու. ինչ ես դու ուզում այդ բանակցություններից` դա պետք է ասես, և ոչ թե պետք է գնաս ասես, որ ձեր առաջարկածն այս ի՞նչ է:

Առաջարկածը շատ հստակ է` ասում էին, որ խնդիրը պետք է լուծվի փոխզիջումների հիման վրա, որ Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզը պետք է կարգավիճակ ստանա` չի կարող լինել Ադրբեջանի կազմում, այսինքն, կներեք, ես չեմ ասում չի կարող լինել,  այդպիսի բան իրենք չեն ասել, բայց դա ենթադրվում էր, որ եթե հանրաքվե էր լինելու, ակնհայտ էր, որ որոշումն ինչպիսին պետք է լիներ: Ասում էր, որ այդ խնդիրն ուժային կերպով չի կարելի լուծել և ասում էր, որ գալու ենք խաղաղապահներով և այլն մինչև հասունանաք, մինչև հանրաքվե: Շատ պարզ էր: Այլևս ի՞նչ բացատրության կարիք կար: Ի՞նչ պետք է բացատրվեր: Այսինքն՝ ես գնացել եմ Կազան, որպեսզի բացատրություններ պահանջեմ Ալիևից: Ես գնացել եմ Կազան, որպեսզի համանախագահներին հարցնեմ՝ այս ի՞նչ է ընդհանրապես ձեր առաջարկածը: Ո՞նց կարելի է այդպիսի մոտեցում ցուցաբերել: Ո՞նց էլի: Ես չեմ հասկանում:

Մի տեսակ էլ՝ ոնց որ «մուննաթ» է գալիս համանախագահների վրա. այս ի՞նչ եք առաջարկել, է՞. եթե մի բան էլ մեզ ձեռնտու չի, նոր բան առաջարկեք»:

 

 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան
Ամպամած
Խոնավություն՝ 13%
Քամի՝ 0,51 կմ/ժ
27 C°
 
29°  15° 
29.05.2022
29°  15° 
30.05.2022
Հարցում

Կկարողանա՞ն արդյոք Ռուսաստանն ու Ուկրաինան մոտ ապագայում ճանապարհ հարթել դեպի խաղաղություն: