ԵՐԵՎԱՆ 10 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Լեռնային Ղարաբաղից ՊԲ-ի դուրսբերումը նշանակում է Արցախի հայերի դուրսբերում. Փաշինյան

«Եվ ի դեպ, այն որ Ադրբեջանը որդեգրել և իրականացնում է «Լեռնային Ղարաբաղն առանց հայերի» քաղաքականություն, հիմնավորվում է նաև նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության կամայական մեկնաբանություններով»,-կառավարության այսօրվա նիստի մեկնարկին հայտարարեց Նիկոլ Փաշինյանը և որպես օրինակ բերեց Ադրբեջանի շարունակական պնդումները, թե նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունով արձանագրվել է Պաշտպանության բանակը Լեռնային Ղարաբաղից դուրս բերելու պարտավորություն, փոխանցում է Panorama.am:

Նշելով, որ այն կամայական մեկնաբանություն է՝ Փաշինյանը փաստեց, որ նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ հստակ նշված է, թե որտեղից պետք է դուրս գան հայկական ստորաբաժանումները և որտեղ պետք է մնան:

Նրա խոսքով՝ հենց Ադրբեջանի նախագահի ավելի վաղ արած հայտարարություններն են վկայում այն մասին, որ Ադրբեջանի առաջ քաշած այս դրույթը մտածածին է:

«2021 թվականի նոյեմբերի 26-ին Ռուսաստանի Դաշնության նախագահի միջնորդությամբ տեղի ունեցած մեր եռակողմ հանդիպմանը նա ինքն է հրապարակային հայտարարել, թե 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության բոլոր դրույթները գործնականում իրագործված են, բացառությամբ կոմունիկացիաների բացման կետի»,-հայտնեց գործադիրի ղեկավարը և ընդգծեց, որ մինչև օրս ամբողջությամբ իրականացված չէ նաև ռազմագերիներին, պատանդներին այլ պահվող անձանց վերադարձնելու մասին դրույթը, ինչի շուրջ աշխատանքները շարունակվում են:

Փաշինյանի խոսքով՝ Լեռնային Ղարաբաղից ՊԲ-ի դուրսբերումը նշանակում է Արցախի Հանրապետության հայերի դուրսբերում, և այդ պահանջն է ձևակերպում Ադրբեջանը:

«Սրանով է նաև հիմնավորվում, Արցախի հայկական ամեն ինչից, այդ թվում հազարամյա եկեղեցիներից, խաչքարերից, գրառումներից ազատելու Ադրբեջանի քաղաքականությունը: Եվ Փառուխի իրադարձություններն են հիմնավորում, որ Լեռնային Ղարաբաղի հայությունը պաշտպանվելու կարիք ունի, այլապես կդառնա ցեղասպանության զոհ,-հայտնեց նա:

Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ նախկինում հայկական կողմը առաջարկել էր լուծումներ, որոնք կնվազեցնեին, կամ կբացառեին նման կոնֆլիկտային իրավիճակը և կլուծեն ռազմականացված շփման գծի հարցը հենց Փառուխում:

«Առաջարկի էությունը հետևյալն է՝ արձանագրել, ֆիքսել շփման գիծը Լեռնային Ղարաբաղում, արձանագրել կողմերի պարտավորությունը՝ չհատել այդ շփման գիծը, շփման գծի երկայնքով հանել բոլոր մարտական հենակետերը, ստեղծել դեմիլիտարիզացված գոտի և պայմանավորվածությունների կատարումը ամրացնել կոնկրետ երաշխիքներով»,-հայտնեց նա և տեղեկացրեց, որ այդ առաջարկությունը չի ընդունվել:

Ըստ Փաշինյանի՝  Փառուխի ճգնաժամը ծագել է պայմանավորվածությունների խախտման արդյունքում, տարածաշրջանում լարվող իրադրությունը թուլացնելու համար ձեռք էր բերվել պայմանավորվածություն՝ Փառուխ-Խրամորթ հատվածից մի շարք դիրքեր հայելային կերպով հանելու վերաբերյալ և այս պայմանավորվածությունը պիտի երաշխավորեր ՌԴ խաղաղապահ զորախումբը:

Նրա խոսքով ՝ հայկական մի քանի դիրքեր ետ են քաշվել, Ռուսաստանի խաղաղապահները տեղակայվել են նշված հատվածում, սակայն նրանց աչքի առաջ ադրբեջանցիները ներխուժել են խաղաղապահների պատասխանատվության գոտի:

«Մենք ցավով ենք արձանագրում սա և այն, որ չնայած Ռուսաստանի Դաշնության Պաշտպանության նախարարության, ԱՄՆ, Ֆրանսիայի, ՄԱԿ-ի հստակ հայտարարություններին, ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումների ներխուժումը Լեռնային Ղարաբաղում Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտի այսօրվա դրությամբ շարունակվում է»,-հայտարարեց գործադիրի ղեկավարը և հավելեց.-«Մենք ակնկալում ենք, որ Լեռնային Ղարաբաղում ՌԴ խաղաղապահ զորախումբը կոնկրետ քայլեր կձեռնարկի ադրբեջանական ստորաբաժանումների դուրսբերումը խաղաղապահների պատասխանատվության գոտուց ապահովելու և 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ արձանագրված ստատուս քվոն վերականգնելու համար»:

Նա շեշտեց, որ հայկական կողմը ակնկալում է նաև, որ ներխուժման ընթացքում և դրանից հետո խաղաղապահ զորախմբի ներկայացուցիչների գործողությունները, որոնց մասին նշեց, կամ հնարավոր անգործությունը, արժանանան պատշաճ քննության:

«Եկեք չմոռանանք նաև, որ այս իրադարձություններից առաջ Խրամորթ գյուղի ուղղությամբ Ադրբեջանի զինված ուժերը 10 օր շարունակ ականանետային կրակ էին բացում: Լեռնային Ղարաբաղի մի շարք գյուղերում հրաձգային զենքերով կրակում էին և կրակում են բնակելի տների և գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնող տրակտորների ուղղությամբ: Նման դեպքեր են արձանագրվել Նոր շեն, Ամարաս, Թաղավարտ գյուղերի ուղղությամբ, իսկ 2021 թվականի հոկտեմբերի 9-ին Մարտակերտում գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնող տրակտորիստ է սպանվել՝ տրակտորի ղեկին, ադրբեջանցի դիպուկահարի կողմից՝ խաղաղապահների ներկայությամբ»,-ասաց Փաշինյանը և ընդգծեց, որ այդ գործողությունների ակնհայտ նպատակը Արցախի հայության էթնիկ զտումների քաղաքականությունը ավարտին հասցնելն է:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 43%
    Քամի՝ 1,03 կմ/ժ
    10 C°
     
    21°  10° 
    30.03.2024
    19°   
    31.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: