ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Նախատեսվում է ստեղծել Արտաքին հետախուզության ծառայություն. Արմեն Գրիգորյան

Արտաքին հետախուզության ծառայության ստեղծմամբ ու կազմավորմամբ նախատեսվում է Հայաստանում ձևավորել հետախուզական համայնք, և այդ հետախուզական համայնքում կարևոր դերակատարություն է ունենալու Արտաքին հետախուզության ծառայությունը: Այս մասին ասել է ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ Ազգային ժողովում առաջին ընթերցմամբ քննարկման ներկայացնելով «Արտաքին հետախուզական գործունեության և արտաքին հետախուզության ծառայության մասին» օրենքի նախագիծը՝ կից օրենսդրական փաթեթով:

Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի տեղեկացմամբ առաջարկվող նախագիծը կարգավորում է արտաքին հետախուզական գործունեության իրականացման բնագավառում ծագող իրավահարաբերությունները, սահմանում է արտաքին հետախուզական գործունեության հիմնական սկզբունքները, արտաքին հետախուզական գործունեություն իրականացնող մարմինների համակարգը, Արտաքին հետախուզության ծառայության լիազորությունները, կառուցվածքը, կազմավորման, գործունեության, Ծառայությունում ծառայության անցնելու, պաշտոն զբաղեցնելու, Ծառայության ծառայողին պաշտոնից ազատելու, ծառայությունը դադարեցնելու, ծառայությունը կրելու կարգն ու պայմանները, պաշտոնների ու կոչումների դասակարգումը, ծառայողների պատասխանատվությունը, իրավական ու սոցիալական երաշխիքները, ինչպես նաև ծառայության հետ կապված այլ առանձնահատկություններ:

«Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Պաշտպանության նախարարությունում և Ազգային անվտանգության ծառայությունում գոյություն ունեն համանման ծառայություններ իրականացնող ստորաբաժանումներ, որոնցում ծառայությունը հանդիսանում է զինվորական ծառայություն՝ առկա է քաղաքական որոշում՝ ստեղծելու պետական ծառայության նոր տեսակ, որը չի հանդիսանա զինվորական ծառայություն: Դրանով նորաստեղծ ծառայությանը հնարավորություն կընձեռվի ավելի լայն հնարավորություններ ունենալ, կառույցը համալրել մասնագետներով»,-ասել է Արմեն  Գրիգորյանը:

ԱԽ քարտուղարը նաև տեղեկացրել է, որ ներկայացված փաթեթով Արտաքին հետախուզության ծառայության պետը դառնում է Անվտանգության խորհրդի անդամ:

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանն Անվտանգության խորհրդի քարտուղարից հարցրել է, թե ինչ է առաջարկում կամ պահանջում Ադրբեջանը՝ Լաչինի ճանապարհը բացելու համար: Հիշեցնենք, որ Լաչինի միջանցքն ադրբեջանցի, այսպես ասած, «բնապահպանները» փակել են ինն օր առաջ:

Արմեն Գրիգորյանը նշել է, որ Ադրբեջանը Լաչինի միջանցքը փակել է՝ Արցախում էթնիկ զտում իրականացնելու համար: Հիմնական նպատակը սա է: «Հայաստանը շարունակում է աշխատել իր բոլոր գործընկերների հետ, որ հնարավորինս բացի Լաչինի միջանցքը, և Արցախում ապրող հայերը խուսափեն հումանիտար ճգնաժամից»,-պարզաբանել է Արմեն Գրիգորյանը:

Թեման շարունակել է «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը՝ հետաքրքրվելով, թե որոնք են գործողությունները, որոնցով Արտաքին հետախուզական ծառայությունը պետք է ապահովի կամ նպաստի հռչակված նպատակների իրականացմանը, օրինակ՝ Լաչինի միջանցքի բացում, Արցախի անվտանգության ապահովում և այլն: «Արտաքին հետախուզական ծառայության ստեղծման հիմնական նպատակներից մեկն այն է, որպեսզի այս ծառայությունը կարողանա Հայաստանի շուրջ ստեղծված անվտանգության վերաբերյալ հայթայթել ինֆորմացիա, նույնիսկ հայթայթի այնպիսի ինֆորմացիա, որը հրապարակային հայտնի չէ: Եվ դրանց հիման վրա վերլուծություն կատարի՝ անվտանգության միջավայրի վերաբերյալ և տեղեկատվություն տրամադրի վարչապետին, որի հիման վրա էլ պետք է որոշումներ կայացվեն: Այդ ինֆորմացիան վերաբերելու է նաև Հայաստանի անվտանգության միջավայրին, որտեղ Արցախը ևս կարևոր դերակատարություն ունի»,- նշել է Արմեն  Գրիգորյանը՝ հավելելով, որ Լաչինի միջանցքի պատասխանատուն ՌԴ-ն է. նոյեմբերի 9-ի հայտարարությամբ Լաչինի միջանցքի պատասխանատվությունը հանձնվել է ՌԴ-ին: «Եվ ես ուզում եմ ընդդիմությունից լսել հարցադրումներ նաև այս ուղղությամբ, քանի որ Լաչինի միջանցքի հիմնական պատասխանատուն ՌԴ-ն է»,- ասել է ԱԽ քարտուղարը:

Ինչ վերաբերում է ստեղծվելիք ծառայությանը, այն պետք է ինֆորմացիա հայթայթի և վերլուծություն տրամադրի: Գործողություններն այդ ծառայությունը չի կատարելու, քանի որ կատարումն այլ ծառայությունների վրա է:

Նախաձեռնության առնչությամբ իրենց տեսակետներն են հայտնել խմբակցությունները:

ԱԺ «Հայաստան» խմբակցության անունից ելույթ է ունեցել Արծվիկ Մինասյանը: Խմբակցության քարտուղարն անդրադարձել է Արցախի շուրջ տեղի ունեցած և ունեցող գործընթացներին՝ նշելով. «Այո՛, մենք զորակցում ենք այն խաղաղապահ ուժին, որն այսօր միակն է, որ ապահովում է Արցախի քիչ թե շատ անվտանգությունը: Բայց նաև կոչ ենք արել, որպեսզի ՌԴ-ն ձեռնարկի բոլոր անհրաժեշտ գործողությունները: Սրան ինչո՞ւ չեք անդրադառնում»:

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անունից ելույթ է ունեցել Ռուբեն Ռուբինյանը: ԱԺ փոխնախագահն անդրադարձել է հնչած մի տեսակետի, ըստ որի՝ ադրբեջանցիների կողմից ապօրինաբար փակված ճանապարհահատվածը չի գտնվում Լաչինի միջանցքում: «Իրականում Լաչինի միջանցքը ձգվում է Հայաստանի սահմանից մինչև Ստեփանակերտ»,- հստակեցրել է Ռուբեն Ռուբինյանը՝ ընդգծելով, որ այդ, ինչպես նաև ճանապարհի մյուս հատվածները, գտնվում են ռուսական խաղաղապահ զորակազմի ուղիղ վերահսկողության ներքո:

Եզրափակիչ ելույթում ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն անդրադարձել է պատգամավորների հնչեցրած տեսակետներին:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    23.11.2024
       
    24.11.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: