ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Թուրք-ամերիկյան համատեղ ռազմավարական մեխանիզմ. «սառույցը» հալչո՞ւմ է

AA/Getty Images

Թուրքիան և ԱՄՆ-ն համատեղ ռազմավարական մեխանիզմ են գործարկել՝ ուղղված երկու երկրների միջև երկկողմ համագործակցության հետագա ընդլայնմանը։ ԱՄՆ փոխպետքարտուղար Վիկտորիա Նուլանդի խոսքով նոր մեխանիզմը թույլ է տալու թուրք և ամերիկացի պաշտոնյաներին խոսել բոլոր հարցերի մասին՝ առևտրից մինչև մարդու իրավունքներ և քաղաքացիական հասարակություն, կամ տարածաշրջանային խնդիրներ՝ Սիրիայից մինչև Ուկրաինա։ Այն իր մեջ ներառելու է երկու կողմերին հուզող թեմաներ՝ ներառյալ տնտեսական և պաշտպանական համագործակցությունը, ահաբեկչության դեմ պայքարը: Բացի այդ, այս մեխանիզմով նախատեսվելու է նաև նախարարների և անգամ նախագահների  մակարդակով հանդիպումներ, ինչը Թուրքիայի համար կարևոր է հատկապես այն բանից հետո, երբ ՆԱՏՕ-ի գագաթաժողովի շրջանակներում ձախողվեց Էրդողանի և Բայդենի դեմ առ դեմ հանդիպումը՝ չնայած նրան, որ Թուրքիայից հայտարարվել էր այդպիսի հանդիպման հնարավորության մասին: Ի դեպ նշենք, որ ռազմավարական մեխանիզմ ստեղծելու Թուրքիա-ԱՄՆ հայտարարությունից անմիջապես հետո տեղեկատվություն տարածվեց, որ Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն  ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հրավերով մայիսին կայցելի Միացյալ Նահանգներ՝ ԱԳ նախարարների մակարդակով հանդիպմանը մասնակցելու համար: 

Նշենք, որ թուրք-ամերիկյան հարաբերություններում առկա կնճռոտ հարցերը լուծելու նպատակով համատեղ կառույց ստեղծելու նախաձեռնությունը նոր չէ: Մեխանիզմը կյանքի է կոչվել 2021թ. հոկտեմբերին Հռոմում Ջո Բայդենի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի ստանձնած պարտավորության համաձայն: Ուշագրավը, սակայն, այստեղ այն է, որ այս մեխանիզմը գործարկելու մասին կողմերը հայտարարում են Ուկրաինայի իրադարձությունների ֆոնին, հատկապես այն բանից հետո, երբ Թուրքիան անում է ամեն հնարավորն իր միջնորդական առաքելությունն էլ ավելի  ակտիվացնելու Ռուսաստան-Ուկրաինա բանակցությունների գործընթացում:

Կարելի է ասել, որ Ուկրաինայում տիրող իրավիճակից օգտվելով Էրդողանին, կարծես թե, ինչ-որ չափով արդեն իսկ  հաջողվում է դիվիդենտներ քաղել և Արևմուտքի աչքում վերականգնել Թուրքիայի դերն ու նշանակությունը: Ստանձնելով «խաղաղարարի» դերը՝ Անկարան փորձում է մեծացնել իր միջազգային ազդեցությունը և այն օգտագործել որպես գործիք իր՝ ծրագրերն իրականություն դարձնելու համար, որն, ի դեպ, ինչ-որ չափով ձեռնտու է նաև ԱՄՆ-ի համար:

Միացյալ Նահագները և ՆԱՏՕ-ն՝ առանձին վերցրած,  մեկ անգամ չէ, որ ողջունել են Թուրքիայի միջնորդական դերն այդ գործընթացում:  ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հրապարակայնորեն երախտագիտություն է հայտնել Թուրքիային՝ Ստամբուլում բանակցությունները կազմակերպելու համար։ Ամերիկյան լրատվամիջոցներն, իրենց հերթին, վկայակոչելով Սպիտակ տան իրենց աղբյուրները, նշել են, որ «ԱՄՆ վարչակազմը դրական է դիտարկում Թուրքիայի խաղաղապահ նախաձեռնությունները՝ դրանք համարելով ավելի արդյունավետ, քան Ֆրանսիայի և Գերմանիայի փորձերը»։ Բացի այդ, Թուրքիա-ԱՄՆ վերջին համատեղ հայտարարությունում նույնպես նշվում է, որ «Միացյալ Նահանգները ողջունում է Թուրքիայի ջանքերը` նպաստելու պատերազմին վերջ տալու արդարացի, բանակցային դիվանագիտական ​​լուծմանը»: Հատկանշական է նաև այն, որ ընդամենը նախօրեին տեղեկատվություն տարածվեց, որ ԱՄՆ Պետդեպարտամենտն աջակցել է Թուրքիային F-16 ինքնաթիռների մատակարարման պայմանագրին։ ԱՄՆ վարչակազմի կողմից Կոնգրեսին ուղարկված նամակում նշվում է, որ Թուրքիան, որպես ՆԱՏՕ-ում երկրորդ մեծ բանակ ունեցող երկիր, գործում է համահունչ Դաշինքի երկրների հետ: Ըստ այդ նամակի՝ «Թուրքիան աջակցում է Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը և պաշտպանական ոլորտում Կիևի հետ համագործակցությանը, ինչը կարևոր զսպող գործոն է տարածաշրջանում»: Զսպող գործոն տարածաշրջանում…

Հարց է առաջանում, թե ինչով է պայմանավորված  Միացյալ Նահանգների այսպիսի «ջերմ» վերաբերմունքն ուղղված Թուրքիային…Բանն այն է, որ Ուկրաինայում տեղի ունեցողի ֆոնին ԱՄՆ-ն  էլ ավելի մեծ թափով է վարում Ռուսաստանը զսպելու քաղաքականություն, և չնայած Թուրքիայի հետ առկա տարաձայնություններին՝ այդ երկիրն այս տարածաշրջանում եղել և մնում է ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի համար գործիք Ռուսաստանի դեմ իրենց ծրագրերն իրականություն դարձնելու համար: Թուրքիան ներկայումս առավել քան երբևէ է անհրաժեշտ ԱՄՆ-ին՝ այս տարածաշրջանում որպես զսպող գործոն հանդես գալու տեսանկյունից:  Առավել քան երբևէ ներկայումս ԱՄՆ-ն էլ իր հերթին է անհրաժեշտ Թուրքիային: Հարաբերություններում նոր մեխանիզմ գործարկելով, որը ընդգրկում է նաև տնտեսական ոլորտում համագործակցություն, էական նշանակություն ունի Թուրքիայի համար երկրում տիրող տնտեսական իրավիճակը մեղմելու համար, ինչը հատկապես կարևոր է 2023թ.-ին Թուրքիայում կայանալիք նախագահական ընտրությունների ֆոնին:

Մեխանիզմի գործարկումը, անշուշտ, հարաբերությունների ավելի կառուցողական դարաշրջանի նախերգանքն է, սակայն, հարկավոր է նշել, որ դրա գործարկումը դեռ չի նշանակում, որ ԱՄՆ-ն չեղարկելու է բոլոր պատժամիջոցները Թուրքիայի նկատմամբ կամ երկու երկրների հարաբերություններում առկա խնդիրները լուծվելու են սեղմ ժամկետներում: Դրա համար Թուրքիայից պահանջվելու է շոշափելի զիջումների գնալ՝ հատկապես ռուսական Ս-400 համակարգերի հարցում:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    28.12.2024
       
    29.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: