ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Քննարկվել է Սեյրան Օհանյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին հարցը

ՀՀ Ազգային ժողովը փետրվարի 7-ի նիստում քննարկել է ԱԺ պատգամավոր Սեյրան Օհանյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին ՀՀ գլխավոր դատախազի առաջին միջնորդությունը:

Քրեական հետապնդում հարուցելու միջնորդությունը կապված է Երասխի զորամասի` հատուկ նշանակության հողերի հափշտակության դեպքի հետ:

«Սեյրան Մուշեղի Օհանյանին մեղսագրվում է 2 դրվագ 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (համապատասխանում է 2022 թվականի հուլիսի 1-ին ուժի մեջ մտած ՀՀ քրեական օրենսգրքի 256-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետին) և 2 դրվագ 308-րդ հոդվածի 2-րդ մասով (համապատասխանում է 2022 թվականի հուլիսի 1-ին ուժի մեջ մտած ՀՀ քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետին) հանցավոր արարքների կատարում: Այն է՝ oգտագործելով պաշտոնեական դիրքը՝ առանձնապես խոշոր չափերով վատնում կատարելը (երկու դրվագ), ինչպես նաև՝ անձնական այլ շահագրգռվածությունից և խմբային շահերից ելնելով՝ իր պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ»,- նշել է Աննա Վարդապետյանը՝ հավելելով՝ Ազգային ժողովի ութերորդ գումարման պատգամավոր Սեյրան Մուշեղի Օհանյանի կողմից վերոնշյալ հանցավոր արարքների կատարումը հաստատվել է քրեական վարույթի նախաքննությամբ ձեռք բերված մի շարք փաստական տվյալներով:

Գլխավոր դատախազը տեղեկացրել է նաև, որ Սեյրան Օհանյանը հիշյալ հողատարածքներն օտարելու վերաբերյալ հրաժարվել է ցուցմունք տալուց, միևնույն ժամանակ, օգտվելով իր իրավունքից, վաղեմության ժամկետներն անցնելու հիմքով իր նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնելու վերաբերյալ որևէ դիրքորոշում չի հայտնել:

«Հիմք ընդունելով Սեյրան Օհանյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու համաձայնություն ստանալու մասին ԱԺ դիմելու վերաբերյալ հսկող դատախազի առաջարկությունը և ղեկավարվելով ՀՀ Սահմանադրության 96-րդ հոդվածով, Քրեական դատավարության օրենսգրքի 37-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետով, «ԱԺ կանոնակարգ» սահմանադրական օրենքի 108-րդ հոդվածով՝ միջնորդում եմ տալ համաձայնություն ԱԺ պատգամավոր Սեյրան Օհանյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ»,- հայտնել է զեկուցողը:

ՀՀ ԱԺ նախագահը հետաքրքրվել է զորամասի սեփականաշնորհման, ապա՝ գրավադրման գործընթացով: «Կա՞ բացատրություն, թե ինչ նպատակով է զորամասի տարածքը հանձնվել երրորդ անձի, ապա՝ գրավադրել բանկում: Որևէ բացատրություն՝ պետական շահի համար կամ գումարն այլ տեղ ուղարկելու, որևէ բացատրություն եղե՞լ է»,- հարցրել է խորհրդարանի ղեկավարը:

ՀՀ գլխավոր դատախազի խոսքով երրորդ անձի անունով գրանցելն ի սկզբանե իրական գնորդին թաքցնելու նպատակ է ունեցել: Նա ընդգծել է, որ պետական շահի տեսանկյունից որևէ բացատրություն չի հնչել, բացատրությունները եղել են անորոշ, ինչպես տվյալ իրավիճակում կարող էր ակնկալվել:

Ալեն Սիմոնյանը հավելել է. «Ժողովրդական լեզվով ասած` զորամասը վերածել են գումարի, և բացատրություն չկա, թե դա ինչի համար է արվել»: Գլխավոր դատախազը ևս մեկ անգամ ընդգծել է` պետական շահի տեսանկյունից բացատրություն չկա:

Հարցուպատասխանի ձևաչափում անդրադարձ է եղել հողերի օտարման գործընթացի մանրամասներին, Սեյրան Օհանյանի նկատմամբ վաղեմության ժամկետի կիրառման հնարավորությանը, գործարքին մասնակից անձանց ներգրավվածությանը գործին, քննության ժամկետներին, դրա ձգձգման հետևանքներին, փոխկապակցված անձանց շրջանակին և այլն:

Աննա Վարդապետյանը հիշեցրել է, որ Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով տվյալ տարածքները չօտարելու ուղիղ պահանջ կա: Նա նշել է, որ անձի դատավարական իրավունքն է ցանկացած պահին նշելու, որ համաձայն է վաղեմության հիմքով քրեական հետապնդման դադարեցմանը և հավելել, որ այս դեպքում այդ հանգամանքը, փաստն ազատ ենք օգտագործելու արդեն քրեական վարույթի շրջանակում:

«Մենք միայն քրեական վարույթով չենք սահմանափակվում, և նման դեպքերում, երբ կա 60-րդ հոդվածի սահմանափակմամբ կատարված չարաշահում, նաև զուգահեռ պետական շահի պաշտպանության հայց է ներկայացվում դատարան, այսինքն՝ նպատակը ոչ միայն պատիժն է, այլ նաև պետության և ազգային հարստությունից դուրս բերված միավորների վերադարձը»,- ընդգծել է Աննա Վարդապետյանը:

ԱԺ պատգամավոր Սեյրան Օհանյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին ՀՀ գլխավոր դատախազի երկրորդ միջնորդությունը քննարկվել է դռնփակ:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.11.2024
       
    25.11.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: