ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ԵՄ-ի և ԱՄՆ-ի հետ երկխոսությամբ և ՌԴ-ի հետ աշխատանքով Հայաստանը ձգտում է տնտեսությունը զերծ պահել պատժամիջոցներից. ԱԳ փոխնախարարը՝ POLITICO- ին

Ուկրաինայում ծավալված ռազմական գործողությունների պատճառով Եվրոպական միության կողմից Մոսկվայի դեմ սահմանվել է պատժամիջոցների 10 փաթեթ: Առաջիկայում ծրագրվող 11-րդ փաթեթի շրջանակներում ԵՄ-ն նախատեսում է խստացնել գործող սահմանափակումները և ավելի խստորեն վերահսկել դրանց շրջանցումը: Հայաստանը և Ղազախստանը խոստացել են փոքր-ինչ զսպել Ռուսաստանի հետ ռազմական տեխնիկայի և շքեղության ապրանքների առևտուրը, որպեսզի զերծ մնան ԵՄ-ի պատասխան միջոցներից: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, POLITICO հրատարակությունը թեմայի շուրջ զրուցել է ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Մնացական Սաֆարյանի հետ:

POLITICO-ն նշում է, որ լինելով Եվրասիական տնտեսական միության անդամ, որը ենթադրում է միության երկրների միջև ապրանքների ազատ տեղաշարժ՝ Հայաստանի համար տեխնիկապես բարդ է դառնում հնարավոր զգայուն ապրանքների հոսքի սահմանափակումը:

«Չնայած Եվրասիական տնտեսական միությունը երաշխավորում է ապրանքների ազատ տեղաշարժը, սակայն մենք չենք կարող պատժամիջոցների տակ ընկնել՝ ներգրավվելով ստվերային գործունեության մեջ, շրջանցելով պատժամիջոցները», - նշել է Սաֆարյանը:

«Մենք շատ անհանգստացած ենք, որ նման զարգացումը՝ երկրի կամ մեր ընկերությունների՝ պատժամիջոցների տակ հայտնվելը, կազդեն մեր տնտեսության վրա, և Հայաստանի համար տնտեսության և անվտանգության տեսանկյունից անտանելի իրավիճակ կստեղծվի», - հայտնել է ՀՀ ԱԳ փոխնախարարը։

Հայաստանն այժմ հրապարակայնորեն հանձն է առել աշխատել ԵՄ-ի և ԱՄՆ-ի հետ՝ արգելափակելու «ռիսկային ապրանքների» առևտուրը: Անցյալ ամիս Երևանը կազմել է այնպիսի ապրանքների ցանկ, որոնց նկատմամբ կիրառվում են խիստ վերահսկողության միջոցներ. դրանք այն ապրանքներն են, որոնք կարող են, ի վերջո, օգտագործվել ռուսական զենքի արդյունաբերության մեջ:

POLITICO-ն հավելում է, որ «լինելով տարածաշրջանի միակ զարգացող ժողովրդավարական պետություններից մեկը, ունենալով կառավարություն, որը զգալի առաջընթաց է գրանցել քաղաքացիական ազատությունների և մամուլի ազատության հարցում, Երևանը հեռանում է իր ավանդական դաշնակից Ռուսաստանից և ձգտում սերտ կապեր հաստատել Արևմուտքի հետ»:

«Մեր քաղաքականությունը հիմնված է ԵՄ-ի և ԱՄՆ-ի հետ երկխոսության վրա: Սակայն մենք նաև աշխատում ենք Ռուսաստանի հետ, որպեսզի կարողանանք կարգավորել այս հարցերը, քանի որ մեր տնտեսությունները մեծապես փոխկապակցված են», - ասել է Մնացական Սաֆարյանը:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    23.12.2024
       
    24.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: