ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Արա Դարզի. լորդերի պալատի միակ հայը

Բրիտանիայի ազնվականությունը փակ ակումբ է, որտեղ գրեթե անհնար է «սողոսկել փողոցից»: Այնուամենայնիվ, աշխարհի առաջատար վիրաբույժներից մեկին` Արա Դարզիին, հաջողվեց դառնալ Մեծ Բրիտանիայի լորդերի պալատի առաջին հայը:

Երբ խոսքը վերաբերում է վիրահատություններում ռոբոտների կիրառմանը, ապա առաջինը տալիս են բրիտանացի բժիշկ, լորդ Արա Դարզիի անունը: Այս մասին գրում է Armmuseum.ru- ն: Նշենք, որ նրա իրական անունը Արա Վարդգեսի Թերզյան է:

Արա Դարզին ծնվել է 1960 թ. Բաղդադում` Եղեռնից փրկված հայերի ընտանիքում։ Նրա արմատները սերում են Էրզրումից: Վիրաբույժի հայրը հասարակ ատաղձագործ էր, մայրը` մանկաբույժ: 17 տարեկան հասակում որոշում է կայացրել տեղափոխվել Դուբլին. երազում էր լավ բժշկական կրթություն ունենալու մասին։ Նա սովորել է Վիրաբուժության թագավորական քոլեջում, ապա գիտական աստիճան է ստացել Դուբլինի համալսարանի Թրինիթի քոլեջում, որը համարվում է Իռլանդիայի ամենահին և ամենահեղինակավոր ուսումնական հաստատությունը: 

Հենց Դուբլինում է նա ձեռք բերել իր կեղծանունը: «Արա» անունը նման է Իռլանդիայում տարածված «Դարա» անվանը, իսկ ազգանունը` «Դարզի» համընկնում է իռլանդական «Դարսի» ազգանվան հետ: «Այսպես ինձ սկսեցին անվանել «գաղտնի իռլանդացի» Դարա Դարզի»:

14 տարի Դուբլինում ապրելուց հետո` 1990 թ.-ին, Դարզին տեղափոխվել է Մեծ Բրիտանիա: Այստեղ էլ նա սկսել է վիրաբույժի իր կարիերան, ինչը որոշ ժամանակ անց նրան հասցրել է Քաղցկեղի հետազոտման կենտրոնի ղեկավարի պաշտոնին։ 2002թ. ունեցած վաստակի համար Եղիսաբեթ II թագուհին Դարզիին շնորհել է Բրիտանական Թագավորության ասպետի կոչում: Այդպես է նա դարձել Մեծ Բրիտանիայի Լորդերի պալատի անդամ։

Ինչպես գրում է Auroraprize.com-ը, մի օր, երբ Դարզին Լորդերի պալատում ելույթ էր ունենում, նրա հակառակորդներից մեկը` լորդ Բրեննան, սրտի կաթված է ստացել: Դոկտոր Դարզին փրկել է նրան հենց պալատի հատակին`սրտանոթային վերակենդանացում, արհեստական շնչառություն իրականցնելով և դեֆիբրիլյատոր կիրառելով: Դարզին կարողացել է «ուշքի բերել» իր գործընկերոջը: Ինչպես ինքը՝ բժիշկն է հետագայում պատմել, մինչ նա վերակենդանացմամբ էր զբաղված, Պալատի մեկ այլ անդամ՝ Յորքի արքեպիսկոպոս Ջոն Սենտամուն, աղոթել է Բրեննանի փրկության համար: Երբ լորդ Բրեննանը ուշքի է եկել, Դարզին հոգևորականին ասել է. «Կարծում եմ, ես Ձեզ անցա», իսկ Սենտամուն պատասխանել է. «Կարծում եմ, սա մեր միասնական հաղթանակն է»:

2007թ. Մեծ Բրիտանիայի վարչապետ Գորդոն Բրաունը վիրաբույժին նշանակել է Բրիտանիայի առողջապահության փոխնախարար: Նա դարձել է առաջին հայը Բրիտանիայի ողջ պատմության ընթացքում, ով բրիտանական կառավարության կազմում էր։ 2 տարի փոխնախարարի պաշտոնում նրան հաջողվել է շատ հեղափոխական փոփոխություններ իրականացնել առողջապահության ոլորտում: 2009թ. Դարզին հրաժարական է տվել, որից հետո վերադարձել իր կլինիկական ու գիտական աշխատանքներին: Նույն 2009 թ. լորդ Դարզին դառնում է Նորին Գերազանցություն Եղիսաբեթ II-ի Գաղտնի խորհրդի անդամ: Նա նաև պատվավոր պաշտոններ է զբաղեցրել Մեծ Բրիտանիայի գրեթե բոլոր նշանավոր բժշկական կազմակերպություններում:

Ներկայում Դարզին, ում անվանում են լապարոսկոպիայի առաջամարտիկ, վերադարձել է գիտություն՝ ղեկավարելով հետազոտողների մի խումբ: Նրա հետաքրքրությունների հիմնական ոլորտներն են՝ նվազագույն ինվազիվ վիրաբուժությունը և կից տեխնոլոգիաները, կենսաբժշկական ճարտարագիտությունը (բժշկական կրթությունից բացի, Դարզին նաև ճարտարագիտական գիտությունների գիտական աստիճան ունի): Պրոֆեսորը առաջ է քաշում նաև այն գաղափարը, որ բժշկական տվյալները պետք է հասանելի լինեն հիվանդին, և նա պետք է առավելագույնս տեղեկացված լինի իր առողջական վիճակին և բուժման մեթոդներին:

Արա Դարզին նաև միջազգային և բրիտանական մի շարք կոչումների և պարգևների է արժանացել։ 2008թ. նա դարձել է Հայաստանի Գիտությունների ակադեմիայի արտասահմանյան անդամ։ 

Վիրաբույժը մի կանոն ունի, որը չի խախտում. տանն ընտանիքի հետ՝ ծնողների և քրոջ, խոսում է միայն հայերեն։ Դարզին նրանց Իրաքից փոխադրել է Լոնդոն: Լորդ Դարզին ամուսնացած է և երկու զավակների հայր է:

Դարզին ակտիվ մասնակցություն ունի նաև Հայաստանի կյանքում: Նա օգնում է իր հայ գործընկերներին ինչպես առողջապահական բարեփոխումների հարցերում, այնպես էլ վիրաբուժության որակի բարելավման հետ կապված գործնական խնդիրներում:

Դարզիի ընտանիքում միշտ հիշատակել են Հայոց ցեղասպանության տարելիցը: «Նախորդ օրը մենք հավաքվում ենք ընկերների և հարազատների հետ և աղոթում եկեղեցում, խոսում այդ իրադարձությունների մասին: Ես առաջին հայն եմ Մեծ Բրիտանիայի խորհրդարանում և սարսափած եմ, որ Բրիտանական կառավարությունը հրաժարվում է ճանաչել Հայոց ցեղասպանությունը»: Ցեղասպանությունից հարյուր տարի անց նա կիսվում է իր մտորումներով. «Այնուամենայնիվ մենք չպետք է չափից ավելի մնանք անցյալում: Մենք պետք է կարողանանք հաղթահարել անցյալ դարի վիշտը և սկսենք առաջ նայել, չշարունակել անդադար հետ նայել: Հայաստանը, այդ թվում և սփյուռքը, բավականաչափ կուտակած հաղթական անցյալ ունի: Մենք չպետք է մոռանանք անցյալը, բայց մենք նաև պետք է առաջ շարժվենք»:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: