ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

«Իրավիճակը նմանվում է կկվի պատմությանը. ամեն ինչ տանք, միայն թե մեզ հանգիստ թողնեն». Սիլվա Ադամյան

 

 44-օրյա պատերազմից հետո Արցախի Հանրապետության և ՀՀ առջև ծառացած բնապահպանական խնդիրների շուրջ «Արմեդիա» ՏՎԳ-ն զրուցել է NGO forum on ADB in Armenia հայաստանյան համակարգող, բնապահպան Սիլվա Ադամյանի հետ:  

 

1. 2020թ. 44-օրյա պատերազմի աղետալի հետևանքները դեռ երկար ենք զգալու: Մարդկային անդառնալի կորուստներ, տարածքային կորուստներ ու փաստացի առ այսօր շարունակվող պարտություն: Արցախի 75 % տարածքների կորուստը նաև այլ շերտեր ունի: Մասնավորապես, ինչպիսի՞ բնապահպանական խնդիրների առաջ կանգնեցինք 2020թ.-ից հետո:

 

-          Պատերազմը շատ մեծ վնասներ հասցրեց Արցախի Հանրապետությանը, ՀՀ սահմաններին։ Կցանկանայի անդրադառնալ պատերազմի ժամանակ կիրառված ֆոսֆորային զենքին, որն իր բացասական հետևանքները թողնում է հողի, ջրի անտառների, ամբողջ շրջակա միջավայրի վրա։ Գուցե այդ հետևանքներն այս պահին չզգացվեն, բայց տարիների ընթացքում այն տարածքներում, որտեղ կիրառվել է ֆոսֆորային զենք, հետևանքները կերևան։ Այն մարդիկ, ովքեր ուսումնասիրում են Արցախի Հանրապետության տարածքները, զբաղվում շրջակա միջավայրի պաշտպանությամբ, անպայման կզգան և՛ բուսական ու կենդանական աշխարհում սպասվող փոփոխությունները, և՛ հողում, և՛ ջրի մեջ։

Այս զենքի կիրառումը բնապահպանների կողքով աննկատ չանցավ. մի քանի տասնյակ կազմակերպություններ նամակ գրեցին միջազգային կառույցներին, որը շատ լավ էր պատրաստված՝ թարգմանված մի քանի լեզուներով,  սակայն ավաղ արձագանքը զրոյական էր: Չստացանք արձագանք, բացառությամբ մեկի՝ հավանաբար այն պատճառով, որ ինքս այդ կազմակերպությունում Հայաստանն եմ ներկայացնում։ Այսինքն միջազգային հանրությունն այդ զենքի կիրառմանը շատ հանգիստ վերաբերվեց, այնինչ, եթե դա կիրառվեր նույն Ուկրաինայի տարածքում,  պատկերացնում եմ՝ ինչպիսի աղմուկ կբարձրացվեր և՛ լրատվամիջոցների, և՛ կառույցների կողմից, սակայն չգիտես ինչու՝ Արցախում կիրառության հանգամանքը դրվեց մի կողմ։ Ավելին, նշեմ, որ ադրբեջանցի բնապահպան, նույն ֆորումի անդամներից մեկը, որում ես Հայաստանն եմ ներկայացնում,  խայտառակ պատասխան նամակ էր հղել,  իբրև թե մենք էինք կիրառել այն զենքը մեր իսկ տարածքում՝ փորձելով մեղքը բարդել իրենց վրա։ Իհարկե ես իմ գործընկերներին այդ հարցով դիմեցի, տեղեկացրեցի ադրբեջանցի «բնապահպանի» պատասխան նամակի մասին, ինչը շատ զայրացրեց բոլորին։ Նման զարգացումներ եղան այդ օրերին։

Բնապահպանական տեսանկյունից մյուս խնդիրը, որին կուզեի անդրադառնալ, ջրային տարածքներն են՝ գետերը, ջրերը, ջրամբարները, որոնք խիստ կապ ունեն ՀՀ հետ։ Մենք Արցախում կորցրեցինք ՀԷԿ-եր, որոնք էլեկտրաէներգիա էին մատակարարում և՛ Արցախի Հանրապետութանը, և՛ ՀՀ –ին։ Փաստացի մեզ մնաց միայն Սարսանգի ջրամբարն իր ՀԷԿ-ով, որով ապրում է Արցախը։ Մինչդեռ այնտեղ ևս դրությունը շատ վատ է՝ ջրամբարը չորանալու շեմին է։

 

2. Նշեցիք բնապահպանական միջազգային համայնքի անտարբերության մասին: Ինչո՞վ եք դա պայմանավորում։ Արդյո՞ք խնդիրը նաև մեր կողմից պետական, համակարգված ոչ պատշաճ մոտեցման արդյունքը չի կարող լինել։ Գուցե ա՞յլ պատկեր ունենայինք, եթե լինեին ինստիտուցիոնալ, համակարգված գործողություններ։

 

-          Իհարկե։ Պետության մոտեցումները պետք է այլ լինեին։ Մենք, որպես ՀԿ-ներ, հասկանալիորեն ունենք որոշակի կշիռ: Բայց պետք է պետական մակարդակով այդ ամենն արվեր, ընդհանուր առմամբ՝ Արցախի խնդիրների մասով, և՛ պատերազմի, և՛ քաղաքական խնդիրների հետ կապված, ավելի աչալուրջ, ավելի գրագետ մոտեցումներ պետք է լինեին։ Լոբբի պետք է իրականացվեր, պետք է ասվեր՝ ինչ է կատարվում, մինչդեռ մեզ մոտ ծածկադմփոց էր արվում։ Փորձ էր կատարվում մեր թշնամիների հետ նստել կլոր սեղանի շուրջ ու փորձել գալ համաձայնության։ Այս գետը կտանք, այս ջուրը կտանք։ Կկվի պատմությանն է նմանվում այս իրավիճակը։ Ամեն ինչ կտանք, միայն թե մեզ հանգիստ թողեք։ Բայց իրականությունն այլ է. չէ- որ սա պետություն է,  ուստի գործողությունները պիտի լինեն համահունչ։ Նույն տրամաբանության ներքո, բոլոր նրանք, ովքեր ասում են «Արցախը տանք, պրծնենք» մեր թշնամիներն են։ Այդկերպ մտածող մարդիկ պետք է հասկանան, որ Արցախը տալով մենք արդեն իսկ կանգնել ենք լուրջ խնդիրների առաջ, մենք կորցնում ենք Հայաստանի Հանրապետությունը։ Սա հարց է, որը պետք է հասցնել հանրությանը։ Եթե պետական մակարդակով ասում են մեզ Արցախը պետք չէ, մեզ Շուշին պետք չէ, դժբախտ ու դժգույն քաղաք էր, եթե ամենաբարձր ամբիոնից նման մտքեր են հնչում՝ ինչպիսի՞ արձագանք պետք է ակնկալել միջազգային կառույցներից։ Բնականաբար՝ համապատասխան անուշադրություն ու իմիջիայլոց վերաբերմունք են դրսևորում։  

 

3. Անդրադառնանք Հայաստանին: Այս տարվա փետրվարին Կառավարության ներկայացուցիչը հայտնեց, որ Ամուլսարի հանքը կշահագործվի: Խոսքը վերաբերում է Կառավարության, «Լիդիան Արմենիա» ընկերության և Եվրասիական զարգացման բանկի միջև ստորագրված 250 մլն դոլար արժողությամբ համաձայնագրին: Ի վերջո ի՞նչ տեղի ունեցավ, ստացա՞նք որևէ երաշխիք հանքի շահագործման ռիսկերի հետ կապված: Ինչպե՞ս կգնահատեք Կառավարության որոշումը:

 

- Որևէ երաշխիք չկա, որովհետև բնապահպանների և փորձագետների կողմից բարձրաձայնված բոլոր խնդիրներն, այդպես էլ մնացին օդում կախված։ Դրանց թվում՝ խորքային ջրերի խնդիրը։ Կառավարությանն այդ խնդիրը ներկայացվել է, նաև նշվել, որ «Լիդիան» ընկերությունն իր վերլուծություններում չունի հանքի՝ խորքային ջրերի վրա սպասվող ազդեցությունները։ Իսկ դա ամենակարևոր խնդիրն է Ամուլսարի հանքի հետ կապված։ Մեկ ֆինասնավորողին մեկ այլ ֆինասավորողով փոխելով փաստացի խնդիր չի լուծվել. ռիսկերն ինչպես կային, այնպես էլ մնացել են։ Ներկայացված փաստաթղթերում փաստացի մեկ-երկու թերթ է ավելացել, բայց ան ռիսկերը, որոնք տեսել ենք և՛ ջրերի, և՛ ցիանիդային հարթակի հետ կապված, և՛ կենսաբազմազանության խնդիրները, դրանք բոլորը մնացել են անպատասխան։ Կառավարության համար առաջնահերթ է տնտեսական սպասվող օգուտը, բայց ես շատ լավ հիշում եմ վարչապետի խոսքերը, երբ առաջին անգամ իշխանափոխությունից հետո Ամուլսարի խնդիրները բարձրաձայնվեցին։ Նա հնչեցրեց, որ եթե իմանան, որ նույնիսկ մեկ տոկոս լուրջ ազդեցություն կա շրջակա միջավայրի վրա, հանքի շահագործումը թույլ չեն տալու: Գործնականում տեսնում ենք, որ հաշվի չի առնվել ոչ մի բան, և իրականությունն այն  է, որ դրանք պարզապես խոսքեր էին: Մինչդեռ բնապահպաններն ուզում են, որ Ջերմուկը մնա Ջերմուկ: Ջեմուկում չի կարելի այդ հանքը բացել և վե՛րջ: Ջերմուկցիները դեմ են հանքի շահագործմանը և ճիշտ են, նրանց ձայնը պետք է լսելի լինի: Մինչդեռ Կառավարությունն, անտեսելով հանրային կարծիքն, անում է այնպես, ինչպես իրեն է հարմար: Բնապահպաններով այդ համաձայնագրի ստորագրման մասին իմացել ենք երկու ժամ առաջ: Ամուլսարի հարցում շատ ակտիվ մի քանի հոգով փորձեցինք բողոք բարձրացնել, սակայն դա էլ անուշադրության մատնվեց, նաև՝ մամուլի կողմից:

Սա չի բխում ՀՀ շահերից:

 

4. Այսօրվա իշխանության հայտնի դեմքերից ժամանակին ակտիվ պայքարում էին նույն Ամուլսարի հանքի շահագործման դեմ, մինչդեռ այսօր կամ հանդես են գալիս հակառակ դիրքից, կամ լավագույն դեպքում՝ լռում են: Ինչպե՞ս են այս փոփոխությանն արձագանքում ձեր միջազգային գործընկերները:

 

 – Ցավոք սրտի պիտի արձանագրեմ, որ միջազգային կազմակերպությունները շատ լոյալ վերաբերմունք ունեն այդ մարդկանց նկատմամբ: Կոնկրետ նշենք, խոսքը Լենա Նազարյանին է վերաբերում, ով  և՛ Թեղուտի ժամանակ, և՛ հանքարդյունաբերական այլ խնդիրների ժամանակ շատ ակտիվ է եղել: Ներկայումս որևէ բնապահպանական կառույց չի գտնում, որ դա տարօրինակ է, առնվազն ես դա չեմ տեսնում: Ես պիտի անդրադառնամ մի հանդիպման, որի շրջանակներում ԵՄ ներկայացուցիչները հանրային սեկտորի հետ քննարկում էին ՀՀ տնտեսական ռազմավարությունը, զարգացման ճանապարհը: Այդ հանդիպմանը, որը մի քանի տարի առաջ է տեղի ունեցել, մի սարսափելի բան լսեցի, ինչն ինձ համբերությունից հանեց: ԵՄ ներկայացուցիչը հայտարարեց, որ ՀՀ ամենաշոշափելի և ճիշտ ճանապարհը հանքարդյունաբերությունն է, հանքհանումը: Սա՞ է Եվրոպայի դիրքորոշումն ու առաջարկը ՀՀ-ին: Իրականությունը, սակայն այլ է: Ես չեմ ժխտում, մենք պե՛տք է ունենանք հանքարդյունաբերություն, բայց դա դարձնել երկրի ռազմավարություն և ասել, որ սա միակն է, մնացած ուղիներն առոչինչ են, սխալ է: Իսկ մենք գիտենք, որ այսպիսով միայն երկիրը չի կարող հարստանալ, չի կարող ժողովուրդը լավ ապրել այն երկրում, որտեղ Անգլիայից, ՌԴ-ից կամ այլ տեղից գալիս են հանքը շահագործում են այն պայմաններով, ինչպես շահագործում են մեզ մոտ: Մենք ունենք համեմատաբար մեկ նորմալ պայմաններով շահագործվող հանք, Քաջարանի կոմբինատն է: Չնայած դա ևս շրջակա միջավայրը վնասում է, սակայն առնվազն փորձում են կարգավորել հանքարդյունաբերական ոլորտը և համեմատաբար բնակչությունը տնտեսապես ավելի լատ վիճակում է, քան մնացած տեղերում, օրինակ՝ Թեղուտում:

 

5. Ադրբեջանական այսպես կոչված «բնապահպանական» շարժումը պատճառ դարձավ 120 հազար մեր հայրենակիցների տոտալ շրջափակման, մինչդեռ այսօր բավական լուրջ էկոլոգիական խնդիր է առաջացել՝ ի դեմս Սարսանգի ջրամբարի: Ինչպիսի՞ն պետք է լինի հայաստանյան բնապահպանական համայնքի հակազդեցությունն, այդ թվում՝ դեպի միջազգային հանրություն: Այս ուղղությամբ գործողություններ արվու՞մ են:

 

– Ցավալիորեն պետք է նշեմ, որ այսօր մեր բնապահպանական հանրությունը շատ ինֆանտիլ վիճակում է Արցախի հետ կապված: Սա ցավով եմ նշում: Անհատներ կան, ովքեր փորձում են խնդիրները բարձրաձայնել: Բայց ընդհանուր առմամբ բնապահպանական հանրությունն ինֆանտիլ վիճակում է, մասնավորապես կապված Արցախի Հանրապետության խնդիրների հետ: Տպավորություն է, որ այդ մարդիկ Արցախը դրել են մի կողմ, հետաքրքրված են միայն ՀՀ խնդիրներով, որոնք շատ-շատ են:

Ինչ վերաբերում է «էկոակտիվիստներին», Ազատության հրապարակում դրանց դեմ մի փոքր հանրային հավաք եղավ, բայց հիմնականում այլ ոլորտներից էին ներկա, բնապահպաններից երևի միայն ես էի: Մենք տեղում բարձրաձայնեցինք, խոսեցինք, անգամ մի քանի արտասահմանցի լրագրողներ կային: Ներկայացրեցինք՝ ինչպիսի խնդիրներ կառաջացնի շրջափակումը՝ և՛ բնապահպանական, և՛ սոցիալական: Ինքս խոսել եմ այդ մասին: Բայց չեմ կարող ուրախացնել, որ բնապահպանական հանրությունը որևէ քայլ է ձեռնարկում Սարսանգի ջրամբարի հետ կապված, այնինչ իրավիճակը կատաստրոֆիկ է: Մեր շրջափակված հայրենակիցների համար էլեկտրաէներգիայի միակ աղբյուր ջրամբարը չորանում է:

Միևնույն ժամանակ, ես կառաջարկեի այս ամենին հանգեցնողներին չանվանել էկոակտիվիստներ. դրանք մարդիկ էին՝ դրված Ալիևի կողմից քաղաքական խնդիր լուծելու նպատակով:  Ադրբեջանում վերջին շրջանում ինչ-որ հանք էին ուզում բացել, ինչին դեմ էին բնապահպանները: Նրանց բանտարկել են: Իրենք բնապահպան էին, իսկ մեր հայրենակիցներին ջրից, հացից կտրելու փորձ անողներին ես չեմ կարող էկոակտիվիստ անվանել:

Սարսանգի ջրամբարն այսօր էլ վատ վիճակում է, ունի ռազմավարական նշանակություն Արցախի Հանրապետության համար, և ես կարծում եմ, որ յուրաքանչյուր բնապահպանի գործն է բարձրաձայնելու բոլոր այդ խնդիրները:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    06.12.2024
       
    07.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: