Հուսով ենք, որ հոկտեմբերի 5-ին Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների հանդիպումը մեկ քայլ առաջ կլինի. Ալեն Սիմոնյան
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը Դուբլինում մասնակցում է Եվրոպայի խորհրդի խորհրդարանների նախագահների եվրոպական համաժողովին:
Համաժողովին մասնակցում են Եվրոպայի խորհրդի 46 անդամ պետությունների խորհրդարանների խոսնակներ, դիտորդ երկրների խորհրդարանականներ, ինչպես նաև միջխորհրդարանական կազմակերպությունների ղեկավարներ, հաղորդում է ՀՀ ԱԺ-ն:
«Ներկայացուցչական ժողովրդավարության մարտահրավերներն անկայուն ժամանակներում» խորագրի շրջանակում ելույթ է ունեցել ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:
«Մենք խորապես գիտակցում ենք մեր անհանգիստ ժամանակը բնութագրող բազմաթիվ խնդիրների և սպառնալիքների խորությունը: Ինչպես ասել է իռլանդացի հայտնի գրող, քաղաքական գործիչ Ուիլիամ Յեյթսը` ամենուրեք արյուն է և բռնություն: Լիբերալիզմի և ներկայացուցչական ժողովրդավարության առջև ծառացած մարտահրավերները խորն են: Անհրաժեշտ են հուսալի լուծումներ: Պարտադիր չէ նայել Ուկրաինայի պատերազմից անդին` ուժի գործիքի միջոցով ամբողջ աշխարհում իշխանության ծարավը նկատելու համար: Այս հակաժողովրդավարական հետընթացը տեղի է ունենում ի վնաս մարդու իրավունքների և կտրուկ հակասում է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայում շարադրված հավաքական արժեքներին և իդեալներին: Մենք խորապես գիտակցում ենք այն առանցքային դերը, որը ժողովրդավարությունն ունի մարդու իրավունքների պաշտպանության և ընդհանուր բարիքի խթանման գործում: Անկասկած, սա ամենաարդյունավետ համակարգն է քաղաքացիների վստահությունն իրենց կառավարությունների նկատմամբ ամրապնդելու և հասարակության կենսունակությունը բարձրացնելու համար: Քաղաքական կարգի հիմքերը խարխլող սպառնալիքների թվում են ավտոկրատ կառավարումը և չկայացած արդարությունը: Հայաստանը գիտի իրական ժողովրդավարության արժեքը: Ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդման, օրենսդրության կատարելագործման և կառավարման ոլորտի բարեփոխումների միջոցով ժողովրդավարության ամրապնդումը մեզ համար առաջնահերթություն է: Ժողովրդավարական սկզբունքներին մեր հավատարմությունն ամենակարևոր գործոնն էր, որը մեզ թույլ տվեց հաղթահարել 2020 թվականին Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի հայության դեմ սանձազերծված 44-օրյա ավերիչ պատերազմի հետևանքով առաջացած լուրջ քաղաքական ճգնաժամը: Հայաստանում ժողովուրդն իր իշխանությունն իրականացնում է Սահմանադրությամբ երաշխավորված եղանակով` ազատ և արդար ընտրությունների միջոցով: Մենք շարունակում ենք իրականացնել բարեփոխումներ և մշակել օրենսդրություն, որն ուղղված է եվրոպական չափանիշներին համապատասխան ընտրական իրավունքների ամրապնդմանը:
Գործընկերնե'ր, խաղաղությունն ու ժողովրդավարությունը փոխկապակցված են, և կառավարությունները, որոնք բախվում են գոյաբանական սպառնալիքների, հսկայական ճնշում են գործադրում` պահանջելով կատարել մանդատով շնորհված առաքելությունը, որի համար ընտրվել են: Լեռնային Ղարաբաղի պատերազմը ցույց տվեց, որ ավտոկրատական ռեժիմները, որոնք հիմնված են այն գաղափարի վրա, որ «ուժեղն իրավացի է», հաճախ հակամարտությունները լուծում են ռազմական ուժի միջոցով` շրջանցելով միջազգային միջնորդությունը: Այսօր մեր ժողովրդավարությունը շարունակում է բախվել բազմաթիվ փորձությունների: Նրան սպառնում են արտաքին գործոններ, նաև` մեր անվտանգության և տարածքային ամբողջականության ռազմական սպառնալիքները: Հասկանալի է, որ բռնության մշտական սպառնալիքը վնասակար ազդեցություն է ունենում մեր հասարակության բարեկեցության վրա: Ադրբեջանն ատելության և այլատյացության իր ամպագոռգոռ հռետորաբանությամբ, որն ուղեկցվում է վերջնագրերով և ռազմական ագրեսիայով, ստեղծել է թունավոր մթնոլորտ և թունավորել խաղաղ գործընթացը: Միջազգային հանրության գործողություններն Ադրբեջանում անպատժելիության զգացում են առաջացրել` սրելով իրավիճակը տարածաշրջանում: Ադրբեջանի գործողությունները չեն սահմանափակվում Լեռնային Ղարաբաղով, այլ տարածվում են Հայաստանի ինքնիշխան տարածքների վրա, որոնց մի մասը մնում է Ադրբեջանի վերահսկողության տակ: Ադրբեջանի մոտեցումն այն է, որ ուժի միջոցով պարտադրի Հայաստանին իր նախընտրած որոշումները: Արդեն ավելի քան երեք տարի է, ինչ Ադրբեջանը հրաժարվում է վերադարձնել հայ ռազմագերիներին և այլ քաղաքացիական անձանց` ի հեճուկս Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշման: Ավելին, դատարանի որոշումից հետո Ադրբեջանը Հայաստանի տարածքից առևանգել է 2 հայ զինծառայողի, ինչի հետևանքով հաստատված ռազմագերիների ընդհանուր թիվը հասել է 35-ի:
Հարգելի' գործընկերներ, ես չզարմացա, որ մեր թուրք գործընկերը հավանություն տվեց Լեռնային Ղարաբաղի հայերի դեմ ռազմական ուժի կիրառմանը: Ես չեմ զարմանում, որ Թուրքիան, Ադրբեջանը և Ռուսաստանը հաճախ օգտագործում են նույն հռետորաբանությունը: Ինձ զարմացնում է այն, որ նրանք դա անում են այստեղ` Մարդու իրավունքների պաշտպանության համար հիմնադրված կազմակերպությունում:
Գործընկերնե'ր, Ադրբեջանը Հայաստանին մշտապես տարբեր ձևերով հարձակումների է ենթարկել: Իր իսկ խոսքերով` նախագահ Ալիևը մտորում էր, թե քանի ազդակ էր Հայաստանին պետք գործի էությունը հասկանալու համար: «2021 և 2022 թվականների սահմանային գործողությունները բավարար չեն եղել»,- մտածում էր նա: Նա նաև նշել է, որ Հայաստանը կարծես թե չի հասկացել մոտ 10 ամիս առաջ Լաչինի միջանցքի` իր կողմից էթնիկ զտումների արշավի առաջին փուլի փակումը: Սեպտեմբերի 19-ին սկսվեց հաջորդ մասը: Չնայած ռուս խաղաղապահների ներկայությանը` Ադրբեջանը հերթական լայնածավալ ռազմական հարձակումն է սանձազերծել Լեռնային Ղարաբաղի հայերի դեմ: Հարյուրավոր մարդիկ վիրավորվել և սպանվել են, տասնյակ հազարավոր մարդիկ դարձել են բռնի տեղահանվածներ: Նրանք մնում են դրսում` առանց սննդի, բժշկական օգնության և գոյատևման այլ միջոցների: Մինչ ես խոսում եմ Ադրբեջանի էթնիկ զտման ծրագրից, շարունակվում է հայերի զանգվածային արտագաղթը Լեռնային Ղարաբաղից: Անհավանական է, որ այսօր` 21-րդ դարում, նման իրադարձություններ են տեղի ունենում աշխարհի տարբեր անկյուններում: Իր գործողություններով, որոնք ի չիք են դարձնում Հարավային Կովկասում խաղաղության և կայունության հաստատմանն ուղղված միջազգային ջանքերը, Ադրբեջանը կասկածի տակ է դրել Եվրոպայի խորհրդի անդամ լինելու իր պիտանիությունը: Եվրոպայի խորհուրդը պետք է ակտիվորեն մասնակցի մարդու իրավունքների պաշտպանությանն առավել բարդ հակամարտություններում: Եվրոպայի խորհրդի աշխարհագրական ընդգրկման սահմաններում, այդ թվում` Լեռնային Ղարաբաղում, յուրաքանչյուր մարդու իրավունքների պաշտպանությունը պետք է առաջնահերթություն լինի Եվրոպայի խորհրդի համար: Հայաստանը շարունակում է հավատարիմ մնալ տարածաշրջանում արդար և հարատև խաղաղության հասնելուն: Հուսով ենք, որ հոկտեմբերի 5-ին Իսպանիայի Գրանադա քաղաքում կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքի երրորդ գագաթնաժողովի շրջանակում Հայաստանի, Ադրբեջանի, Գերմանիայի, Ֆրանսիայի և ԵՄ առաջնորդների հանդիպումը մեկ քայլ առաջ կլինի: Հայաստանը վճռականորեն աջակցում է վարչապետ Փաշինյանի և նախագահ Ալիևի կողմից համաձայնեցված և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի կողմից ձևակերպված խաղաղության մոտեցմանը: Մենք ողջունում ենք ապագա տրանսպորտային համաձայնագրերը, որոնք հարգում են ինքնիշխանության, իրավասության և փոխադարձության սկզբունքները:
Կոչ ենք անում միջազգային հանրությանը, այդ թվում` Եվրոպայի խորհրդին, աջակցել այս գործընթացին: Այսօր որոշ երկրներ հիբրիդային պատերազմ են մղում Հայաստանի դեմ: Նպատակները երկակի են` տապալել ժողովրդավարական ճանապարհով ընտրված կառավարությունը և վարկաբեկել «ներկայացուցչական ժողովրդավարություն» հասկացությունը: Ժողովրդավարությունը, օրենքի գերակայությունը, մարդու իրավունքների հարգումը և խաղաղ համակեցությունն այն հիմնասյուներն են, որոնց վրա մարդկությունը պետք է ապրի խաղաղության և ներդաշնակության մեջ: Դա արդարացի է ոչ միայն ժողովրդավարական պետությունների շրջանակներում առանձին-առանձին, այլև նրանց միջև` հավաքականորեն: Միասին, և գուցե միայն միասին, մենք կարող ենք հաղթահարել մեր ժամանակի դժվարությունները: Կենտրոնը պետք է կանգուն մնա»,- ասել է Ալեն Սիմոնյանը։
-
16:17
ՀԱՐԳԵԼԻ՛ ԸՆԹԵՐՑՈՂ
-
16:16
Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
-
16:11
Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով նախատեսված չէ. Պեսկով
-
16:10
Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
-
16:00
ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո
-
15:30
Իրանը կողմ է տարածաշրջանի համար շահավետ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն ոչ՝ միջազգային սահմանների փոփոխությանը
-
15:10
Պետք է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից սպառնալիքները կասեցնելու համար. իսպանացի պատգամավորը Գորիսում է
-
14:54
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
-
14:46
Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
-
12:00
Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
-
11:30
Սամվել Շահրամանյանն ու մի խումբ պատասխանատուներ կմնան ԼՂ-ում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
-
11:03
ՄԱԿ-ի առաքելությունը շատ, շատ, շատ օգտակար է Արցախի անապատում. Ժան-Քրիստոֆ Բյուսոն
-
10:43
Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ
-
10:07
Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
-
09:38
Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը. Թադևոսյան
-
20:26
Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է
-
19:54
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
-
15:25
Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ
-
13:16
Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
-
12:25
Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի
օրվա
շաբաթվա
ամսվա
Խոնավություն՝ %
Քամի՝ կմ/ժ