ԵՐԵՎԱՆ 20 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Էրդողանը փորձում է դիվիդենտներ քաղել իսրայելական գազի միջոցով

asianews.it

Անկարայում կայացավ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Իսրայելի նախագահ Իսահակ Հերցոգի հանդիպումը: 15 տարվա ընթացքում սա Իսրայելի առաջնորդի առաջին այցն էր Թուրքիա: Վերջին անգամ Իսրայելի նախագահի այց այդ երկիր տեղի էր ունեցել 2007 թվականին:

Թուրքիայի նախագահն այն «պատմական» է որակել և նշել, որ այդ այցը շրջադարձային նոր կետ կդառնա երկու երկրների հարաբերություններում։ Նրա խոսքով՝ Թուրքիայի և Իսրայելի ընդհանուր նպատակն է «վերակենդանացնել» քաղաքական երկխոսությունը, որը հիմնված կլինի «ընդհանուր շահերի և փոխադարձ հարգանքի վրա»։ Իսկ Հերցոգի խոսքով՝ այն պայմաններում, երբ «միջազգային կարգը սասանվում է», կարևոր է տարածաշրջանի երկրների միջև կայունության և գործընկերության հաստատումը։

Իսկ այդ գործընկերության հաստատումը կողմերը տեսնում են հատկապես էներգետիկ ոլորտում համագործակցություն ծավալելու մեջ: Մասնավորապես խոսքը վերաբերվում է իսրայելական գազի մատակարարմանը դեպի Եվրոպա: Ընդամենը վերջերս էր Էրդողանը հայտարարել, որ Թուրքիան ու Իսրայելը կարող են միասին աշխատել այդ ուղղությամբ, ինչը բավականին հետաքրքիր երանգավորում է ստանում հատկապես ուկրաինական ճգնաժամի ֆոնին։

Նախ նշենք, որ Իսրայելի նկատմամբ Անկարայի վերաբերմունքի փոփոխությունը տեղի է ունեցել Ռուսաստան-Ուկրաինա պատերազմի սկսվելուց դեռ ավելի վաղ, մասնավորապես անցած տարի:  Էրդողանն Իսրայելից բացի երկխոսություն սկսեց նաև Եգիպտոսի և ԱՄԷ-ի հետ։ Այդ երկրների հետ հարաբերություններում առկա հռետորաբանության մեղմացմանը Թուրքիան դիմեց մի կողմից երկրում տնտեսական ճգնաժամի, մյուս կողմից իր ազդեցությունը տարածելու նպատակով կեղծ «խաղարարի» համբավ ձեռք բերելու համար: Ավելին, Իսրայելի հետ ավելի լավ հարաբերությունների հաստատումն Անկարային ներկայումս առավել քան անհրաժեշտ է, քանի որ Ռուսաստանը տարածաշրջանում դառնում է էլ ավելի, այսպես ասած, ինքնավստահ պետություն: Իսկ ուկրաինական ճգնաժամի հետևանքով Անկարայի համար բավականին բարդ իրավիճակ է ստեղծվել. վերջինս փորձում է հավասարակշռել ՆԱՏՕ-ին իր անդամակցությունը՝ փորձելով մի կողմից չհայտնվել Արևմուտքի ծիրում, մյուս կողմից չավելացնել կախվածությունը Ռուսաստանից: Բանն այն է, որ Թուրքիան հիմնականում կախված է Ռուսաստանի և Իրանի էներգակիրներից: Ուստի Թուրքիան ցանկանում է Իսրայելի գազի պաշարները օգտագործել մի կողմից ներքին օգտագործման համար՝ տնտեսական ճգնաժամը մեղմելու համար, մյուս կողմից արտահանել Եվրոպա՝ հաստատելու համար էներգետիկ կենտրոնի իր կարգավիճակը։ Բացի այդ, Էրդողանն իսրայելական գազից կարող է դիվիդենտներ քաղել հատկապես առաջիկա ընտրությունների նախաշեմին:

Ուկրաինական իրադարձությունների լույսի ներքո այս հարաբերությունների նոր իմաստ ստանալը կապված է նաև այն բանի հետ, որ ներկայումս Եվրոպական միությունը ՌԴ-ի կողմից էնեգակիրների թանկացման պատճառներով ցանկանում է ռուսական գազի այլընտրանքներ փնտրել Մերձավոր Արևելքում և Հյուսիսային Աֆրիկայում։ Պատերազմի սկսվելուն պես Եվրահանձնակատար Կադրի Սիմսոնը դիմեց Իսրայելի էներգետիկայի նախարարությանը հարցով, թե արդյոք իր երկիրը պատրա՞ստ է օգնել եվրոպական երկրներին ռուսական գազից իրենց կախվածությունը կրճատելու հարցում: Իսրայելի իշխանություններն, ըստ որոշ աղբյուրների, արդեն իսկ քննարկում են այդ ծրագիրը կյանքի կոչելու հարցերը:  Իսկ իսրայելական գազը Եվրոպա հասցնելու ամենաարդյունավետ ուղին հիմնականում Թուրքիայի տարածքն է դիտարկվում։ Այս մասին հրապարակային իր ելույթներում բազմիցս ակնարկել է նաև Էրդողանը: Նրա կողմից հանդիպման ընթացքում նշված արտահայտությունը՝ «ընդհանուր շահերի վրա հիմնված քաղաքական երկխոսություն  վերակենդանացնելու» մասին, առաջին հերթին վերաբերվում էր հենց այս ծրագիրը կյանքի կոչելուն: Փաստացի Էրդողանը մի կողմից փորձում է ներկայիս իրողություններով պայմանավորված իր ազդեցությունն էլ ավելի մեծացնել տարածաշրջանում, մյուս կողմից ցանկանում է թուլացնել երկրի տնտեսական ճգնաժամը:

Սակայն, ոչ միայն… ինչպես երևում է, վերջին զարգացումներով պայմանավորված` ներկայումս աշխարհում լուրջ աշխարհաքաղաքական վերադասավորումներ են տեղի ունենում, և երկրների միջև դիրքորոշումների հստակեցման նոր փուլ է ընթանում: Դրանից անմասն չի մնում նաև Իսրայելը և պատահական չէ, որ նրա այցը տեղի ունեցավ հենց այդպիսի փոփոխությունների ընթացքում: 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 43%
    Քամի՝ 4,12 կմ/ժ
    20 C°
     
    29°  16° 
    28.04.2024
    30°  17° 
    29.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: