ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը կախված չէ առանձին պետությունների ղեկավարների կարծիքից. Մասիս Մայիլյան

Արցախի Հանրապետության ԱԳ նախկին նախարար Մասիսի Մայիլյանը գրում է.

«Մայիսի 14-ին Եվրոպական խորհրդի նախագահը հանդես է եկել Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների բանակցությունների արդյունքների մասին հայտարարությամբ։ Շառլ Միշելը նշել է, որ կողմերը հաստատել են իրենց միանշանակ հավատարմությունը 1991 թ. Ալմաթիի հռչակագրին և Հայաստանի (29,800 քկմ) ու Ադրբեջանի (86,600 քկմ) տարածքային ամբողջականությանը:

Նշենք, որ 86,600 քառակուսի կիլոմետրը  համապատասխանում է խորհրդային Ադրբեջանի տարածքին, որի կազմ 1921 թվականին ապօրինի մտցվել է Լեռնային Ղարաբաղը՝ հայկական ինքնավարության ձևով։ Քանիցս հրապարակվել են իրավաբանական ծանրակշիռ փաստարկներ, որոնք ապացուցում են, որ Ալմաթիի հռչակագրի ընդունումից առաջ Լեռնային Ղարաբաղն իրավական ակտերի ընդունման ճանապարհով անջատվել էր խորհրդային Ադրբեջանից և երբեք չի եղել անկախ Ադրբեջանի կազմում։ Ադրբեջանի տարածքային ամբողջականության ընդունումն առանց այն վերապահման, որ այդ ամբողջականությունը չի տարածվում Լեռնային Ղարաբաղի վրա, մարտահրավեր է մեզ համար, բայց ոչ մի կերպ չի կարող ազդել Արցախի՝ որպես ինքնորոշված, թեկուզև առայժմ միջազգային մակարդակով չճանաչված հանրապետության կարգավիճակի վրա։

Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը կախված չէ առանձին պետությունների ղեկավարների կարծիքից։ Արցախի Հանրապետությունը ստեղծվել է Արցախի ժողովրդի կամարտահայտության հիման վրա, և այդ կամքն անսասան է։

Հարկ է նշել, որ ոչ միայն Հայաստանի Հանրապետության ժողովուրդն ու սփյուռքահայությունն են պաշտպանում Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը։ Արցախի Հանրապետությունը ճանաչել են տասնյակ նահանգներ, տեղաշրջաններ և քաղաքներ աշխարհով մեկ՝ Լոս Անջելոսից մինչև Սիդնեյ՝ մի քանի հարյուր միլիոն բնակչությամբ։ Այս համատեքստում կարևոր են Արցախի հարցով Ֆրանսիայի Սենատի և Ազգային ժողովի 2020 և 2022 թվականներին միաձայն ընդունված բանաձևերը։

Եվրոպական խորհրդի նախագահի հայտարարությունը ոչ միայն մարտահրավեր է, այլ նաև Արցախի Հանրապետության միջազգային իրավասուբյեկտության ամրապնդման հնարավորություն։

Ակնհայտ է, որ Արցախի Հանրապետության միջազգային ճանաչումը կարող է առավել արդյունավետ հիմքը դառնալ Արցախի ու Ադրբեջանի միջև հակամարտության համապարփակ և հաստատուն կարգավորման համար։ Միջազգային և տարածաշրջանային ակտորները եթե իրապես շահագրգռված են Հարավային Կովկասում խաղաղության ու կայունության հաստատմամբ, ապա պարտավոր են հարգել Արցախի Հանրապետության քաղաքացիների կամարտահայտությունը»։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    23.12.2024
       
    24.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: