ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Հունվարի 17-ից Արցախն անցում կկատարի հովհարային անջատումների չորսժամյա գրաֆիկի

Արցախի Հանրապետության պետական նախարար, Օպերատիվ շտաբի պետ Ռուբեն Վարդանյանի ղեկավարությամբ այսօր տեղի է ունեցել շտաբի հերթական նիստը:


Պետնախարար Ռուբեն Վարդանյանը, ներկայացնելով ընթացիկ իրավիճակը, նշել է, որ շրջափակումը նոր մարտահրավերներ է առաջ բերում: «Շրջափակումը փոխում է տնտեսությունն ու պետության առաջնահերթությունները: Պետությունն արդեն ստիպված է արձագանքել շրջափակման հետևանքով տնտեսական և սոցիալական ոլորտներում առաջացող խնդիրներին՝ վերանայելով իր աշխատանքը, մոտեցումները, ուղղությունները»,- ասել է Ռուբեն Վարդանյանը:


Միաժամանակ շրջափակումն ու դրա հետևանքով ստեղծված ճգնաժամը, ըստ նրա, ստիպում են ավելի ռացիոնալ օգտագործել առկա ռեսուրսները, բացահայտել բոլոր խնդիրները, այդ թվում՝ ստվերային տնտեսության հետ կապված, ներդնել կառավարման ավելի արդյունավետ մոդելներ:


Նշվել է նաև, որ պետնախարարի հրամանով ստեղծվել է աշխատանքային խումբ՝ շրջափակման տնտեսական և սոցիալական հետևանքների մեղմմանն ուղղած միջոցառումներ մշակելու նպատակով:


Նիստի ընթացքում զեկուցվել է կտրոնային համակարգի ներդրման ընթացքը, տեղեկացվել է, որ կազմակերպչական և տեխնիկական աշխատանքներն իրականացվում են սահմանված ժամանակացույցով: Համակարգի սահուն ներդրման նպատակով համապատասխան բացատրական և ուսուցողական աշխատանքներ են իրականացվելու ինչպես մատակարարների, այնպես էլ առևտրային կետերի սեփականատերերի համար: Առաջնային մի քանի խումբ ապրանքների՝ կտրոններով վաճառքն իրականացվելու է ողջ հանրապետությունում՝ Ստեփանակերտում 200, շրջաններում՝ 400 խանութների միջոցով:


Պետնախարարը կարևորել է համակարգի ներդրմանը զուգահեռ՝ բնակչության շրջանում իրազեկման աշխատանքների իրականացումը: Նա նաև անհրաժեշտ է համարել համապատասխան տեղեկատվական բազաների ստեղծումը:
Ներկայացվել է հանրապետությունում էներգամատակարարման հետ կապված իրավիճակը, որը շարունակում է լարված մնալ: Հայաստանից Արցախ էներգասնուցումը նախկինի պես խափանված է, քանի որ ադրբեջանական կողմը մասնագետներին թույլ չի տալիս այցելել իրենց վերահսկողության տակ գտնվող տարածք՝ հասկանալու խափանման պատճառները: Բնակչության նվազագույն էներգետիկ կարիքները հնարավորինս երկարաժամկետ կտրվածքով ապահովելու համար վաղվանից անցում կկատարվի հովհարային անջատումների չորսժամյա գրաֆիկի՝ ներկայիս երկու ժամվա փոխարեն:


Զեկուցվել է իրավիճակը պարենային ապրանքների, դեղորայքի, դիզվառելիքի շուկաներում: Նշվել է նաև, որ ձեռնարկված միջոցառումների արդյունքում հաջողվել է նվազեցնել լարվածությունը կանխիկի դրամաշրջանառության մասով:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.11.2024
       
    25.11.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: