ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ՀՀ-ն ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը. ՀՀ-ն Ադրբեջանից տարածքային պահանջ չունի, ակնկալում ենք լսել, որ Ադրբեջանն էլ ՀՀ-ից տարածքային պահանջ չունի. ԱԳՆ

ՀՀ-ն ԵՄ-ից ստացել է 8 մլրդ 875 մլն դրամի չափով դրամաշնորհ, որից նպատակային է եղել 2 մլրդ 980 մլն դրամը, ոչ նպատակային՝ 5 մլրդ 895 մլն դրամը: Այս մասին հայտնել է ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը:

ՀՀ ԱԺ փոխանցմամբ Եվրոպական ինտեգրման ու Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում հունիսի 5-ին շարունակվել է «Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեի կատարման մասին» հաշվետվության քննարկումը: Նիստը վարել են Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը և Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Արուսյակ Մանավազյանը:

Ծախսերի մասին խոսելիս Վահե Հովհաննիսյանը նշել է, որ հաշվետու տարում արտաքին աջակցությամբ իրականացվող նպատակային ծրագրերի գծով կատարված ծախսերն առանց համաֆինանսավորման կազմել են 57 մլրդ դրամ, ԵՄ-ից ստացված միջոցների հաշվին կատարված ծախսերը՝ վարկերի հաշվին՝ 10 մլրդ դրամ, դրամաշնորհների հաշվին՝ 2 մլրդ 568 մլն դրամ:

«Պակասուրդի ֆինանսավորման համար բյուջետային աջակցության վարկ ենք ստացել Ֆրանսիական զարգացման գործակալությունից՝ 41,6 մլրդ դրամի չափով, նպատակային վարկերի մասով՝ 16,6 մլրդ դրամ ֆինանսավորում է իրականացվել»,- ասել է նախարարն ու նշել, որ արտաքին միջոցների հաշվին 2 մլրդ 281 մլն դրամի ենթավարկեր են տրվել:

«Վերջին տարիներին ՀՀ համար ստեղծված լրջագույն մարտահրավերներն ու միջազգային, տարածաշրջանային զարգացումները շարունակել են էական ազդեցություն ունենալ մեր առաջնահերթությունների վրա: ՀՀ ու ԵՄ միջև համագործակցության դրական օրակարգի հետագա խորացման ու ընդլայնման հետ մեկտեղ շարունակվել են քննարկումները ՀՀ-ԵՄ փոխգործակցության օրակարգի այնպիսի առաջնային հարցեր, ինչպիսիք են ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ ադրբեջանական ագրեսիայի վերացումը, ՀՀ արևելյան սահմաններին ստեղծված լարվածության նվազումն ու իրավիճակի հետագա սրացման կանխումը, հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորումը, ԼՂ հիմնախնդիրը, Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման հետևանքով ստեղծված իրավիճակը»,- ասել է Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը:

Գերատեսչության ղեկավարն անդրադարձել է Հայաստան-Եվրոպական միություն հարաբերությունների դինամիկային:

«2022 թվականին ԵՄ-ՀՀ հարաբերությունները զգալիորեն խորացել են: Դա պայմանավորված է նաև ՀՀ ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին նպաստելու ԵՄ ջանքերով»,- նշել է նախարարը:

Արարատ Միրզոյանը խորհրդարանականներին հայտնել է, որ 2022 թվականին կայացել է վարչապետի՝ 3 այց Բրյուսել, որոնց շրջանակներում կայացել են վարչապետի ու ԵԽ նախագահ Շառլ Միշելի առանձնազրույցներն ու եռակողմ հանդիպումներ՝ Ադրբեջանի նախագահի մասնակցությամբ: Տարածաշրջանում զարգացումների ընթացքով պայմանավորված՝ կայացել են լրացուցիչ մի շարք հեռախոսազրույցներ ու հանդիպումներ միջազգային հարթակներում, մասնավորապես, ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 77-րդ նստաշրջանի և Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գագաթնաժողովի շրջանակում:

Անդրադարձ է կատարվել նաև 2022 թվականի հոկտեմբերի 6-ին ՀՀ վարչապետի, Ադրբեջանի նախագահի, Ֆրանսիայի նախագահի և ԵԽ նախագահի քառակողմ հանդիպմանն ու Պրահայի հայտարարությանը:

«Պրահայի հայտարարության համաձայն՝ Հայաստան գործուղվեց ԵՄ երկամսյա մշտադիտարկման քաղաքացիական առաքելությունը՝ ՀՀ-Ադրբեջան միջազգային սահմանի երկայնքով մշտադիտարկման համար, իսկ սահմանազատման գործընթացի իրականացման հիմքում դրվեց Ալմա-Աթայի հռչակագիրը: Երկամսյա ժամկետի ավարտից հետո մշտադիտարկման ժամանակահատվածը երկարաձգվել է»,- խոսքում նշել է Արարատ Միրզոյանը:

2022 թվականի երկրորդ կեսին արձանագրվել է ԵՄ գործադիր մարմինների բարձրաստիճան պաշտոնյաների Հայաստան այցելությունների զգալի ակտիվացում, ինչն էլ հնարավորություն է ընձեռել պահպանել ՀՀ-ի և ԵՄ-ի միջև համագործակցության ամրապնդման, ԵՄ աջակցությամբ բարեփոխումների իրականացման և մի շարք ուղղություններով աշխատանքների ինտենսիվությունը:  ԵՄ-ՀՀ համապարփակ ու ընդլայնված գործընկերության համաձայնագրով ստեղծված գործընկերության ինստիտուտցիոնալ շրջանակը շարունակել է արդյունավետ գործել: Այս համատեքստում Արարատ Միրզոյանը հարկ է համարել նշել նաև, որ հաշվետու տարվա ընթացքում Բրյուսելի հետ համաձայնություն է ձեռք բերվել մեկնարկել ՀՀ-ԵՄ քաղաքական և անվտանգային հարցերով երկխոսությունը:

«ՀՀ-ԵՄ մուտքի արտոնագրերի ազատականացման շուրջ երկխոսության ուղղությամբ աշխատանքները շարունակվել են, արձանագրվել է ՀՀ-ԵՄ իրավապայմանագրային դաշտի ընդլայնում»,- նշել է նախարարը:

Մեր երկրի և ԵՄ համագործակցության արդյունքում 2022 թվականին «ԼՂ-ում մշակութային արժեքների ոչնչացման վերաբերյալ» հրատապ և «ՀՀ նկատմամբ ագրեսիայի դատապարտման, Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի կարգավորման համատեքստում ԵԱՀԿ երեք հիմնարար սկզբունքները վկայակոչող, 44-օրյա պատերազմից հետո պահպանվող մարդասիրական խնդիրների, այդ թվում՝ հայ ռազմագերիների վերադարձի ապահովման մասին» բանաձևեր են ընդունվել:

Արևելյան գործընկերության ձևաչափի պահպանման ու ապագայի տեսլականի շուրջ քննարկումները վերսկսվել են 2022 թվականի աշնանը: ՀՀ-ն ակտիվ փոխգործակցել է ԵՄ-ի հետ թե՛ այդ համագործակցությունը խորացնելու, թե՛ փոխգործակցության նոր ուղղություններ ծավալելու նպատակով: Նախարարը կարևորել է, որ 2022 թվականին իր կատարած 22 այցելությունների 50 տոկոսը եղել են ԵՄ անդամ երկրներ:

Վերադառնալով ֆինանսական ցուցանիշներին՝ Արարատ Միրզոյանը հայտնել է, որ 2022 թվականի ընթացքում Եվրոպական կառույցների հետ հաստատվել են 195,7 մլն եվրոյի ծրագրեր, հաստատման փուլում են 86,3 եվրո արժողությամբ ծրագրեր, էական աշխատանքներ են կատարվել, սակայն դեռ հաստատման փուլին չի հասել ևս 900 մլն եվրո գնահատված հյուսիս-հարավ մայրուղու Սիսիան-Քաջարան ճանապարհահատվածի ծրագիրը:

Պատգամավորները հարցեր են ուղղել նախարարին: Դրանք վերաբերել են տարբեր երկրներում դիվանագիտական ներկայացուցչություններ չունենալու, ԵՄ հետ արտոնագրերի ազատականացման, ԵՄ դիտորդական առաքելություն` ՀՀ-Ադրբեջան սահմանին հրավիրելու մասին թեմաներին:

«ԵՄ դիտորդները ՀՀ սահմանին են նաև ադրբեջանական հնարավոր սադրանքի դեպքում տեղում ճիշտ տեղեկատվություն ստանալու համար»,- ընդգծել է Արարատ Միրզոյանը:

Հանդիպման ավարտին նախարարը վերահաստատել է քաղաքական ուժի դիրքորոշումը՝ ՀՀ-ն ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, Ադրբեջանը՝ ՀՀ-ինը:

«ՀՀ-ն Ադրբեջանից որևէ տարածքային պահանջ չունի, ակնկալում ենք լսել, որ Ադրբեջանն էլ ՀՀ-ից տարածքային պահանջ չունի: Այս գործընթացը ՀՀ-ն ու ՀՀ սահմաններն անխախտելի դարձնելու մասին է»,- ասել է ԱԳ նախարարը:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    10.10.2024
       
    11.10.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: