ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Նիդերլանդների խորհրդարանի մի խումբ նախկին պատգամավորներ կոչ են անում միջազգային խաղաղապահ առաքելություն ուղարկել ԼՂ

Նիդերլանդների խորհրդարանի մի խումբ նախկին պատգամավորներ համատեղ հայտարարություն են հրապարակել «Nederlands Dagblad» կայքէջում, որում կոչ են անում Նիդերլանդների կառավարությանը և միջազգային կառույցներին միջազգային խաղաղապահ առաքելություն ուղարկել Լեռնային Ղարաբաղ և ճնշում գործադրել Բաքվի վրա, որպեսզի ընդունի այդ առաքելությունը։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Նիդերլանդների խորհրդարանի նախկին պատգամավորները հիշեցրել են վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախորդ շաբաթ հնչեցրած հայտարարությունը, այն է՝ անվտանգության հավաստի երաշխիքների ապահովման դեպքում Հայաստանը պատրաստ է տարածաշրջանը ճանաչել որպես Ադրբեջանի մաս։

«Պրակտիկ առումով սա նշանակում է, որ պետք է լինի միջազգային ներգրավվածություն այդ խաղաղությունը պահպանելու և էթնիկ զտումները կանխելու համար: Այստեղ կարևոր է Նիդերլանդների կառավարության դերը։

Խաղաղությանը հնարավորություն տալու համար, բացի Արցախի բնակիչների երաշխավորված անվտանգությունից, անհրաժեշտ է նաև Ադրբեջանի հավատարիմ համագործակցությունը վերջնական սահմանների հաստատման, ռազմագերիների վերադարձի, փախստականների անվտանգ վերադարձի, վարչական և մշակութային ինքնավարության հարցերում։ Միանշանակ կարևոր է նաև  տարածաշրջանային  կապուղիների վերաբացումը, ինչպիսին է այժմ փակ Լաչինի միջանցքը՝ Հայաստանից Արցախ միակ մուտքի ճանապարհը»,- նշված է հայտարարության մեջ։

Նիդերլանդների խորհրդարանի նախկին պատգամավորների կարծիքով՝ վարչապետ Փաշինյանի հայտարարությամբ Հայաստանը ոչ միայն ռիսկի է դիմել, այլև կարևոր քայլ է կատարել դեպի խաղաղություն։

«Այժմ ժամանակն է, որ Եվրամիությունը, Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպությունը (ԵԱՀԿ), Միացյալ Նահանգները և Ռուսաստանը, հնարավորության դեպքում՝ Միավորված ազգերի կազմակերպության օգնությամբ աջակցեն, օգնեն սահմանել և իրականացնել խաղաղության այս նախերգանքը։ Սա հնարավոր չէ առանց Արցախի ներկայացուցիչների՝ քննարկմանը փաստացի մասնակցության։ Բոլորս հասկանում ենք, որ սա բարդ խնդիր է, որը սակայն մեծ նշանակություն ունի։ Մենք պետք է առերեսվենք այն փաստի հետ, որ առանց միջազգային ներգրավվածության խաղաղ գործընթացը դատապարտված է ձախողման։ Ի վերջո, Բաքվի ռեժիմը բռնապետական ​​է և անվստահելի. Ադրբեջանը շատ ցածր դիրք է զբաղեցնում Մարդկային ազատության ինդեքսում (Human freedom Index), և այս երկրում այլախոհներին, օրինակ, չեն հանդուրժում։

Հայաստանը, մյուս կողմից, լիարժեք ժողովրդավարական երկիր է՝ ԵՄ-ի հետ գործընկերային հարաբերություններով։ Թեև Ադրբեջանը տնտեսական հարաբերություններ ունի ԵՄ-ի հետ, մասնավորապես էներգետիկայի ոլորտում, դա նրան վստահելի գործընկեր չի դարձնում»,- նշված է Նիդերլանդների նախկին պատգամավորների հայտարարության մեջ։

Երկարատև խաղաղության հաստատման գործում Նիդերլանդների խորհրդարանի նախկին պատգամավորները անհրաժեշտություն են տեսնում ներառել նաև հարակից երկրները, ինչպիսիք են Թուրքիան և Իրանը, որքան էլ դա բարդ լինի:

«Ընդհանուր առմամբ, այժմ, երբ Փաշինյանը կատարեց այս կարևոր քայլը, հասունացել է ժամանակը, որ Նիդերլանդների կառավարությունն (ավելի) ակտիվ դեր ստանձնի: Հայաստանը խաղաղության ճանապարհ է բացել. Բաքվում իշխանության ղեկին կանգնածներն այժմ պետք է խաղաղությանը նպաստելու պատրաստակամություն ցուցաբերեն: 

Այժմ Նիդերլանդները պետք է ակտիվորեն կենտրոնանա ԵՄ-ի աջակցության, օրինակ, ՄԱԿ-ի կամ ԵԱՀԿ-ի դիտորդական առաքելության կամ միջազգային խաղաղության առաքելության վրա, որին ակտիվորեն մասնակցում է նաև Նիդերլանդները:

Անհրաժեշտ է հստակ ուղերձ հղել Բաքվի բռնապետ Ալիևին: Ալիևը մինչ այժմ ցուցաբերել է ոչ ավելի, քան բազմաթիվ տեսակի խոչընդոտներ և ագրեսիա։ Թող ԵՄ-ն, խորհրդակցելով միջազգային հանրության, ԱՄՆ-ի, ԵՄ-ի, ՄԱԿ-ի, ԵԱՀԿ-ի հետ, գիծ քաշի և ճնշում գործադրի Բաքվի վրա՝ ընդունելու միջազգային խաղաղապահ առաքելությունը։ Այդ ժամանակ պարզ կդառնա՝ Ալիևը խաղաղություն է ուզում, թե միայն պատերազմի նպատակ ունի»,- նշված է հայտարարության մեջ։

Հայտարարությանը միացել են Նիդերլանդների խորհրդարանի նախկին պատգամավորներ Հարրի վան Բոմմելը, Լին Վան Դայկը, Մարտայն Վան Հելվերտը, Յան Հուկեման և Ջոել Որդենվինդը։

 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    31.12.2024
       
    01.01.2025
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: