ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ինչո՞վ է պայմանավորված նավթի համաշխարհային գների անկումը, և ինչո՞ւ չի նվազում նավթամթերքի գինը Հայաստանում

2014 թվականի վերջին տնտեսական և քաղաքական համաշխարհային բուռն իրադարձությունների շրջանակներում նավթարդյունաբերությունը նույնպես զերծ չմնաց տնտեսական համաշխարհային պատերազմում գործիք դառնալուց: Տվյալ նյութը անդրադարձ է կատարել նավթային արդյունաբերության ներգրավվածությանն այդ պատերազմում և դրանից բխող հետևանքներին որոշ երկրների, այդ թվում նաև Հայաստանի Հանրապետության տնտեսության համար:

Վերջին հինգ տարիների ընթացքում նավթի գները միջազգային շուկայում եղել են տևականորեն կայուն, սակայն 2014 թ.-ի հունիսից մինչև այժմ նվազել են 40%-ով (միջին հաշվով մեկ բարելի գինը 115 դոլարից նվազել է 70-ի):

 

Աղյուսակ 1. Նավթ արդյունահանող և արտահանող խոշորագույն 10 երկրները

Երկրի անվանումը 

Արդյունահանում (միլիոն բարել/օր) 

Տարեթիվ 

Արտահանում (միլիոն բարել/օր) 

Տարեթիվ 

Ռուսաստանի Դաշնություն 

10.59

2014

7.20

2012

Սաուդյան Արաբիա 

9.63

2014

8.86

2012

Ամերիկայի Միացյալ Նահանգներ 

7.44

2013

0.4

 

2010

Չինաստան 

4.37

2014

0.3

2013

Կանադա 

3.85

2014

1.57

2012

Իրան 

3.51

2014

1.80

2012

Իրաք 

3.40

2013

2.23

2012

Արաբական Միացյալ Էմիրություններ 

3.08

2013

2.59

2012

Վենեսուելա

3.02

2013

1.71

2012

Մեքսիկա

2.93

2013

1.46

2010

(Աղբյուրը՝ en.wikipedia.org)

 

Ինչպես երևում է աղյուսակից, ոչ բոլոր երկրներն են, որոնք առաջատար են ինչպես արդյունահանման ծավալներով, այնպես էլ արտահանման:

Նավթի գնի անկման պատճառները միջազգային տնտեսագետները մեկնաբանում են հետևյալ հաջորդականությամբ. նավթի և նավթամթերքի գինը միջազգային շուկայում ձևավորվում է առաջարկի և պահանջարկի հարաբերակցության, մասամբ նաև կանխատեսումների հիման վրա, իսկ պահանջարկը կախված է տնտեսական և արդյունաբերական գործողություններից: Այսպիսով՝ գինը նվազում է՝ պայմանավորված միջազգային տնտեսական ավելի պասիվ գործունեությամբ, ինչպես նաև նավթին փոխարինող այլ վառելանյութերի շահագործմամբ: Երկրորդ հիմնական պատճառն աշխարհի նավթ արդյունահանող այնպիսի խոշոր երկրներում, ինչպիսիք են Իրաքն ու Լիբիան (4 միլիոն բարել համատեղ օրական կտրվածքով), նավթարդյունաբերությունը դարձել է ոչ շահավետ տնտեսական գործունեություն, քանի որ այդ երկրներում ընդհանուր արտադրանքի մակարդակը չի ավելանում: Միաժամանակ շուկան գտնվում է աշխարհաքաղաքական ռիսկի շրջանում: Չորրորդ և հիմնական պատճառն Ամերիկայի Միացյալ Նահանգների (ԱՄՆ)՝ աշխարհի խոշորագույն նավթ ներմուծող և սպառող երկրի՝ որպես ներկրող շուկայից դուրս գալն է: Այլ կերպ ասած՝ ԱՄՆ-ն դարձել է աշխարհի խոշորագույն նավթ արդյունահանող երկիր իր թերթաքարային նավթի հաշվին և սպառումը կատարում է սեփական ռեսուրսների հաշվին՝ խիստ նվազեցնելով ներմուծումը (աղյուսակ 1): Այսպիսով՝ ԱՄՆ-ն՝ որպես նավթի միջազգային շուկայում մեծագույն ծավալների ներկրող, խիստ կրճատել է իր պահանջարկի ծավալները, ինչն էլ առաջ է բերում համաշխարհային առաջարկի ավելցուկի: Եվ վերջապես Սաուդյան Արաբիան և Պարսից ծոցի դաշնակիցները որոշում են կայացրել չսահմանափակել արդյունահանման ծավալները՝ միջազգային շուկայում իրենց մասնաբաժինը նավթարդյունահանող այլ երկրների, օրինակ՝ ՌԴ -ին և Իրանին, չզիջելու նպատակով, թեև դա կարող էր հանգեցնել նավթի գնի բարձրացման: Այլ կերպ ասած՝ Ծոցի երկրները կարող են սահմանափակել իրենց արդյունահանման ծավալները, սակայն այս դեպքում մեծապես կշահեն Իրանը և Ռուսաստանը: Ինչ վերաբերում է Սաուդյան Արաբիային, այն կարող է դիմակայել իրավիճակին շնորհիվ իր բնական պաշարների, այն դեռևս ունի 900 միլիարդ դոլարի նավթային ռեզերվ, միաժամանակ չնչին է նավթի ինքնարժեքը՝ մեկ բարել արդյունահանելու համար ծախսում է ընդամենը 5-6 դոլար:

Այսպիսով՝ նավթային շուկայի Արևելյան (Ծոցի երկներ) և Արևմտյան (ԱՄՆ, Կանադա, Վենեսուելա) օլիգոպոլիաները գրեթե կորուստներ չեն ունենում նավթի գնի անկումից, հատկապես կարճաժամկետ կտրվածքով, ինչը չի կարելի ասել ՌԴ-ի և Իրանի համար (աղբյուրը՝ www.economist.com):

Սակայն բացի Իրանից և ՌԴ-ից՝ կան մի շարք այլ երկրներ ևս, որոնք նույնպես կրում են տնտեսական վնասներ: Այս երկրներից է հատկապես Սիրիան, քանի որ համեմատական կարգով Սիրիայի նավթի արդյունահանման ծավալները ավելի քիչ են, ինքնարժեքը ավելի բարձր է, մինչդեռ միջազգային շուկայում գինը շատ ցածր է: Եթե Իրանն ու ՌԴ-ն նավթը վաճառում են համապատասխանաբար 131 և 105 դոլար/ բարել արժեքով, ապա Սիրիան՝ բավական մեծ զեղչով 30-60 դոլար/ բարել:

Անդրադառնալով հետևանքներին լոկալ տնտեսությունների մակարդակով՝ կարելի է ենթադրել, որ պետք է շահեն մեծածախ և մանրածախ սպառողները, սակայն այս ամենը շատ հարաբերական է և կախված է մի շարք գործոններից: Այս իրավիճակում առաջնահերթ օգտվողները համարվում են տնային տնտեսությունները և ճանապարհորդները, որոնք նավթի բարձր գնի պայմաններում վճարում էին բավական բարձր մանրածախ գին տնային ջեռուցման համակարգի, փոխադրամիջոցների, այդ թվում նաև ինքնաթիռի վառելիքի դիմաց: Որպես շուկայական պարզ հարաբերություների արդյունք (քանի որ նավթի և նավթամթերքի մեծածախ գինը կտրուկ նվազել է) սպառողը ակնկալում է վառելիքի և մի շարք ապրանքների գնի նվազում նաև տեղական շուկայում: Սակայն նավթի գների համեմատական տվյալներ ներկայացնող www.Energyhelpline.com կայքը հաղորդում է, որ եթե անգամ մանրածախ գինը իջնի 9.7 %-ով, տարվա կտրվածքով մեծածախ կազմակերպությունը կարող է շարունակել շահույթ ապահովել: Այս ամենը հուշում է, որ մեծածախ կազմակերպությունները, համարժեք կերպով չնվազեցնելով մանրածախ գինը, հիմնականում ձգտում են պաշար կուտակել հետագայում ցանկացած գնային շոկի դիմակայելու համար: Այս առումով մեծ դեր կարող են ունենալ տվյալ երկրի տնտեսական քաղաքականություն իրականացնողները, քանի որ մեծածախ կազմակերպությունները մշտապես կարող են արդարացնել իրենց կողմից սահմանված մանրածախ գինը՝ պատճառաբանելով անկայուն միջազգային շուկան և ծախսեր՝ կապված նավթի ձեռքբերման հետ (աղբյուր՝ www.bbc.com): Այսպիսով՝ սպառողական ապրանքները, որոնց ինքնարժեքը կախված է նավթի կամ նավթամթերքի մանրածախ գնից, վատագույն դեպքում կարող են պահպանել իրենց գինը: Այս ամենը վերաբերում է ոչ միայն այլ երկրների տեղական տնային տնտեսությունների ակնկալիքներին, նաև Հայաստանի Հանրապետության տեղական սպառողին և մեծածախ կազմակերպություններին: Ինչպես երևում է վերը նշվածից, համաշխարհային նավթային պատերազմն ուղղված է ՌԴ տնտեսության դեմ՝ որպես նավթ արտահանող խոշորագույն պետության, իսկ ՀՀ-ն նավթ ներկրողներից մեկն է հենց ՌԴ-ից: Այսպիսով՝ հարց է, թե արդյո՞ք ՌԴ-ն կնվազեցնի իր արտահանման գինը, և մյուս կողմից էլ՝ ներկրող մեծածախ կազմակերպությունը կնվազեցնի՞ իր մանրածախ գինը:

Ամփոփելով նավթային շուկայի գնային անկման պատճառներն ու հետևանքները՝ կարելի է նշել, որ մի շարք զարգացող երկրներում, որտեղ բնական ռեսուրսները համարվում են տնտեսական օրհնություն, այս դեպքում վեր են ածվել անեծքի: Այսինքն՝ կան պաշարներ, բայց չկա շահույթ: Նավթի գների անկումը մեխանիկորեն բերում է տվյալ երկրի համախառն ներքին արտադրանքի նվազեցմանը և նավթի գծով արտահանման կրճատմանը: Այս պայմանները երկար շարունակվելու դեպքում կարող են լրջորեն վնասել երկրի տնտեսությանը: Հակառակ դեպքում պետությունը իր ծախսերը հոգալու համար բարձրացնում է հարկերը, որոնք բեռ են դառնում քաղաքացիների և կազմակերպությունների համար:

Այսպիսով՝ նավթի գների անկումը կրում է ոչ թե տնտեսական, այլ խիստ քաղաքական բնույթ: Կարճաժամկետ կտրվածքում այն արդարացնում է որպես գործիք՝ հօգուտ ԱՄՆ-ի և ի վնաս ՌԴ-ի և Իրանի, սակայն երկարաժամկետ կտրվածքով շուկան կթելադրի իր բնական պահանջները:

 

Տաթև Մկրտչյան


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: