ԵՐԵՎԱՆ 13 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Եվրոպական խորհրդարանը նոր զեկույցով դատապարտել է Հայաստանի դեմ Ադրբեջանի ագրեսիան

ТАСС

2020 թ.-ի 44-օրյա պատերազմից հետո կնքված հրադադարը չի պահպանվում, ավելին՝ հրադադարը մի քանի անգամ խախտվել է՝ հանգեցնելով հարյուրավոր զոհերի և Ադրբեջանի զորքերի կողմից Հայաստանի արևելքում ու հարավ-արևելքում երկրի ինքնիշխան տարածքի բռնազավթման: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նշվում է Եվրոպական խորհրդարանի զեկույցում ԵՄ-Ադրբեջան հարաբերությունների վերաբերյալ:

Փաստաթղթում հիշատակվում են Լաչինի միջանցքով քաղաքացիական երթևեկության արգելափակումը, սեպտեմբերյան մարտերի ժամանակ ռազմագերիների խոշտանգումները, 2020 թ.-ին և 2021 թ.-ի սկզբին քաղաքացիական անձանց, այդ թվում՝ տարեցների նկատմամբ ոտնձգությունները և արտադատական հաշվեհարդարները:

«ԵՄ-ն պատրաստ է ակտիվ դերակատարում ունենալ՝ որպես հուսալի առևտրային գործընկեր և արդար միջնորդ Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն խաղաղություն հաստատելու գործում՝ իր գործողությունները հիմնելով ժողովրդավարությունը, օրենքի գերակայությունը և մարդու իրավունքների հանդեպ հարգանքն առաջ մղելու վրա»,-նշում են զեկույցի հեղինակները՝ հավելելով, որ Ուկրաինայում Ռուսաստանի ծավալած հակամարտությունն ազդեցություն է ունեցել Հարավային Կովկասի վրա և է՛լ ավելի է բարդացրել տարածաշրջանի անվտանգային իրավիճակը:

Զեկույցում անդրադարձ է կատարվում նաև հարաբերությունների կարգավորման՝ Ադրբեջանի առաջարկած հինգ սկզբունքներին և դրանց առնչությամբ Հայաստանի արձագանքին:

Փաստաթղթում նաև հիշատակվում է Արդարադատության միջազգային դատարանի՝ 2021 թ. դեկտեմբերի 7-ին որոշումը՝ կապված Լեռնային Ղարաբաղի մշակութային ժառանգության ոչնչացման գործում Ադրբեջանի իշխանությունների ներգրավվածության հետ:

Զեկույցում նշվում է, որ Լեռնային Ղարաբաղի շուրջ Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունը մեծապես խոչընդոտել է Հարավային Կովկասի տարածաշրջանի զարգացումն ու կայունությունը և ավելի լայն իմաստով ազդում է Եվրոպական կայունության վրա:

«Եվրոպական խորհրդարանը խստորեն դատապարտում է 2022 թ.-ի սեպտեմբերին Հայաստանի ինքնիշխան տարածքում բազմաթիվ թիրախների դեմ լայնածավալ ռազմական ագրեսիան… դատապարտում է ռազմական ներխուժումները, որոնք 2021 թ.-ի մայիսից ի վեր իրականացվել են չսահմանազատված սահմանով, բոլոր ուժերին կոչ է անում վերադառնալ իրենց ելման դիրքեր, դատապարտում է խաղաղության գործընթացը խաթարող ցանկացած փորձ և բոլոր կողմերին կոչ է անում զերծ մնալ ուժի կիրառումից», - նշված է զեկույցում:

Եվրոպական խորհրդարանը նաև մտահոգություն է հայտնում Ադրբեջանում պահվող հայ գերիների ճակատագրի առնչությամբ, դատապարտում է Բաքվում, այսպես կոչված, «Ռազմավարների զբոսայգու» բացումը, ողջունում է Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելություն տեղակայելու շուրջ համաձայնագիրը և խրախուսում է Հայաստանի և Ադրբեջանի քաղաքական ղեկավարությունների միջև երկկողմ շփումները:

Միևնույն ժամանակ նշվում է, որ Ադրբեջանի հետ քաղաքական և էներգետիկ ոլորտում գործընկերությունը խորացնելուց առաջ Ադրբեջանը պետք է բարելավի մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների հետ կապված իրավիճակը, որը «դեռ գնահատվում է շատ բացասական»: Անդրադարձ է կատարվում նաև Ադրբեջանում առկա կոռուպցիային, կանանց դեմ բռնություններին, խոսքի ազատության սահմանափակումներին:

Ամբողջական զեկույցը կարող եք կարդալ այստեղ:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 51%
    Քամի՝ 1,03 կմ/ժ
    13 C°
     
    27°  15° 
    20.04.2024
    26°  17° 
    21.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: