ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ձեր արծաթը մեզ համար ոսկու արժեք ունի. Վահրամ Դումանյանը ոսկե մեդալներով է պարգևատրել շախմատիստներին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանն այսօր ընդունել է Շախմատի համաշխարհային 44-րդ օլիմպիադայում արծաթե մեդալներ նվաճած Հայաստանի տղամարդկանց հավաքականի անդամներին:

Հանդիպմանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը, Հայաստանի շախմատի ակադեմիայի հիմնադիր-նախագահ Սմբատ Լպուտյանը, մարզիչներ Հրաչիկ Թավադյանն ու Արման Փաշիկյանը, ինչպես նաև շախմատիստներ Գաբրիել Սարգսյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը, Սամվել Տեր-Սահակյանը և Մանուել Պետրոսյանը: Հանդիպմանը ներկա չէր միայն Հրանտ Մելքումյանը. նա բացակայում է երկրից:

Վահրամ Դումանյանը շնորհավորել է հայ շախմատիստներին ու նրանց պարգևատրել ԿԳՄՍ նախարարության ոսկե մեդալներով:

«Համաշխարհային օլիմպիադայում ձեր նվաճած արծաթե մեդալը մեզ համար ոսկու արժեք ունի: Հպարտ եմ այս հաղթանակով և ուզում եմ վստահ լինեք, որ պատրաստ ենք ոլորտի զարգացման և առաջընթացի համար օգնել, ինչով կկարողանանք: Մաղթում եմ ձեզ նորանոր նվաճումներ: Շնորհակալ եմ նաև այն մարդկանց, ովքեր իրենց ներդրումն ունեն այս հաղթանակի մեջ»,- ասել է ԿԳՄՍ նախարարը:

Նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանն ընդգծել է՝ հայ շախմատիստները կոտրել են այն կարծրատիպը, թե մեր երկրում թիմային մարզաձևերն այդքան էլ զարգացած չեն. «Այն, ինչ դուք արեցիք, վեր է բոլոր գնահատականներից: Սա կյանքիս ամենահաճելի սենսացիան էր: Դուք իսկապես հաղթանակի բերկրանք պարգևեցիք մեր ազգին, իսկ դա ամենաթանկն է: Հպարտ ենք ձեզնով: Ամենակարևորն այն է, որ ցույց տվեցիք թիմային բարձր որակներ, խաղացիք մեկդ մյուսի համար, իսկ դա շատ գնահատելի է»:

Հավաքականի գլխավոր մարզիչ Արման Փաշիկյանը ևս կարևորել է թիմային միասնականությունը՝ ընդգծելով, որ չկային անձնական ամբիցիաներ. «Օլիմպիադայից առաջ ուսումնամարզական հավաք անցկացրինք Ծաղկաձորում, որտեղ նաև ֆիզիկական պատրաստվածության վրա ուշադրություն դարձրինք: Կարծում եմ՝ դա ևս մեզ օգնեց: Ինչ վերաբերում է մրցաշարին, ապա պետք է նշեմ՝ հանդես եկանք շատ միասնական: Չկային անհատական ամբիցիաներ, շատ միասնական էինք, անգամ բոլորը խոսում էին այն մասին, որ հայերի թիմն ամեն ինչ միասին է անում: Բոլոր տղաներն էլ հիանալի հանդես եկան՝ իրար օգնելով: Ափսոսում ենք, որ չհաղթեցինք մրցաշարում, քանի որ բավարար միավորներ էինք հավաքել: Պատմության մեջ երևի չէր եղել, որ այսքան միավորներով թիմը հաղթող չդառնա»:

Գլխավոր մարզչի խոսքով՝ Համաշխարհային օլիմպիադայում Հայաստանի հավաքականին անգամ մրցակից թիմերն էին երկրպագում, խաղերից առաջ մոտենում ու հաջողություն էին մաղթում մեր թիմին:

Հայաստանի շախմատի ակադեմիայի հիմնադիր-նախագահ Սմբատ Լպուտյանն ընդգծել է՝ շախմատային թիմում շատ մեծ է նաև առաջին համարի դերակատարությունը. «Շատ կարևոր է, որ առաջին տախտակի վրա հանդես եկող շախմատիստն աչքի ընկնի նաև մարդկային բարձր որակներով ու որպես առաջատար՝ թիմին կարողանա իր ետևից տանել: Շատ ուրախ ենք, որ ի դեմս Գաբրիել Սարգսյանի՝ մենք հենց այդպիսի առաջատար ունենք»:

Նախարարի հետ հանդիպման ընթացքում շախմատիստները պատմել են իրենց տպավորությունների, խաղերի ընթացքի, լարված ու հետաքրքիր պահերի մասին:

Հայաստանի հավաքականի առաջին համար Գաբրիել Սարգսյանը խոստովանում է՝ թիմի համար ևս անակնկալ էր այս արդյունքը. «Իհարկե, սպասում էինք, որ լավ հանդես կգանք, բայց ինչ-որ առումով այս արդյունքն անակնկալ էր մեզ համար: Բոլորս արեցինք այն, ինչ կարող էինք: Առավելագույնս նվիրվեցինք ու ամբողջ ընթացքում մտածում էինք բացառապես մրցաշարի մասին: Հաշվի առնելով այն, որ տղաներն օլիմպիադաներում հանդես գալու փորձ չունեին՝ շատ լավ հանդես եկան: Առաջին փորձից արեցին այն, ինչն իրենցից պահանջվում էր: Երիտասարդ տարիքում այսպիսի լարվածության դիմանալը շատ դժվար է: Առաջին անգամ էինք հանդես գալիս Արման Փաշիկյանի գլխավորությամբ, ու նրա համար ևս դժվար էր: Այն, որ կարողացանք պարտությունից հետո չհուսահատվել ու շարունակել պայքարը, մեծավ մասամբ հենց նրա շնորհիվ էր»:

24-ամյա Մանուել Պետրոսյանը, ով առաջին անգամ էր հավաքականի կազմում մասնակցում Շախմատի օլիմպիադային, ասում է՝ սկզբում լարվածություն է ունեցել. «Սկզբում չէի հարմարվում, շատ ծանր էի խաղում, անգամ Մադագասկարի հետ շատ ծանր խաղ ունեցանք ու տղաներով կատակում էինք այդ թեմայով: Դժվարությամբ հարմարվեցի մթնոլորտին, երրորդ տուրում պարտվում էի ու գիտակցեցի՝ թիմն իմ պատճառով կարող է զիջել խաղը. շատ էմոցիոնալ պահ էր: Հրաշքով ոչ-ոքի խաղացի, բայց էմոցիաներս խեղդում էին ինձ: Մարզչին խնդրեցի հաջորդ տուրում ինձ հանգիստ տրամադրել: Հետո արդեն ընտելացա մթնոլորտին, կողքից նայելով՝ շատ բաներ հասկացա ու վերջին տուրերում, երբ արդեն Սամվելի նյարդերն էին տեղի տվել, վերադարձա ու լավ հանդես գալով՝ կարողացա օգնել թիմին»:

Ռոբերտ Հովհաննիսյանն էլ նշում է՝ օլիմպիադայի 11 տուրերում հասցրել է տարբեր էմոցիաներ ունենալ: Ի դեպ, Հովհաննիսյանն արծաթե մեդալ է նվաճել 4-րդ խաղատախտակի վրա: Նրա խոսքով՝ այդ մասին պարգևատրման արարողության ժամանակ է իմացել. «Մրցաշարը շատ դժվար, հոգնեցուցիչ ու նաև շատ դրամատիկ ընթացք ունեցավ: Հատկապես դրամատիկ էր Եգիպտոսի և ԱՄՆ-ի դեմ պարտիաները: Չէի մտածել, որ անհատական մեդալ կնվաճեմ: Ուրախ եմ, որ տղաների խաղը ստացվեց»:

Սամվել Տեր-Սահակյանը շնորհակալություն է հայտնել հայկական պատվիրակությանն ու ընդգծել՝ իր համար պատիվ էր այսպիսի թիմի հետ խաղալը. «Բոլոր տղաները հիանալի հանդես եկան, բայց այն, ինչ արեց Գաբրիել Սարգսյանը, մարդկային ուժերից վեր էր: Ռոբերտին ու Հրանտին էլ կուզեի առանձնացնել: Ռոբերտը մեր ռմբարկուն էր, ինչպես Գաբրիելը, մեզ մի շարք միավորներ պարգևեց, իսկ Հրանտը մեր հենասյունն էր ու պաշտպանը: Ամենակարևորն այն էր, որ թիմում չկային անձնական ամբիցիաներ: Կարևոր էին միայն թիմն ու թիմային հաջողությունը»:

Հիշեցնենք՝ Հայաստանի հավաքականը վաստակած 19 միավորով դարձել է Հնդկաստանում անցկացված Համաշխարհային օլիմպիադայի փոխչեմպիոն: Նույնքան միավորով, սակայն լրացուցիչ ցուցանիշներով չեմպիոնի կոչումը նվաճել է Ուզբեկստանի ընտրանին: Լավագույն եռյակը 18 միավորով եզրափակել է Հնդկաստանի երկրորդ թիմը:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    28.12.2024
       
    29.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: