ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Միայն միջազգային հանրության չնվազող ակտիվությունն է Ադրբեջանի ագրեսիվությունը և սադրիչ գործելակերպը զսպելու եղանակը. Փաշինյան

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նախքան օրակարգի քննարկումը՝ վարչապետն անդրադարձել է Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի գազամատակարարման խողովակը երեկ կրկին փակելուն և նշել, որ 2022թ. դեկտեմբերի 12-ից ի վեր Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղին գազ մատակարարող խողովակի հետ կատարել է նմանատիպ շուրջ 27 գործողություն, ինչը հանգեցրել է հումանիտար և բնապահպանական ճգնաժամի: Իր խոսքում Նիկոլ Փաշինյանը նշել է.

«Կառավարության նիստի հարգելի մասնակիցներ,

Սիրելի ժողովուրդ,

Երեկ Ադրբեջանը կրկին փակել է Լեռնային Ղարաբաղի գազամատակարարման խողովակը, մինչդեռ գազամատակարարումը վերականգնվել էր 1 օր առաջ: Մինչ այդ, Ադրբեջանը խողովակը բացել էր 7 օր առաջ, իսկ փակել՝ դրանից 4 օր առաջ: Դեկտեմբերի 12-ից ի վեր Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղի գազամատակարարումը դադարեցրել է 7 անգամ, ընդ որում՝ այս վիճակագրությունը չի արտահայտում ամբողջ պատկերը, որովհետև գազամատակարարման դադարեցումների և վերականգնումների արանքում էլ տեղի են ունենում այլազան իրադարձություններ. ասենք, օրինակ, գազամատակարարումը դադարեցվում է ոչ թե ամբողջությամբ, այլ 50 տոկոսով, հետո մատակարարվող գազի ծավալը դառնում է 70 տոկոս, հետո իջնում-հասնում 10 տոկոսի, հաջորդ պահին դառնում 30 տոկոս, հետո վերականգնվում ամբողջությամբ, հետո նորից իջնում-դառնում 40 տոկոս և այսպես շարունակ: Նման վայրիվերումները երբեմն օրվա մեջ կարող են տեղի ունենալ մի քանի անգամ կամ մի քանի օրը մեկ: Ընդ որում՝ սա արդեն ոչ թե «բնապահպաններն» են, այլ պետականորեն իրականացվող գործողություն, որովհետև եթե «բնապահպանները» Լաչինի միջանցքում ներկա են և տեսանելի, գազախողովակում նրանք չեն նկատվել:

2022 թվականի դեկտեմբերի 12-ից ի վեր Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղին գազ մատակարարող խողովակի հետ կատարել է նմանատիպ շուրջ 27 գործողություն: Պետք է ընդգծել, որ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակումը, որը «բնապահպանական» քողարկում ունի, Լեռնային Ղարաբաղում հանգեցրել է իրական բնապահպանական խնդիրների, որովհետև, ինչպես տեղյակ եք, Ադրբեջանն արգելափակել է նաև Լեռնային Ղարաբաղի էլեկտրական հոսանքի մատակարարումը, ու քանի որ էլեկտրական էներգիա արտադրելու տեղական հզորությունները բավարար չեն, Լեռնային Ղարաբաղի իշխանություններն ստիպված են էլեկտրական հոսանքի հովհարային անջատումներ իրականացնել օրական 6, 8, 10 ժամ՝ կախված եղանակից: Այս պայմաններում Լեռնային Ղարաբաղի մեր հայրենակիցներն ստիպված են իրենց տները տաքացնելու համար փայտանյութ օգտագործել, որն իր հերթին բերում է անտառային հատումների, ինչը բնապահպանական լուրջ աղետի վերածվելու պոտենցիալ ունի, մանավանդ եթե հաշվի առնենք, որ Լեռնային Ղարաբաղում ձյուն է տեղացել, և գիշերը օդի ջերմաստիճանը նվազում է մինչև 5 աստիճան 0-ից ցածր:

Սրանով, ըստ այդմ, ևս մեկ անգամ հօդս են ցնդում Ադրբեջանի իբր բնապահպանական նպատակադրումները, որովհետև Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակումը, որն սկսել է 60 օր առաջ, բացի հումանիտար ճգնաժամից, Լեռնային Ղարաբաղում հանգեցրել է նաև բնապահպանական ճգնաժամի:

Հարգելի ներկաներ,

Սիրելի ժողովուրդ,

Ադրբեջանի այս գործողությունները մեկ նպատակ ունեն՝ կոտրել սեփական հայրենիքում ապրելու Լեռնային Ղարաբաղի բնակչության կամքը, ինչը, հավատում ենք, որ անկոտրում է: Այսուհանդերձ, մենք պիտի ավելի ու ավելի մեծացնենք մեր ջանքերը Լեռնային Ղարաբաղում ծայր առած հումանիտար, հիմա արդեն նաև բնապահպական ճգնաժամի վրա միջազգային ուշադրություն կենտրոնացնելու վրա, որն Ադրբեջանի ագրեսիվ և սադրիչ գործողությունների արդյունք է:

Միևնույն ժամանակ, ուզում եմ շնորհակալություն հայտնել այն միջազգային կազմակերպություններին և երկրներին, որոնք այս ընթացքում օբյեկտիվ դիրքորոշում են հայտնել Լեռնային Ղարաբաղում ծավալվող հումանիտար ճգնաժամի մասին: Մեր միջազգային ջանքերը պետք է ուղղվեն բնապահպանական ծագող ճգնաժամը նույնպես միջազգային լայն քննարկման առարկա դարձնելուն: Եվ, կարծում եմ, անհրաժեշտ է, որ Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակումը, Լեռնային Ղարաբաղում հաստատված հումանիտար և բնապահպանական ճգնաժամն ավելի ինստիտուցիոնալ միջազգային քննարկման առարկա դառնան, որովհետև միայն միջազգային հանրության չնվազող ակտիվությունն է Ադրբեջանի ագրեսիվությունը և սադրիչ գործելակերպը զսպելու եղանակը: Շնորհակալություն»:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    23.11.2024
       
    24.11.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: