ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Սաուդա-իրանական հարաբերությունների կարգավորում. Չինաստանը մեծացնում է ներգրավումը տարածաշրջանում

Telegram

Իրանն ու Սաուդյան Արաբիան դիվանագիտական հարաբերությունները վերականգնելու և առաջիկա երկու ամսվա ընթացքում դեսպանատները վերաբացելու մասին համաձայնագիր են ստորագրել: Կողմերը պայմանավորվել են հարգել միմյանց ինքնիշխանությունը և չմիջամտել միմյանց ներքին գործերին: Իրանն ու Էր-Ռիադը պայմանավորվել են նաև ակտիվացնել 2001 թվականին կնքված համաձայնագիրը անվտանգության ոլորտում համագործակցության վերաբերյալ, հայտնում են իրանական և սաուդյան պետական լրատվամիջոցները:

Նշվում է, որ համաձայնագիրը հնարավոր է դարձել մարտի 6-10-ը Պեկինում Իրանի, Սաուդյան Արաբիայի և Չինաստանի ներկայացուցիչների միջև ինտենսիվ բանակցությունների արդյունքում:

Սպասվում է, որ Իրանի և Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարներն առաջիկայում կհանդիպեն այդ պայմանավորվածությունները կյանքի կոչելու և դեսպաններով փոխանակվելու համար:

Սաուդյան Արաբիան Իրանի հետ դիվանագիտական հարաբերությունները խզել էր 2016 թվականին, երբ Էր-Ռիադի կողմից շիա հայտնի աստվածաբանի մահապատժի դեմ բողոքող իրանցի ցուցարարները ներխուժել էին Թեհրանում սաուդյան դեսպանատան տարածք:

Տարածաշրջանային և գաղափարական հակառակորդների միջև դիվանագիտական հարաբերությունները կարգավորելու մի քանի փորձ է եղել վերջին տարիներին: Մասնավորապես, կողմերը 2021 թվականին հարաբերությունները վերականգնելու վերաբերյալ բանակցություններ էին անցկացնում Բաղդադում՝ Իրաքի միջնորդությամբ: Թեև սկզբնական շրջանում որոշակի լավատեսություն կար, սակայն այդ բանակցություններն արդյունք չտվեցին: Կողմերի միջև 2022 թվականին բանակցություններ են եղել նաև Օմանի միջնորդությամբ:

Բայդենի վարչակազմը սկզբնական շրջանում որոշակի ճնշում էր գործադրում Սաուդյան Արաբիայի վրա՝ Իրանի հետ հարաբերությունները կարգավորելու նպատակով: Վաշինգտոնում այդկերպ փորձում էին մեղմել իրենց տարածաշրջանային դաշնակցի դժգոհություններն Իրանի հետ միջուկային գործարքի հնարավոր վերականգնումից: Սակայն այս ողջ ընթացքում ոչ միայն գործարքը վերականգնված չէ, այլ նաև ամերիկյան բարձրաստիճան պաշտոնյաները հայտարարում են, որ այն այլևս հետաքրքրիր չէ Վաշինգտոնի համար: Արդյունքում Վաշինգտոնի համար այժմ կարևոր են ոչ թե սաուդա-իրանական կարգավորված հարաբերությունները, այլ՝ տարաձայնությունների սրումը: Այն հնարավորություն կտա շարունակելու արաբական երկրների և Իսրայելի հաշտեցման գործընթացը՝ ի դեմս սաուդա-իսարայելական հարաբերությունների կարգավորման, ինչի ուղղությամբ ամերիկյան կողմը շարունակում է լուրջ ջանքեր գործադրել, քանի որ այն տարածաշրջանում կամրապնդի Միացյալ Նահանգների ազդեցությունը՝ այդ թվում նաև Իրանի դեմ տարածաշրջանային դաշինք կազմելու հնարավորություն կտա:

Վերադառնալով Պեկինում կայացած բանակցություններին և դրա արդյունքներին՝ պետք է նշեմ, որ այն նախ արձանագրում է մերձավորարևելյան տարածաշրջանում Չինաստանի հավակնությունների և ներգրավվման մեծանալը: Պեկինում բանակցություններին նախորդել էին Չինաստանի ղեկավարի այցը Սաուդյան Արաբիա, որտեղ նա, ի տարբերություն ԱՄՆ նախագահի, բավականին լավ ընդունելության էր արժանացել: Իսկ շաբաթներ առաջ Չինաստանում ընդունել էին Իրանի նախագահին: Չինաստանն Իրանի հետ ունի բավականին դինամիկ զարգացող հարաբերություններ: Ռայիսիի հետ հանդիպման արդյունքներով Չինաստանի ղեկավարն ընդգծել էր, որ Պեկինը ցանկացած պարագայում շարունակելու է համագործակցությունը Թեհրանի հետ: Բնականաբար, շատ ավելի շահեկան կլինի Պեկինի համար, որ այդ համագործակցությունը հնարավորինս զերծ լինի տհաճ էլեմենտներից՝ ի դեմս Իրանի շուրջ աճող տարածաշրջանային լարվածության: Իսկ Սաուդյան Արաբիայի և Իրանի միջև հարաբերությունների կարգավորումը կարող է էականորեն մեղմել Մերձավոր Արևելքում լարվածությունը: Էր-Ռիադը և Թեհրանը գտնվում են տարածաշրջանային հակամարտությունների և կնճռոտ խնդիրների հակառակ կողմերում՝ այդ թվում Եմենում, Սիրիայում, Լիբանանում: Ուստի հարաբերությունների կարգավորումը կարող է ոչ միայն դադարեցնել երկու երկրների միջև վերջին տարիներին ինտենսիված պրոքսի պատերազմն՝ այդ թվում Պարսից ծոցում նավագնացության հետ կապված միջադեպերը, այլ նաև տարածաշրջանային խնդիրներում կողմերի միջև երկխոսությունը կարող է նպաստել ընդհանուր լարվածության թուլացմանը:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    05.12.2024
       
    06.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: