ԵՐԵՎԱՆ -5 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Մենք այս պահին լուծում ենք կարճաժամկետ տեղավորման խնդիրը. Փաշինյան

Այսօր տեղի է ունեցել Կառավարության հերթական նիստը, որի սկզբում վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Ադրբեջանի էթնիկ զտման քաղաքականության հետևանքով Լեռնային Ղարաբաղի մեր հայրենակիցների բռնի տեղահանությանը: Այնուհետև փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը և պատասխանատու գերատեսչությունների ղեկավարները ներկայացրել են ԼՂ մեր հայրենակիցների խնդիրների լուծման ուղղությամբ իրականացվող աշխատանքների ընթացքը:

Իր խոսքում վարչապետ Փաշինյանը, մասնավորապես, նշել է.

«Կառավարության նիստի հարգելի մասնակիցներ,
Սիրելի ժողովուրդ,

Լեռնային Ղարաբաղի հայության ելքն Ադրբեջանի կողմից իրագործվող էթնիկ զտումների քաղաքականության հետևանքով շարունակվում է:

Վերլուծությունը ցույց է տալիս, որ առաջիկա օրերին Լեռնային Ղարաբաղում այլևս հայ չի մնա: Սա էթնիկ զտման և հայրենազրկման ուղղակի ակտ է, և այն, ինչի մասին մենք երկար ժամանակ ահազանգում էինք միջազգային հանրությանը:

Միջազգային տարբեր խաղացողների կողմից Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցող էթնիկ զտումները դատապարտող հայտարարությունները կարևոր են, բայց եթե դրան չհետևեն կոնկրետ գործողություններ, այդ հայտարարություններն ընդամենը պատմության համար բարոյական վիճակագրություն ստեղծելու շարքում կդիտվեն, որպեսզի հետագայում տարբեր երկրներ իրենց` այս հանցագործությունից ֆորմալ առումով տարանջատելու հնարավորություն ունենան՝ ասելով դե մենք դատապարտել ենք: Եթե դատապարտման մասին հայտարարություններին համարժեք քաղաքական և իրավական բնույթի որոշումներ չեն հետևում, դատապարտումները դառնում են տեղի ունեցողին համաձայնվելու ակտեր:

Ինչ վերաբերում է Հայաստանի Հանրապետության կառավարությանը, մեր այսօրվա առաջնային պարտքն է, հնարավորինս հոգատար կերպով ընդունել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր քույրերին և եղբայրներին ու ապահովել նրանց ամենահրատապ կարիքները:

Այժմ կխնդրեմ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը ներկայացնի այս պահի դրությամբ առկա վիճակագրությունը Լեռնային Ղարաբաղից Հայաստան ժամանած բռնի տեղահանվածների մասին:

Համեցեք, պարոն Խաչատրյան»:

Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյան - Շնորհակալություն, մեծարգո վարչապետ: Հարգելի գործընկերներ, այսօր առավոտյան ժամը 10:00-ի դրությամբ բռնի տեղահանվածների ընդհանուր քանակը 66 հազար 500 է: Ընդ որում, ուզում եմ ուշադրություն հրավիրել այն փաստին, որ այս անձանց մեծ մասը, հատկապես Հայաստան է տեղահանվել երեկ և անցյալ օրը: Այս գիշեր նույնպես այդ թիվը շարունակել է աճել:

Ընդհանուր առմամբ, եթե առաջին երկու օրերի ընթացքում՝ սեպտեմբերի 24-ին և 25-ին հանրագումարով տեղահանվել էին 7 հազար 500 և 1500, ընդհանուր թվով՝ 9000 մարդ, ապա միայն ամսի 26-ին տեղահանվածների ընդհանուր քանակը 22 հազար 800 է եղել, իսկ երեկ՝ 26 հազար 600: Այս գիշեր ժամը 24:00-ից մինչև առավոտյան ժամը 10:00-ը տեղահանվածների քանակը կազմել է 8 հազար 100: Եվ այդ անձանց քանակը չի նվազում: Այսինքն՝ ինտենսիվությունը, որով նրանք շարունակում են անցնել անցակետը, շարունակում է մնալ նույնը:

Մեկ հանգամանքի վրա նույնպես ուշադրություն եմ ուզում հրավիրել: Մենք, իհարկե, աշխատում ենք այն անձանց նույնականացնել, ովքեր այդ պահին անմիջապես որևէ կարիքի անհրաժեշտությամբ դիմում են մեր պատկան մարմիններին: Մենք Գորիսում և Վայքում ստեղծել ենք մեծ կետեր, որոնք տեղավորման հարցերի ուղիղ՝ 24-ժամյա ռեժիմով աշխատանքներ են տանում: Ունենք նաև օպերատիվ տվյալներ, թե այս օրերի ընթացքում տարբեր մարզերում մեր աջակցությամբ օթևան գտած անձանց քանակը որքան է: Դրանց քանակն այս պահի դրությամբ 11 հազարի մոտ է, ընդ որում բաշխվածությունը մարզերի միջև գրեթե նույնն է, կամ որոշ քանակով ավել են, օրինակ՝ Կոտայքում, Սյունիքում օթևան գտած անձանց թիվը: Նրանք այլ մարզերում բաշխված են առավել հավասարապես:

Բնականաբար, երկու հանգամանքի եմ ուզում ուշադրություն հրավիրել և խնդրել նաև, որ տեղահանված մեր քույրերն ու եղբայրները որոշակի ըմբռնումով վերաբերվեն այն իրավիճակին, որ գուցե ոչ բոլորին են միառժամանակ առաջարկվում այն պայմանները, որ իրենց համար նախընտրելի կհամարվեն: Այս մեծ հոսքի պայմաններում շատ դժվար է լինում օպերատիվ կառավարումը: Կխնդրեմ, որ հատկապես այս օրերին, ինչ առաջարկվում է, դա ընդունենք որպես տրված հնարավորություն և օրվա խնդիրը կարգավորենք:

Մենք առաջիկայում, իհարկե, նախատեսում ենք նաև աջակցության տարբեր գործիքներով գտնել այն նախընտրելի եղանակները, որոնք տարբեր մարդկանց կարիքներին համապատասխան կլինեն: Դրանք մի դեպքում կարող են լինել զբաղվածության առաջարկներով ուղեկցվող, մեկ այլ դեպքում՝ այլ չափանիշներով ուղղորդվող, բայց մենք այդ լուծումները, պարոն վարչապետ, կարճ ժամանակում երբ օթևանով ապահովելու այս կարևոր առաջին խնդիրը կլուծենք, արդեն կանդրադառնանք նաև մնացած կարիքներին:

Եվս մեկ հանգամանք ուզում եմ առանձնացնել, մենք տեղեկացված ենք Ղարաբաղի մեր գործընկերներից, որ բավական մարդիկ կան, որ սեփական տրանսպորտային միջոցներ չունենալու պատճառով դեռևս գտնվում են Ստեփանակերտում և ունենք պայմանավորվածություն, որ այդ անձանց կաջակցենք համապատասխան ավտոբուսներ տրամադրելով: Արդեն մեր կողմից Գորիսում մոբիլիզացված են 35 մեծ տարողությամբ ավտոբուսներ, որոնք դեռևս չեն շարժվում դեպի Ստեփանակերտ; Ռուս խաղաղապահների հետ համաձայնություն կա, որ ուղեկցում կապահովեն: Բայց սպասում ենք, որ ճանապարհների ծանրաբեռնվածությունը փոքր ինչ թեթևանա, որ կարողանանք այդ տեղափոխությունը նույնպես կազմակերպել այն անձանց համար, ովքեր դեռևս Ստեփանակերտում են: Ինչո՞ւ ենք մենք դեռևս հապաղում, որովհետև մինչև երեկ երեկոյան ուշ երեկոյան միջին մեքենան, որ հասնում էր դեպի Կոռնիձորի անցակետ, ճանապարհին է եղել 30-35 ժամ: Եթե մենք հիմա այդ ավտոբուսներն ուղղորդենք դեպի Ստեփանակերտ, նրանք հերթում ստիպված կլինեն ավելի քան 12 ժամ գտնվել, սպասում ենք մի քիչ երթևեկությունը թեթևանա, որ այդ անցումը կատարվի: Մեկ անգամով հնարավոր չի լինելու այդ ամբողջը կազմակերպել: Երևի երկու անգամ պետք է տեղափոխությունն արվի: Դա է նաև պատճառը, որ փորձում ենք, ըստ էության, որոշակի թեթևություն առաջանա ճանապարհին, որ կարողանանք դա արագ կազմակերպել:

Պարոն վարչապետ, ուզում եմ այս առիթն օգտագործելով ևս մեկ հանգամանք բարձրաձայնել: Շատ են մեզ դիմում ինչպես քաղաքացիներ, այնպես էլ մասնավոր կազմակերպություններ՝ խնդրելով նաև, թե ինչպես կարող են իրենց կողմից աջակցություն հասցեավորել դեպի տեղահանված անձանց կարիքների սպասարկող գործողություններ: Մենք այսօր Ֆինանսների նախարարի հետ պայմանավորվել ենք, որ օրվա ընթացքում գանձապետական նվիրաբերության հաշիվ բացված կլինի: Դրա վերաբերյալ տեղեկատվությունը կհրապարակվի նախարարության կայքում: Հետևաբար, բոլոր այն կազմակերպություններին, որոնք ցանկանում են իրենց ֆինանսական աջակցությունը ցուցաբերել, այդ տեղեկատվությունը հասանելի կլինի: Մենք նախապես հայտարարված կարգով նաև հաշվետվություններ կտարածենք, թե այդ միջոցներն ինչպես են եղել օգտագործված:

Բոլոր մազերում բացված են կենտրոններ, որոնք մեր հումանիտար կենտրոնի համակարգմամբ գործում են մարդկանց մոտ առաջացած հարցերը հասկանալու և դրանց լուծումներ տալու ուղղությամբ: Մարզպետարանները Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի համակարգմամբ այդ աշխատանքը տանում են 24-ժամյա ռեժիմով: Ես կխնդրեմ, որ պարոն Սանոսյանը որոշ մանրամասներ լրացնի այս հարցին և հետո, եթե հարցեր առաջանան, դրանց մասին նույնպես լրացուցիչ պարզաբանումներ կտամ:

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյան - Շնորհակալություն մեծարգո վարչապետ, հարգելի գործընկերներ: Ինչպես պարոն Խաչատրյանը նշեց, առավոտյան 8-ի դրությամբ 10 հազար 967 քաղաքացի ունենք մարզպետարանների, համայնքների կողմից հաշվառված և տեղակայված: Դրանք հիմնականում հյուրանոցներ են, հյուրատներ, ինչպես նաև որոշակի հյուրընկալ ընտանիքներ կամ այլ շենք-շինություններ, որոնք հարմարեցված են այսպիսի կարիքների համար: Այս գործընթացն անընդհատ շարունակելով՝ մենք 64 համայնքներում իրականացնում ենք 24-ժամյա հերթապահություն, կա աշխատանքային խումբ, կան կոնկրետ անձինք, ովքեր և՛ զանգերի միջոցով, և՛ ֆիզիկապես այնտեղ են, որպեսզի բռնի տեղահանված մեր հայրենակիցներին կարողանան սպասարկել և նրանց կարիքները հոգալ:

Իսկապես սկզբնական փուլում կար տեղակայման խնդիր, և հասկանալով, որ սա որոշակի ժամանակավոր գործընթաց է, աշխատանքային խմբի հետ այնպես աշխատեն, որ գործընթացն արագ անենք, հաշվի առնելով՝ հոսքերի մեծությունը: Խոսքը նրա մասին է, որ պարտադիր չէ Շիրակ տեղահանված մեր հայրենակիցները բոլորը Գյումրիում մնան, երբ մենք Աշոցքում, Ամասիայում կամ Արթիկում ունենք համանման պայմաններ, կխնդրեմ իրենք համաձայնեն, մենք կկարողանանք այդպիսի բաշխվածությամբ տեղակայել, որպեսզի նաև բոլոր համայնքները ներառված լինեն այդ աշխատանքներում:

Հետագա մեր որոշումների հետ կապված, իհարկե, Կառավարությունը տարբեր ծրագրեր կիրականացնի: Մենք հիմա նաև այլ աղյուսակներով ունենք, թե կոնկրետ անձինք ովքե՞ր են, որ ովքե՞ր են հյուրանոցներում, ովքե՞ր են հյուրատներում, ովքե՞ր են հյուրընկալած ընտանիքներում, այն տներում, որտեղ քաղաքացիները պատրաստակամ են եղել, իրենց տները տրամադրել են:

ՀԷՑ-ի, գազի, մյուսների հետ աշխատում ենք, համապատասխան կարիքները հոգում և բերում ենք պատշաճ տեսքի, որպեսզի տեղակայենք: Օրվա մեջ մի քանի անգամ հեռավար նիստերի, հանդիպումների միջոցով փորձում ենք կանոնակարգել համակարգը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան - Շատ լավ, հիմա երբ վիճակագրությունը համադրում ենք, փաստորեն բռնի տեղահանվածներից 66 հազար 500 մարդ արդեն Հայաստանի Հանրապետությունում են, բայց մենք կացարանով ապահովել ենք 10 հազար 967 մարդու: Պետք է պարզաբանել, որ բոլոր բռնի տեղահանվածներին առաջարկվում է կացարան, բայց նրանց մի մասը նախորոշված տեղեր ունեն: Համենայնդեպս, ասում են, որ ունեն կացարանի հասցեներ, որոնք գուցե իրենց հարազատներն են տրամադրում և այլն, և նրանք գնում են իրենց նախորոշած հասցեներով: Բայց մենք այդ մարդկանց հետ կապը պահում ենք, որպեսզի հետագա սոցիալական և մյուս խնդիրները կառավարենք, որովհետև հնարավոր է մարդիկ գնան իրենց որևէ հարազատի տանը, օրինակ՝ մի շաբաթ մնան, մի շաբաթից հետո ավելի հարմար գտնեն չշարունակել այնտեղ մնալ և այդպես շարունակ: Կամ հնարավոր է, որ մարդիկ ունենան կացարան, բայց ունենան այլ կարիքներ, ասենք՝ սննդի հետ կապված, կոմունալ վճարների վճարման հետ կապված, և նրանց հետ կապը կպահվի, որպեսզի այդ աջակցությունը նաև հասու լինի մեր քաղաքացիներին:

Մենք, փաստորեն, այս պահին լուծում ենք կարճաժամկետ տեղավորման խնդիրը: Մեր հաջորդ խնդիրն է միջնաժամկետ տեղավորման ծրագիր իրականացնել: Եվ, եթե ես ճիշտ եմ հասկանում, մենք նախորոշել ենք 3 մարզեր՝ Գեղարքունիք, Վայոց ձոր, Սյունիք, որպեսզի այդ մարզերում բռնի տեղահանվածների միջնաժամկետ տեղավորման հարցը լուծենք հետևյալ տրամաբանությամբ՝ հյուրընկալ ընտանիքների մեխանիզմով և բնակարանների վարձակալության մեխանիզմով:

Իհարկե, այս փուլը նույնպես շատ կարևոր է: Մենք որևէ մեկին, բնականաբար, չենք կարող պարտադրել որևէ տեղում գտնվել: Մենք պարզապես որոշակի քաղաքականություն ենք վարում և փորձում նաև որոշակի տրամաբանությամբ՝ մեր եղբայրներին և քույրերին առաջարկել կեցավայրեր: Իհարկե, երկարաժամկետում բազմաթիվ հարցեր կան: Այդ հարցերի պատասխանները մենք պետք է ունենանք, և իհարկե, նաև իրադրությունը գնահատենք: Երկարաժամկետ լուծումները պետք է բխեն այդ տրամաբանությունից:

Եթե ճիշտ եմ հասկանում, բացի կեցության, այսինքն՝ բացի օթևանի տրամադրման ծրագրից, մենք նաև դիտարկում ենք սննդի քարտերի թողարկման հարցը, այդ փորձը նախկինից ունենք: Խոսքն այնպիսի քարտերի մասին է, որոնցում առկա միջոցները կարող են օգտագործվել միայն սնունդ ձեռք բերելու համար, բնականաբար, մեր տրամադրած օթևաններում կտեսնենք էլի լրացուցիչ անհրաժեշտություններ և կարիքներ: Եվ նաև հաջորդ փուլով պետք է հնարավորինս արագ սոցիալական որոշակի ծառայությունների շահառու քաղաքացիներին ներառենք Հայաստանի Հանրապետության սոցիալական ծառայությունների համակարգում, որպեսզի նրանք, համապատասխանաբար, նաև այդ ծառայությունները ստանան: Ճի՞շտ եմ հասկանում, այսինքն՝ թոշակառուները ստանան թոշակները և այլն, և այդպես շարունակ:

Եվ մենք այս հարցը, բնականաբար, պետք է լուծենք: Իհարկե, լավ լուրն այն է, որ մեր աշխատաշուկայում հիմա բավականին աշխույժ իրավիճակ է: Մենք նաև մեր եղբայրներին և քույրերին պետք է աջակցենք, որ նրանք արագ աշխատանք գտնեն ամենատարբեր համակարգերում, կրթության համակարգում աշխատողները՝ կրթության համակարգում, առողջապահության համակարգում աշխատողներն՝ առողջապահության համակարգում և այլն: Իսկ ուղղակի նրանք, ովքեր այդպիսի կոնկրետ կապվածություններ չունեն, նրանց էլ ուղղակի աշխատանքի շուկայում աջակցենք: Նաև կարծում եմ, որ պետք է ծրագրեր անենք գործարար հմտությունների զարգացման ուղղությամբ, և այն ծրագրերը, որոնք մենք ունենք՝ գյուղատնտեսության, գործարարության ոլորտներում: Իհարկե, մենք ամեն ինչ կանենք՝ աջակցելու համար, բայց մեր նպատակը պետք է լինի այնպես անել, որ մարդիկ արժանապատիվ աշխատանքով իրենց կարիքները կարողանան բավարարել, և չպետք է մեր տեսադաշտից դուրս թողնենք այս կարևոր անհրաժեշտությունը:

Իհարկե, խոսքը վերաբերում է աշխատունակ և աշխատանքային տարիքի մարդկանց, էլի եմ ասում՝ կենսաթոշակների պարագայում մենք մի փոքր այլ մոտեցում ունենք, պարզապես մենք նրանց թոշակները կվճարենք ճշգրիտ նույն Հայաստանի Հանրապետության թոշակների համակարգի շրջանակում: Ընդ որում, կարծում եմ, որ պետք է աշխատել, որպեսզի նրանք էլ ներգրավված լինեն հետվճարի համակարգում, դա էլ լրացուցիչ ևս մեկ սոցիալական բոնուս է, որը կարող է մեզ այս հարցում աջակցել:

Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյան - Պարոն վարչապետ, Ձեր թույլտվությամբ, փոխվարչապետ, պարոն Խաչատրյանին է հարցս ուղղված: Ասացիք, որ 10 հազարը Կառավարության տրամադրած կացարաններում, բնակարաններում են, մյուսներն, ըստ էության, ունեն մնալու տեղ, կամ ազգականների, կամ իրենց գույքի, կամ հյուրընկալ ընտանիքների, թե՞ կա նաև որոշակի հատված կամ վրանային պայմաններում, կամ անօթևան են, խնդրում եմ դա էլ ասեք:

Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյան – Անօթևան մարդ եթե կա, դա, հավանաբար, ժամերի հարց է, որովհետև հակառակ պարագայում մենք այդ բոլոր հարցերը կարգավորում ենք: Մենք յուրաքանչյուր կետում՝ և՛ Գորիսում, և՛ Վայքում, առաջին հարցը, որ տալիս ենք մեր հայրենակիցներին, այն է՝ արդյոք իրենք կարիք ունեն, որ մենք իրենց օթևանով ապահովենք, թե՞ գիտեն ուր են գնում: Այն մարդիկ, ովքեր ասել են, որ մեր աջակցության կարիքն ունեն, այս պահի դրությամբ 11 հազար մարդիկ են:

Իհարկե, այդտեղ կան պրոցեսում գտնվող կարգավորումներ, որոնք շարունակում են, ընթացքի մեջ են, բայց մեծ հաշվով՝ բոլոր նրանք, ովքեր այս 11 հազարի և տեղավորման պրոցեսում գտնվող դեպքերի թվում չեն, նրանք ասել են, որ իրենք գիտեն՝ ուր են գնում: Իհարկե, մենք հասկանում ենք, որ այդ գիտենալը կարող է ինչ-որ տեղ պայմանական է և կարճ ժամանակ հետո նաև իրենք կարիք ունենան, ինչպես պարոն վարչապետը նշեց, մենք այդ հարցերը նույնպես կարգավորելու պլան ունենք: Այսինքն՝ մենք հիմա առաջնահերթորեն կկարգավորենք բոլոր նրանց, ովքեր հենց այս պահին մեր աջակցության կարիքն ունեն, հետո կվերադառնանք նաև, այդ թվում՝ երկարաժամկետ ծրագրեր առաջարկելուն: Եթե ընտանիքներ կլինեն, որոնք իրենց երկարաժամկետ զբաղվածությունն, օրինակ՝ պատկերացնում են Գեղարքունիքի մարզում, և մենք նրանց կարող ենք ապահովել բնակարանի վարձակալության միջնաժամկետ ծրագիր, հետո ավելի ուշ՝ երկարաժամկետ ծրագրեր կառաջարկենք նաև, բայց ամենակարևոր խնդիրն այն է, որ այսօր առանց ծածկի մարդ չկա և չպետք է լինի:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Պարոն Միրզոյան, Ձեր հարցի ճշգրիտ պատասխանը հետևյալն է. սահմանը հատելու պահին, երբ հարց է հնչում, նրանք հայտարարում են, որ իրենք կեցավայր ունեն: Բայց մենք գիտենք նաև դեպքեր, ովքեր հայտարարել են, որ կեցավայր ունեն, 5-6 ժամ հետո նորից վերադառնում են սոցիալական որևէ ծառայություն և ասում, որ իրենք, այնուամենայնիվ, օթևանի կարիք ունեն:

Բնականաբար, մենք չենք ասում այնտեղ չեք ասել, հիմա եք ասում, տարբերություն չկա երբ են ասում: Երբ ասում են՝ մենք մեր պատրաստած, նախորոշած համապատասխան տեղերը տրամադրում ենք: Սա էլ պետք է հասկանանք, երբ նախապատրաստվելիս ենք եղել, գույքագրել ենք, թե հանրապետությունում ի՞նչ տեղեր կան, որ կարող ենք տրամադրել: Այսինքն՝ դրանք հյուրատներ են, հյուրանոցներ, հանրակացարաններ, ամենատարբեր բնույթի հասանելի տարածքներ և այդ էլ պետք է ասել, որ իրենք բոլորը, այսպես ասած, բնականաբար նույն որակի չեն, չէր կարող լինել, և դա նորմալ է: Խոսքը կարճաժամկետ տեղավորման մասին է: Հետագայում էլ այդպիսի ոչ մի տեղ հնարավորություն չկա, որ նույն մակարդակի՝ ենթադրենք 30 հազար սենյակ կամ բնակարան լինի: Տարբերվում են և, ըստ այդմ, փորձ է արվում կառավարել:

Վրանային ոչ մի վայր չունենք: Էլի եմ ասում՝ դրանք տարբեր որակների կարող են լինել, բայց խոսքը շենքային պայմանների մասին է: Ընդ որում, շատ կարևոր հանգամանք, մենք նաև կամավորների ներուժն օգտագործելով, որովհետև մեզ գալիս են հասնում են թղթեր, վիճակագրություն, որոնք ծառայությունների որակի մասին մեզ շատ տեղեկատվություն չեն տալիս: Փորձում ենք կամավորների միջոցով նաև հետևել, կապի մեջ լինել, այցելել, որպեսզի պատկերացում կազմենք, թե ինչպիսին են պայմանները, որովհետև հասկանալիորեն այդ 48 հազար տեղը, որ պատրաստված է, կառավարության ներկայացուցիչները չեն գնացել հատ-հատ ստուգել:

Երկրորդ տեմպով կփորձենք նաև շրջել, կապ հաստատել մարդկանց հետ, որպեսզի գնահատենք, թե ինչ խնդիր կա և ինչպես լուծել: Իհարկե, կարող է լինել նաև հակառակը, որովհետև հյուրանոցներ ենք վերցրել և բնականաբար այդ հյուրանոցներում մարդիկ երկար չեն կարող մնալ, որովհետև դա նշանակում է այդ բիզնեսներին ընդհանարապես շուկայից հանել: Հիմա մենք հրատապ տեղավորում ենք, հետո մարդկանց միջնաժամկետ կտեղավորենք, բնականաբար այդ հյուրանոցները կուզենան հնարավորինս արագ վերադառնալ իրենց բնականոն գործունեությանը: Սա էլ է պետք հաշվի առնել: Այնպես որ, այստեղ մի քանի շերտեր կան: Համեցեք, պարոն Մկրտչյան:

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյան – Պարոն վարչապետ, ուզում եմ տեղեկացնել, որ այն մարդիկ, որոնք ասել են, որ գիտենք, թե ուր ենք գնում, բայց այս կամ այն պատճառով ինչ-որ խնդիրներ են ունեցել տեղավորման հետ կապված, մոբիլիզացված են միասնական սոցիալական ծառայության 49 տարածքային կենտրոնները և բացի այն, որ ՄՍԾ աշխատակիցները Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների, Ներքին գործերի նախարարությունների գործընկերների հետ հիմա և Կոռնիձորում, և Գորիսում, և Վայքում ծառայություն են իրականացնում: Այդ մարդիկ ուղղորդվում են ՄՍԾ որոշակի տարածքային կենտրոններ, այնտեղից կապ է հաստատվում ՏԿԵՆ գործընկերների հետ, որոշակի ժամերի ընթացքում ավտոբուս է տրամադրվում համայնքի կողմից, ՏԿԵՆ-ի կողմից, Երևան քաղաքի կողմից, և այդ ավտոբուսներով արդեն իսկ ուղարկվում են այն բնակավայրերը, այն կացարանները, որոնք մենք արդեն գիտենք:

Վերջին մեկ-երկու օրվա ընթացքում ավելի քան 1000 մարդ ուղղորդվել է և տեղավորվել տարբեր մարզերում: Դուք նշեցիք նաև կամավորների մասին, գիտեք, որ մենք գործարկել ենք հարթակ: Կարող են բոլոր այն մեր քաղաքացիները, որոնք ցանկանում են ներգրավվել այս կամ այն կամավորական աշխատանքին, հերթագրվել. ավելի քան 800 մարդ արդեն հերթագրվել է, և մենք շուտով այդ պլանավորված կամավորական աշխատանքները կուղղորդենք և կկարողանանք ավելի արդյունավետ օգտագործել բոլոր այն մարդկանց ներուժը, որոնք ուզում են այս իրավիճակում ցուցաբերել որոշակի աջակցություն:

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյան – Եթե կարելի է, որպեսզի գործընկերների միտքը շարունակեմ: 66 հազար մարդուց թեև 11 հազարին ենք տեղավորել, բայց մյուսների մասին բավականաչափ ինֆորմացիա ունենք: Դրսում իսկապես որևէ մարդ չկա, բացառությամբ նրանց, որոնք կարող է որոշակի ժամանակ Գորիսի կետում լինեն, կամ Վայքի կետում, կամ գան մարզպետարան, կամ համայնք, մինչև նրանց կտեղավորեն:

Եվ հիմա մենք ամբողջական հաշվառում ենք իրականացնում, նույնիսկ այն մարդիկ, ովքեր ունեն բնակարան, կամ հյուրընկալում, տանիք, ծանոթ, բարեկամ, որտեղ տեղակայվել են, այնուամենայնիվ մենք ամբողջ ինֆորմացիան փորձում ենք հաշվառել, և բոլորի կարիքները փաստացի կհոգանք: Երբ մեր հայրենակիցները հասնում են Կոռնիձոր, բացի այն, որ փորձում ենք հասկանալ մեքենայում որքան անձ կա, առաջին անհրաժեշտության և սննդային պայմաններ հոգալ, մենք իրենց տալիս ենք տեղեկատվական թերթիկ, որոնց վրա նշված են 64 այն համայնքային կենտրոնները և կենտրոնների պատասխանատուների անուններն ու հեռախոսահամարները, որ իրենք կարող են արդեն ճանապարհից կապվել նրանց հետ, ճշտել՝ երբ, որտեղ մոտենալ: Փաստացի հանրապետությունում բացի այդ 64 վայրերը, 40 համայնքային կենտրոնները նաև, 10 մարզպետարաններում կան աշխատանքային խմբեր, կարող են մեր քաղաքացիները մոտենալ: Այսինքն՝ մոտ 110, 120 վայր կա, որտեղ աշխատանքային խմբեր կան 24 ժամյա ռեժիմով և կարող են մոտենալ, նրանց սպասարկել, կարիքները հոգալ:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Շատ լավ: Ամեն դեպքում կարծում եմ, որ պետք է առաջարկվող ծառայությունների որակն անընդհատ վերստուգենք կամավորների, այլ վերահսկողական լծակների միջոցով, որպեսզի այն, ինչ մենք հիմա այստեղ ասում ենք՝ իրականության մեջ լինի նաև այդպես: Այսինքն՝ մեր որոշումներին և նպատակադրումներին իրականությունը պետք է համընկնի, կամ լինի մաքսիմալ մոտիկ, որովհետև տեղերում կարող են, էլի եմ ասում՝ որակի հետ կապված, կացարանի հետ կապված, բայց մյուս կողմից ասում եմ՝ սա կարճաժամկետ խնդիր է:

Օրինակ, կարող է պատահել այնպես, որ մի դեպքում կացարանը շատ լավը լինի, մյուս դեպքում այդքան էլ լավը չլինի: Այսպիսի դեպքեր էլ կարող են լինել, բայց ասում եմ՝ դրա պատճառը հետևյալն է, որ մենք, օրինակ, մարզում վերցնում ենք բոլոր հյուրանոցները, կամ առկա հյուրանոցները, չասեմ բոլոր, այդ հյուրանոցներից մեկն ավելի լավն է, մյուսն ավելի վատն է, մեկը հյուրանոց է, մյուսը հանրակացարան է, մեկը բարձր դասի հյուրանոց է, մյուսը ցածր դասի հյուրանոց է: Մենք մարդկանց ժամանման հերթականությամբ ենք տեղավորում՝ նկատի չունենալով ինչ-որ այլ հանգամանքներ, և դա տրամաբանական է: Համեցեք, տիկին Մանասյան:

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյան – Շնորհակալություն, մեծարգո պարոն վարչապետ: Ես ուզում էի հատուկ արձանագրել, քանի որ սա մարդու իրավունքների պաշտպանությանը վերաբերելի գործընթաց է, Մարդու իրավունքների պաշտպանը և պաշտպանի աշխատակազմը նաև մշտադիտարկում են իրականացնում այս ամբողջ գործընթացի համատեքստում: Նշեմ, որ ինքս եմ մի քանի օր Գորիսում անցկացրել, նաև գիշերն եմ եղել համապատասխան կենտրոնում: Մենք խնդիրներն անմիջապես արձանագրում ենք, անմիջապես կապի մեջ ենք գտնվում նաև մեր պետական մարմինների գործընկերների հետ:

Մի շարք խնդիրներ հենց տեղում լուծում են ստացել, բայց կան նաև խնդիրներ, որոնք ենթադրում են դեռևս լուծման գործընթաց, հետևաբար կարևոր է, որ այս առումով խնդիրները շատ, այսպես օպերատիվ, արագ արձանագրվեն, այդ թվում՝ մեր կողմից լուծվեն: Նաև քաղաքացիներն են շատ դեպքերում մեզ դիմում, և մենք ինքներս էլ պրոցեսի շրջանակներում պետական մարմինների հետ համագործակցության արդյունքում փորձում ենք լուծումներ գտնել: Իհարկե, ուզում եմ արձանագրել, որ այո, նպատակը մեկն է, բայց կարող է պրոցեսի շրջանակներում որոշակի խնդիրներ լինեն, այդ առնչությամբ խնդիրներն արձանագրողներ կան, մեզ հետ կամ պետական մարմինների հետ պետք է կապի մեջ գտնվեն, և փորձենք համատեղ ուժերով այդ խնդիրները լուծել: Շնորհակալություն:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Հարգելի գործընկերներ, ևս մի շատ կարևոր հարցի եմ ուզում անդրադառնալ: Պիտի արձանագրեմ նաև, որ անցակետում և մինչև անցակետը մենք արձանագրում ենք, որ Ադրբեջանի կողմից տեղի են ունենում կամայական ձերբակալություններ, ինչը չափազանց անհանգստացնող փաստ է: Պետք է արձանագրենք նաև, որ մեր պետական մարմինները բոլոր նման դեպքերում պետք է համարժեք քայլերի դիմեն՝ կամայական ձերբակալված անձանց իրավունքները պաշտպանելու, այդ թվում՝ միջազգային ատյաններում։ Սա պետք է լինի մեր օրակարգում այնքան ժամանակ, մինչև այդ հարցերը հասցեագրված չեն պատշաճ ձևով:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 63%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    -4 C°
     
    11°   
    04.03.2024
    12°   
    05.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: