ԵՐԵՎԱՆ 19 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Կներդրվի հաշմանդամություն ունեցող անձանց անձնական օգնականի ինստիտուտ

Կառավարությունը որոշումներ է ընդունել հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների հետ կապված՝ հաստատելով անձնական օգնականի ծառայություն տրամադրելու կարգը և պայմանները, ինչպես նաև խելամիտ հարմարեցումներ ապահովելու կարգը:

Հարցերը զեկուցել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Աննա Ժամակոչյանը: Նա նշել է, որ առաջին որոշման նպատակն է անձնական օգնականի ծառայությունը տրամադրելու միջոցով նպաստել հաշմանդամություն ունեցող անձանց անկախ ապրելու և համայնքում ներառվելու իրավունքի իրացմանը։ Այդ հանձնառությունը բխում է Հայաստանի միջազգային պարտավորություններից և Կառավարություն հնգամյա ծրագրից: Որոշմամբ սահմանվում է, որ անձնական օգնականի ծառայությունը մատուցվելու է ՀՀ պետական բյուջեի միջոցներով: Շահառուների շրջանակը ներառում է ամենակարիքավոր խումբը. անձնական օգնականի ծառայություն կարող է տրամադրվել հենաշարժական, տեսողական և հոգեկան (մտավոր) խնդիրներով ֆունկցիոնալության խորը աստիճանի սահմանափակում ունեցող այն անձանց, ում ընտանիքը հաշվառված է նաև ընտանիքների անապահովության գնահատման համակարգում: Կանխատեսվում է ունենալ կարգի պայմաններին համապատասխանող 2450 անձ: Անձնական օգնական կարող է լինել ցանկացած չափահաս անձ, նաև հաշմանդամություն ունեցող անձի ընտանիքի անդամը, ով կանցնի վերապատրաստում ու կհավաստագրվի: Ծառայության կարիքը և ծավալը կսահմանվի 2023թ. փետրվարին անձի ֆունկցիոնալության գնահատման համակարգի ներդրմամբ: Որոշմամբ սահմանվում են նաև այն պայմանները, որոնց դեպքում չափահաս անձը անձնական օգնական չի կարող լինել՝ որոշակի հիվանդություններ, դատվածության որոշակի դեպքեր և այլն: Ծառայությունը ներառում է հաշմանդամություն ունեցող անձի խնամք (սննդի պատրաստում, բնակարանի մաքրություն, գնումներ, բժշկի այցելության հարցերում օգնություն և այլն), նաև միջավայրային արգելքները՝ տեղաշարժվելու և հաղորդակցվելու բարդությունները հաղթահարելու աջակցություն: Որոշումն ուժի մեջ է մտնելու 2024թ. հունվարի 1-ից, բայց մինչ այդ 2023թ. իրականացվելու է պիլոտային ծրագիր: Ծառայության մատուցման համար կպահանջվի 5,186,160.0 հազ․ՀՀ դրամ։ Հաշվարկը կատարվել է ժամավճարի սկզբունքով՝ 1 ժամվա համար 1050 ՀՀ դրամ։

Խելամիտ հարմարեցումների մասով փոխնախարարը զեկուցել է, որ որոշումը միտված է հաշմանդամություն ունեցող անձանց համար անկախ կյանքի հնարավորությունների ընդլայնմանը, աշխատավայրերում և ուսումնական հաստատություններում խտրականության բացառմանը: Կարգով սահմանվում են խելամիտ հարմարեցումների տեսակները, դրանք ապահովող կողմի պարտավորությունները և ժամկետները: Վարչապետի հարցադրմանն ի պատասխան՝ Ա. Ժամակոչյանը տեղեկացրել է, որ խելամիտ հարմարեցումները պետք է ապահովվեն գործատուների կողմից, այս պահին որոշակի քայլեր արդեն արված են, իսկ առաջարկվող հարմարեցումները կարող են լինել տարբեր բնույթի և ոչ ծախսատար՝ օրինակ, ժամականացույցի վերանայում, դռան բռնակի տեղափոխություն և այլն:

Կարևորելով անձնական օգնականի ինստիտուտի ներդրումը՝ Նիկոլ Փաշինյանը նշել է. «Շատ դեպքերում մենք որոշակի՝ ֆինանսական և այլ աջակցություն ենք ցուցաբերում հաշմանդամություն ունեցող անձին, բայց հետագա հետազոտությամբ պարզում ենք, որ այդ մարդիկ նույն աջակցությունը կիրառելու հետ կապված դժվարություններ ունեն՝ սկսած նրանից, որ մարդն ուղղակի կարող է ի վիճակի չլինել գնալ խանութից գնում անել և վերադառնալ: Այս կարգով սահմանվում է անձնական օգնականի ինստիտուտ, պետական միջոցներից վճարվում է մոտավորապես ժամը 1050 ՀՀ դրամի կարգի գումար և նաև այն դեպքերում, երբ հաշմանդամություն ունեցող անձը 10 ժամից ավելի խնամքի կարիք ունի, կարող է նաև ընտանիքի անդամը լինել այդ կարգավիճակում: Ընդ որում՝ այս ծառայությունից կարող են օգտվել սոցիալական անապահովության որոշակի միավոր ունեցող ընտանիքի անդամ հանդիսացող հաշմանդամություն ունեցող քաղաքացիները: Որոշումն ուժի մեջ է մտնում 2024թ. հունվարի 1-ից, բայց մինչ այդ մենք պիլոտային ծրագիր կիրականացնենք, որպեսզի տեսնենք գործնականում, իրական կյանքում ինչ խնդիրներ են առաջանում, և ինչ կարգավորումների անհրաժեշտություն կա, որ այսօր տեսության մեջ չենք կարողացել նույնականացնել: Դրանից հետո արդեն 2023թ. ընթացքում կլավարկենք այս որոշումը, և 2024թ. հունվարի 1-ից կփորձենք լիարժեք իրագործել»:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 48%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    17 C°
     
    29°  16° 
    28.04.2024
    30°  17° 
    29.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: