ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Սերգեյ Լավրովն արդյունավետ է գնահատում ՀՀ, ՌԴ և Ադրբեջանի ԱԳ նախարարների Մոսկվայում կայացած հանդիպման արդյունքները

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը ԶԼՄ-ների համար հայտարարությամբ ամփոփել է հուլիսի 25-ին Մոսկվայում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ եռակողմ հանդիպման արդյունքները՝ արդյունավետ գնահատելով դրանք:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ըստ ՌԴ ԱԳՆ տարածած հաղորդագրության, Սերգեյ Լավրովը նշել է. «Այսօր արդյունավետ բանակցություններ ենք վարել մեր գործընկերների՝ Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջ.Ա. Բայրամովի և Հայաստանի արտաքին գործերի նախարար Ա. Ս. Միրզոյանի հետ:

Սկզբում կազմակերպեցինք ռուս-ադրբեջանական և ռուս-հայկական երկկողմ բանակցությունների երկու փուլ։ Քննարկեցինք մեր երկկողմ հարաբերությունների վիճակը, նախանշեցինք հետագա քայլերը՝ բարձր մակարդակներում ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ուղղությամբ։ Այնուհետեւ երեքով հանդիպեցինք, որպեսզի քննարկենք տարածաշրջանային օրակարգը, առաջին հերթին Լեռնային Ղարաբաղում և նրա շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ։

Մեր զրուցակիցներին ներկայացրինք ռուսական կողմի գնահատականները՝ հաշվի առնելով այն զեկույցները, որոնք ներկայացնում են ռուս խաղաղապահները Լեռնային Ղարաբաղում, այն քայլերը, որոնք խիստ ցանկալի է անհապաղ, առանց ուշացման ձեռնարկել՝ Ղարաբաղի բնակչությանը սննդով, դեղորայքով, առաջին անհրաժեշտության պարագաներով ապահովելու, անխափան էլեկտրա  և գազամատակարարումն ապահովելու համար։ Դա բխում է հասարակ մարդկանց, հայերի, տարածաշրջանի բնակիչների շահերից։

Ռուսաստանը, որպես խաղաղ գործընթացի առանցքային միջնորդ, սկսած Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից, շահագրգռված է ճգնաժամի շուտափույթ կարգավորմամբ՝ լիովին համապատասխան այն եռակողմ հայտարարություններին, որոնք Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարներն ընդունել են 2020, 2021 և 2022 թվականներին։

Խոսեցինք ևս մեկ կարևոր դրույթի մասին, որն այդ պայմանավորվածությունների շրջանակում է: Նկատի ունեմ ամբողջ տարածաշրջանում անարգել երթևեկության ապահովումը, տրանսպորտային, տնտեսական հաղորդակցության ապաշրջափակումը։

Հատուկ ուշադրություն է դարձվել սահմանազատման հարցերին, որոնք սերտորեն կապված են քննարկվող խնդիրների ամբողջ շարքի հետ և Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագրի շուտափույթ կնքման հարցերին:

Ակնկալում ենք, որ բանակցային մեծ գործընթացի գագաթնակետը կլինի հենց այդ պայմանագրի ստորագրումը, որը գիծ կքաշի Ռուսաստանի Դաշնության նախագահ Վ.Վ. Պուտինի հետ եռակողմ հանդիպումների ընթացքում հայերի և ադրբեջանցիների սկսած ջանքերի տակ:

Ճանապարհը հեշտ չէ: Շատ բարդ և կարևոր հարցեր պետք է լուծվեն։ Դրանցից ամենազգայունը եղել և մնում է Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքների և անվտանգության երաշխիքների խնդիրն Ադրբեջանի տարածքային ամբողջականության ապահովման համատեքստում՝ 1991 թվականի հռչակագրին համապատասխան, որը նախկին խորհրդային հանրապետությունների ղեկավարները ստորագրել են Ալմա-Աթայում։ Դրա արդյունավետությունն այսօր հաստատված է և՛ ադրբեջանական, և՛ հայկական ղեկավարության կողմից։ Դրան համապատասխան կառուցվում է խաղաղության պայմանագրի վրա աշխատանքը։

Հայկական կողմը ըմբռնում ունի Լեռնային Ղարաբաղի հայերին ադրբեջանական ներկայացուցիչների հետ շուտափույթ հանդիպումների մեջ համոզելու անհրաժեշտության մասին՝ համապատասխան օրենսդրությունից և միջազգային պարտավորություններից (տվյալ դեպքում՝ Ադրբեջանի) բխող իրավունքների համաձայնեցման համար, ներառյալ՝ ազգային փոքրամասնությունների իրավունքների ապահովման մասին բազմաթիվ կոնվենցիաները:

Ադրբեջանական կողմը փոխադարձ հիմունքներով պատրաստ է նույնպիսի երաշխիքներ տրամադրել նաև իր տարածքում բնակվող անձանց նկատմամբ: Հայերը պատրաստ են նույնը անել Հայաստանի Հանրապետությունում բնակվող քաղաքացիների նկատմամբ բոլոր կոնվենցիաների կիրառման առումով։

Հարցերը հեշտ չեն։ Հուսով եմ, որ այսօրվա քննարկումները կօգնեն դրական լիցք հաղորդել բանակցային գործընթացին այս և այլ ուղղություններով: Այս փուլում առավել մոտ արդյունք է դիտվում այն եռակողմ աշխատանքային խմբում պայմանավորվածության ձեռքբերումը, որը գլխավորում են երեք փոխվարչապետները, որոնք զբաղվում են տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման կոնկրետ հարցերի համաձայնեցմամբ: Այս համատեքստում հեռանկարներ կբացվեն նաև տրանսպորտային ոլորտում հեռանկարային նախագծերի իրականացման համար, որոնք արդեն ունեն ոչ միայն տարածաշրջանային, այլև ավելի լայն բնույթ:

Պայմանավորվեցինք փորձել վերսկսել երկխոսությունը երկրորդ «ուղու» շուրջ՝ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների, փորձագետ-քաղաքագետների միջև։ Նաև հույս ունենք (առաջարկել ենք դա այսօր) սկսել եռակողմ երկխոսություն խորհրդարանականների գծով։

Ակնկալում ենք, որ բանակցությունների գործընթացը կշարունակվի։ Հասկանում ենք թե՛ հայկական, թե՛ ադրբեջանական կողմի հետաքրքրությունը՝ միջնորդներ օգտագործելու ոչ միայն ի դեմս Ռուսաստանի Դաշնության, այլ նաև մյուսների։ Ողջունում ենք նրանց ցանկությունը, ովքեր անկեղծորեն շահագրգռված են օգնել Բաքվին և Երևանին գտնել պայմանավորվածություններ, ովքեր, ինչպես և մենք, աշխատում են այդ ուղղությամբ։ Բայց չպետք է լինեն այս կամ այն պայմանավորվածություններն արհեստականորեն պարտադրելու փորձեր՝ ոչ թե հայ և ադրբեջանցի ժողովուրդների շահերից ելնելով, այլ հանուն լրատվամիջոցների գեղեցիկ վերնագրերի, հանուն աշխարհաքաղաքական և ներքաղաքական նկատառումների։

Մեր գործընկերները շնորհակալություն հայտնեցին մեզ այս նախաձեռնության համար։ Շարունակելու ենք եռանդուն աշխատանքը հետագա հանդիպումների նախապատրաստման ուղղությամբ, այդ թվում՝ այս տարի Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների հերթական գագաթնաժողովն անցկացնելու ծրագրեր կան»։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    22.11.2024
       
    23.11.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: