ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Աշխարհում կարմրուկի համաճարակային իրավիճակից ելնելով՝ արտերկիր մեկնողներին ԱՀ-ն հորդորում է նախապես պատվաստվել

Ամբողջ աշխարհում կարմրուկի համաճարակային իրավիճակը բավականին ակտիվ է, այդ իսկ պատճառով առողջապահության  նախարարությունը  հանգստի կամ արտերկիր մեկնողներին հորդորում է նախապես՝ առնվազն 10-ից 14 օր առաջ պատվաստվել, որպեսզի օրգանիզմի իմունհամակարգը կարողանա  հակամարմիններ ստեղծել և պատրաստ լինել դիմակայել կարմրուկի վիրուսին:

«Արմենպրես»-ի հետ զրույցում Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի տնօրենի տեղակալ, Իմունականխարգելման ազգային ծրագրի ղեկավար Գայանե Սահակյանն ընդգծեց, որ այս պահին Հայաստանում առկա դեպքերի գերակշռող մասը բերովի են:

Ըստ նրա՝ մարտի սկզբից մինչև այսօր գրանցվել է 270 լաբորատոր հաստատված դեպք, գերակշիռ մասը երեխաներ են, մոտ՝ 70 տոկոսը, և  մեծամասնությունն ընդհանրապես պատվաստված չէ:

«Այս պահին մեր երկրում  կարմրուկի գերակշռող դեպքերը բերովի են և կապված  են  զբոսաշրջիկների մեծ հոսքի հետ, ուստի Հայաստանի առողջապահության նախարարության հորդորն է, որպեսզի հանգստի մեկնելուց առաջ բոլոր քաղաքացիները ևս մեկ անգամ ստուգեն և համոզվեն, որ իրենք կարմրուկի դեմ պատվաստում ունեն: Եթե չունեն, ապա պլանավորեն պատվաստումները, քանի որ այս պահին առողջապահության նախարարության  թույլտվությամբ՝ համաճարակաբանական ցուցումով ոչ մի բուժհաստատություն չի մերժի:

Սա կարևոր է, որ մարդիկ կարողանան վայելել իրենց հանգիստը և հետ վերադառնալիս ևս առողջական խնդիրներ և բարդացումներ չունենան»,- նշեց մասնագետը:

Նա ասաց, որ 2007 թվականից Հայաստանը համարվում էր որպես կարմրուկից ազատ, էլիմինացված երկիր, քանի որ Հայաստանում մինչև օրս  տեղական փոխանցում չի գրանցվել:  Այս կարգավիճակը կհամարվի չգործող, երբ երկրում 12 ամիս շարունակ հաճախակի կարմրուկի տեղային փոխանցման դեպքեր գրանցվեն:

«2023 թվականի մարտից սկսած բերովի դեպքի հետ կապված մենք ունենք ընթացիկ բռնկում և մինչև հունիսի սկզբները  համարվում էր, որ համաճարակաբանական օրինաչափությունը քիչ-քիչ մարման միտում ուներ և դեպքերը կամ եզակի էին գրանցվում, կամ ընդհանրապես չէին գրանցվում:

Ցավոք, պետք է նշեմ, որ մայիսի կեսերից սկսած մեծ թվով զբոսաշրջիկներ արտերկրում հանգստանալու են մեկնում և հետ վերադարձին արդեն նրանց մոտ գրանցվում են կարմրուկի դեպքեր:

Ընդհանուր առմամբ սա նորություն չէ, մենք պարբերաբար ունեցել ենք բերովի դեպքեր և ձեռնարկված միջոցառումների շնորհիվ դեպքերը տեղայնացվում էին և շարունակություն այլևս չէին ստանում և մենք պահպանում էինք  կարմրուկից և կարմրախտից էլիմինացված  կարգավիճակը»,-նշեց նա:

Գայանե Սահակյանն ընդգծեց, որ կարմրուկի հիմնական նախանշանը ցանավորումն է, սակայն վարակվելուց հետո ցանավորումը դրսևորվում  է առնվազն 10 օր հետո, այդ իսկ պատճառով քաղաքացին, երբ վերադառնում է այլ երկիր այցելությունից և իր մոտ  առաջանում է կատարալ նշաններ, սուր-շնչառական վիրուսային վարակիչ հիվանդություններին բնորոշ ախտանշաններ, աչքերի լորձաթաղանթի բորբոքում և հետագայում հնարավոր է նաև ցանավորում, պետք է չզբաղվեն ինքնաբուժությամբ և անմիջապես դիմեն բուժհաստատություն:

«Կարմրուկից խուսափելու համար ամենաարդյունավետ միջոցառումը պատվաստումն է, մնացած բոլոր միջոցառումները՝ ձեռքերի հիգիենան, դիմակների կրումը ևս կարող են նպաստել վարակի կանխարգելմանը, սակայն ասեմ, որ կարմրուկը համարվում է ամենավարակիչ հիվանդություններից մեկը և նույնիսկ, երբ վարակակիրը գտնվել է տվյալ տարածքում և դուրս է եկել, չպատվաստված քաղաքացին տվյալ տարածքում գտնվելով, կարող է շատ արագ վարակվել»,- ասաց նա:

Մասնագետը վստահեցնում է, որ եթե քաղաքացին 2 դեղաչափ ստացել է, ապա չի հիվանդանա: Իսկ այն քաղաքացիներն, ովքեր պատվաստված են, բայց  ունեն թույլ իմունային համակարգ և հաճախ են հիվանդանում, ապա  կարմրուկով վարակվելու պարագայում էլ հիվանդությունը կտանեն շատ թեթև:

«Հիշեցնենք մեր քաղաքացիներին, որ մեր ունեցած օրինակներով կարող ենք փաստել, որ կարմրուկի վիրուսը  շատ հեշտությամբ գտնում է չպատվաստված անձանց, և հուսալ, որ շրջապատում բոլորը պատվաստված են՝ ես չպատվաստված կարող եմ պաշտպանվել, դա ինքնախաբեություն է»,- եզրափակեց Գայանե Սահակյանը:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    07.12.2024
       
    08.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: