ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ֆրանկոֆոնիայի 9-րդ խաղեր. ըմբիշները 2 ոսկե, 2 արծաթե և 1 բրոնզե մեդալ են նվաճել

Armenpress

Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականի 5 անդամներն էլ մեդալներ են նվաճել Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության մայրաքաղաք Կինշասայում անցկացվող Ֆրանկոֆոնիայի միջազգային 9-րդ խաղերում:

Խաղերի չեմպիոնի կոչմանն արժանացել և ոսկե մեդալներ են նվաճել Վրեժ Գևորգյանն (61 կգ) ու Գևորգ Մխեյանը (70 կգ): Հրաչյա Մարգարյանը (65 կգ) և Ռազմիկ Սիմոնյանը (79 կգ) դարձել են արծաթե, իսկ Առաքել Մովսեսյանը (57 կգ)՝ բրոնզե մեդալակիրներ:

Հայ ըմբիշներին պարգևատրել է ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ, Հայաստանի պատվիրակության ղեկավար Կարեն Գիլոյանը:

Հիշեցնենք՝ ազատ ոճի ըմբշամարտ, ձյուդո, սեղանի թենիս և հեծանվային սպորտ մարզաձևերում Հայաստանը ներկայացնում է 19 մարզիկ:

Աթլետիկայի թիմի կազմում ընդգրկված են Լևոն Աղասյանը (եռացատկ), Գոռ Բեգլարյանը (հեռացատկ), Ռոման Ալեքսանյանը (800 մետր վազք), Դավիթ Սարգսյանը (200 և 400 մետր վազք), Յանա Սարգսյանը (հեռացատկ և եռացատկ), Էլլադա Ալավերդյանը (800 մետր վազք) և Մարիաննա Բաղյանը (100 և 200 մետր վազք)։

Ձյուդոյի երիտասարդական թիմի կազմում ընդգրկված են Աշիկ Անդրեյանը, Մեսրոպ Նիկոյանը և Գոռ Կարապետյանը: Նախապատրաստվելով Ֆրանկոֆոնիայի խաղերին՝ ձյուդոիստները հուլիսի 8-20-ն ուսումնամարզական հավաք են անցկացրել Ռուսաստանի Դաշնության Տուապսե քաղաքում՝ գլխավոր մարզիչ Հովհաննես Դավթյանի ղեկավարությամբ:

Երկուական մարզիկ էլ ընդգրկված է հեծանվային սպորտի և սեղանի թենիսի թիմերում: Մրցավայր են մեկնել հեծանվորդներ Խաչիկ Շարյանը և Վահե Վիրաբյանը, ինչպես նաև սեղանի թենիսի ներկայացուցիչներ Ավետ Վասիլյանը և Ռիմա Խլղաթյանը:

Նշենք՝ չորս տարին մեկ անցկացվող խաղերին մասնակցելու իրավունք ունեն Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 88 լիիրավ անդամ և դիտորդ պետությունների 18-35 տարեկան ֆրանսախոս երիտասարդները: Այս տարի մասնակցության հայտ է ներկայացրել 38 երկիր, այդ թվում՝ Հայաստանը (արդեն 4-րդ անգամ): Մասնակից երիտասարդները մրցելու են մշակույթի և սպորտի տարբեր ուղղություններով, լավագույններն արժանանալու են մրցանակների:

Հայաստանը 2009 թվականից ակտիվորեն մասնակցում է Ֆրանկոֆոնիայի խաղերին: Մեր երկրի ներկայացվածությունը խաղերին նպաստում է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության հետ համագործակցության զարգացմանը և խթանում համատեղ նոր ծրագրերի իրականացումը:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    23.12.2024
       
    24.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: