ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Մակրոտնտեսագիտական հետազոտությունների մոդել՝ Մուտքի – Ելքի անալիզ. հնարավոր կիրառությունը ՀՀ-ում

Գոյություն ունեն տնտեսական բազմաթիվ ցուցանիշներ երկրների տնտեսությունները համեմատելու կամ որևէ տնտեսության ներսում բարեփոխումներ անելու համար: Այդ ցուցանիշների ստացման ճանապարհները և հաշվարկային համակարգերը նույնպես բազմազան են: Սակայն առկա են համաշխարհային փորձ և լայնամասշտաբ կիրառություն ունեցող հաշվարկային համակարգեր, որոնք հիմք են ծառայում տնտեսական բազմակողմանի հետազոտությունների համար:

Սույն աշխատության գլխավոր նպատակն է ծանոթացնել և ներկայացնել Մուտքի – Ելքի (այսուհետև Մ-Ե) մոդելը և դրա հիմնական կիրառության հնարավորությունները Հայաստանի Հանրապետության (ՀՀ) տնտեսության շրջանակներում: Ոչ պակաս կարևոր նպատակ է նաև ընթերցողին հասկանալի դարձնելը այս մեթոդի էությունն ու առավելությունները՝ որպես օրինակ ներկայացնելով համաշխարհային հարուստ և արդյունավետ փորձը:

Աշխատությունը ունի հետևյալ կառուցվածքը.

  1. Մ-Ե մոդելի ներկայացում և կառուցվածք,
  2. Մ-Ե մոդելի տնտեսագիտական և մաթեմատիկական կողմերը,
  3. Մ-Ե մոդելի առավելությունները և թերությունները,
  4. Մ-Ե մոդելի կիրառման համաշխարհային փորձը,
  5. ՀՀ տնտեսություն և մոդելի հնարավոր կիրառություն,
  6. առաջարկություններ և ամփոփում,
  7. օգտագործված գրականություն:

 

 ՄուտքերԵլքեր մոդելի ներկայացում և կառուցվածք

 Մ-Ե հետազոտությունը մակրոտնտեսագիտական մոդելավորման առաջնային գործիքներից է: Այն տնտեսագիտական անալիզ է, որում հետազոտվում է տնտեսության տարբեր սեկտորների փոխգործունեությունը` դիտարկելով արդյունաբերական ամեն մի ճյուղի արդյունք և՛ որպես ապրանք վերջնական սպառման համար (ելքեր), և՛ որպես գործոն հենց իր տեսակի կամ այլ տեսակի ապրանքների արտադրության համար (մուտքեր): Մյուս կողմից սույն մեթոդը հստակորեն ներկայացնում է երկրի բոլոր ֆինանսական փոխանցումները արդյունաբերական ճյուղերի և սպառողների միջև: Առաջին անգամ մոդելը զարգացում է ստացել Վասիլի Լեոնտևի կողմից 1930-ականներին, որպեսզի ձեռք մեկնվի արդյունաբերության նախագծմանն ու առաջատար ճյուղերի զարգացմանը: Մոդելի հիմնադիրն ու զարգացնողը ծնունդով ռուս է եղել, սակայն իր գիտական և աշխատանքային գործունեությունը ծավալել է Ամերիկայի Միացյալ Նահանգներում: 1973 թ. Լեոնտևին շնորհվել է տնտեսական գիտությունների գծով Նոբելյան մրցանակ մեթոդի զարգացման և լայն կիրառման համար: Այսօր էլ մեթոդը լայն կիրառություն ունի աշխարհի գրեթե բոլոր տնտեսագիտական հետազոտական ինստիտուտների կողմից, քանի որ այն ներկայացնում է ոչ միայն երկրի տնտեսության պատկերը, այլ նաև կարող է ներկայացնել երկրի մարզային (միկրո մակարդակով) տնտեսական իրավիճակը և տարածաշրջանի (մակրո մակարդակով) երկրների տնտեսական պատկերը՝ ամբողջական կտրվածքով:

Մ-Ե մեթոդի հիմնական գործիքը Մուտքեր-Ելքեր սեղանն է՝ անգլերենից թարգմանաբար (Input-Output table), որն էլ հիմք է ծառայում՝ հետազոտություններին անհրաժեշտ հիմնական տվյալների բազա մատակարարելով: Տվյալների բազան սեղանի տեսքով ներկայացնում է ցանկացած պետության, մարզի կամ տարածաշրջանի ներսում գոյություն ունեցող բոլոր արդյունաբերական ճյուղերն իրենց մուտքերով ու ելքերով՝ արտահայտված փողային արժեքի տեսքով: Սեղանն արտացոլում է նաև տնտեսական ճյուղերի վերջնական արտադրանքը, սպառման ծավալները, ավելացված արժեքը և համախառն ներքին արդյունքը (ՀՆԱ): Այն կարող է կառուցվել ինչպես տնտեսության բոլոր ճյուղերի, այնպես էլ որոշ արդյունաբերական ճյուղերի համար: Մյուս կողմից՝ Մ-Ե սեղանը գործիք է նաև ազգային-տնտեսական հաշվարկների համար: Աշխարհի գրեթե բոլոր երկրների վիճակագրական ծառայության կենտրոնները այս սեղանների մատակարարներն են: Աղյուսակ 1-ում պատկերված Մ-Ե սեղանը ներառում է միայն տնտեսության մի քանի ճյուղ՝ գյուղատնտեսություն, շինարարություն, արդյունաբերություն (ցանկացած), տրանսպորտ, շուկա և ծառայություներ (ցանկացած):

Աղյուսակ 1. Մ-Ե սեղանն ունի մոտավորապես հետևյալ տեսքը.

 

z

Գյուղ.

Շին.

Արդյ.

Տրանս.

Շուկա

Ծառ.

Ծախս.

Ներ.*

Արտ.*

Պետ.*

Ընդհանուր

Գյուղ.

 

 

Միջանկյալ մուտքեր

 

 

Վերջնական

սպառում

 

Ամբողջական համախառն արդյունք

Շին.

Արդյ.

Տրանս.

Շուկա

Ծառ.

Փխհ.*

 

Ավելացված արժեք

 

ՀՆԱ

 

 

Ներ.*- Ներդրումներ

Արտ.*- Արտահանումներ

Պետ.*- Պետական ծախսեր

Փխհ.*- Փոխհատուցում (աշխատավարձ և այլն)

ՀԱՀ.*- Համախառն ավելացած հարկեր

Այս սեղանը ցույց է տալիս, թե ինչպես ամեն մի ճյուղի ելքը (կամ արտադրանքը) բաշխվում է տնտեսության մյուս ճյուղերում որպես մուտքեր (ներմուծումներ): Մյուս կողմից այն պատկերում է ամեն մի ճյուղի մուտքերը՝ ստացված այլ արդյունաբերության ճյուղերից: Սեղանը գրականության մեջ հաճախ կոչվում է «փոխանցումների սեղան», քանի որ հստակ պատկերում է տնտեսության ճյուղերում արտադրված ապրանքների հոսքը դեպի այլ ճյուղեր` արտահայտված դրամական արժեքով: Այս ամենը լավ արտահայտված է «միջանկյալ մուտքեր» հատվածում: Ներքևի ձախ մասում են գտնվում բոլոր «վճարումները» ըստ տնտեսության ճյուղերի՝ հարկեր, աշխատավարձեր, ներմուծումներ և այլն (ոչ բոլորն են պատկերված Աղյուսակ 1-ում): Վերին աջ մասում տեղակայված է «վերջնական պահանջարկը»՝ արտահանում, տնային տնտեսությունների, պետության կողմից սպառում և այլն: Ներքևի ձախ հատվածը ներկայացնում է տնտեսության բոլոր ճյուղերի ավելացված արժեքի համագումարը՝ Համախառն ներքին արդյունքը: Նայելով սեղանին՝ կարելի է եզրահանգել, որ Մ-Ե հետազոտությունը և ազգային եկամուտների հաշվարկը այդքան էլ տարբեր մոտեցումներ չեն տնտեսագիտության մեջ (William H. Miernyk 1965)[1]:

Մ-Ե մոդելի տնտեսագիտական և մաթեմատիկական կողմերը

Ինչպես երևում է վերոհիշյալ նկարից, երկրի, մարզի կամ տարածաշրջանի տնտեսության պատկերումը ներկայացված մոդելով, շատ հարմարավետ է և հեշտ ըմբռնելի: Ինչպես քարտեզն է արտացոլում երկրի աշխարհագրական դիրքը, այնպես էլ Մ-Ե սեղանն ընդգծում է ցանկացած երկրի տնտեսական իրավիճակը: Այն աննկարագրելի արդյունավետ գործիք է տնտեսագիտական տարբեր հետազոտությունների համար, իսկ մաթեմատիկական տեսանկյունից անչափ դյուրին է, քանի որ հաշվարկները հիմնականում կատարվում են ուղիղ գծային հավասարման միջոցով և մատրիքսներով: Միջանկյալ մուտքերը հենց ներկայացնում են փոխանցումային մատրիքսը, որի վրա էլ կառուցվում են բոլոր հաշվարկները՝ ըստ հետազոտության պահանջների: Մ-Ե մեթոդը կիրառվում է հատկապես երեք ուղղություններով. առաջին՝ կանխորոշել ցանկացած տնտեսական ճյուղի ազդեցությունն իր իսկ ոլորտի և տնտեսության մյուս ճյուղերի վրա` ավելացնելով վերջնական արդյունքի ծավալները: Երկրորդ՝ գնահատել ցանկացած ճյուղի ճկունությունը (անգլերենից թարգմանաբար՝ elasticity) տվյալ տնտեսության մեջ, օրինակ՝ գնահատել, թե 1%-ով վերջնական արդյունքի ավելացման դեպքում, քանի տոկոսով կփոխվեն ներդրումներն այլ տնտեսական ճյուղերում: Երրորդ՝ որոշել «բանալի» տնտեսական ճյուղը ամբողջ տնտեսության կտրվածքով: Նշված երեք տեսակի հետազոտությունները համապատասխանաբար արվում են բազմապատկիչների, ճկունության գործակցի և փոխկապակցման գործակիցների հաշվարկի հիման վրա[2]:

Բազմապատկիչներ: Սրանք իրենց բնույթով շատ կարևոր են Մ-Ե անալիզների ժամանակ: Ըստ տեսակի՝ լինում են արդյունքի (Output), եկամտի (Income), աշխատանքի (Employment) և ավելացված արժեքի (Added Value) բազմապատկիչներ (multipliers): Մ-Ե բազմապատկիչները ցույց են տալիս միջճյուղային գնումների քանակի հարաբերական փոփոխությունը արդյունաբերական տվյալ ճյուղի վերջնական պահանջարկի փոփոխման դեպքում: Բազմապատկիչների միջոցով կարելի է գնահատել այն ոլորտները, որտեղ պետք է ուղղվեն զարգացման ծրագրերը, այն դեպքում, երբ տնտեսության մեջ կառուցվածքային երկարաժամկետ փոփոխություններ կատարելն առաջնահերթ նպատակ է: Բազմապատկիչները քաղաքականություն իրականացնողների ուշադրությունը ուղղորդում են տնտեսության այն ճյուղերին, որոնք ապագայում ավելի կարևոր դեր խաղալու նախադրյալներ ունեն շնորհիվ իրենց յուրահատուկ կառուցվածքի, միջճյուղային հոսքերի և տնտեսության մասնագիտացման (specialization of the economy):

Ճկունություն: Սակայն միայն բազմապատկիչներով հնարավոր չէ ճշգրիտ որոշել որևէ ճյուղի ազդեցության էֆեկտը ընդհանուր տնտեսության վրա: Սա է պատճառը, որ Մ-Ե անալիզները չեն սահմանափակվում միայն բազմապատկիչների հաշվարկով, դրան հետևում է ճկունության ինդեքսի (Elasticity) հաշվարկը: Վերջիններս, ինչպես և բազմապատկիչները, ըստ տեսակի՝ լինում են արդյունքի (Output), եկամտի (Income), աշխատանքի (Employment) և ավելացված արժեքի (Added Value): Էլաստիկության ինդիկատորները շեշտը դնում են հնարավոր իրական զարգացումների ազդեցության վրա, որը կարող է ստացվել տնտեսության այն ճյուղերից, որոնք իրական հնարավորություն ունեն մեծացնելու իրենց արտադրանքի մասշտաբները առկա ժամանակում, այսինքն՝ կարճաժամկետ զարգացման ծրագրերը պետք է ուղղված լինեն հենց այդ ոլորտներին: Այսպիսով՝ էլաստիկության ինդեքսը շեշտադրում է ավելի այն ոլորտները, որոնք կարճ ժամանակահատվածում զարգացման հնարավորություն ունեն ավելի, քան այն ոլորտները, որոնք ենթակա են ապագայում ազդեցություն ունենալու տնտեսության զարգացման վրա: Հետևաբար ճկունությունը կարևորում է այն ճյուղերը, որտեղ պետք է կենտրոնանան տնտեսական զարգացման ծրագրերը, երբ անհրաժեշտություն է դիտվում սեղմ ժամկետներում ամբողջ տնտեսության մասշտաբով մեծացնել արտադրանքի ծավալները, եկամուտը կամ աշխատատեղերը (Kolokontes et. al. 2008): Ամփոփելով կարելի ասել, որ հետազոտողները բազմապատկիչների միջոցով ընդգծում են այն ոլորտները, որոնք երկարաժամկետ հեռանկարում զարգացման կարիք ունեն, իսկ էլաստիկության ինդեքսի միջոցով՝ կարճաժամկետ հեռանկարում զարգացման կարիք ունեցող ոլորտները:

Կարևոր է, որպեսզի կարճաժամկետ հեռանկարում զարգացման ենթակա ճյուղերն էլաստիկության բարձր ինդեքս ունենան: Զարգացման ծրագրեր մշակելիս և՛ բազմապատկիչներից, և՛ էլաստիկության գործակիցներից ստացված ինֆորմացիան շատ կարևոր է:

Փոխկապակցման գործակից: Մ-Ե մոդելի շրջանակներում արդյունաբերական արտադրանքը կարող է ունենալ երկու տեսակի տնտեսական ազդեցություն տնտեսության մյուս ճյուղերի վրա՝ բարձրացնել տվյալ արտադրանքի պահանջարկը և խթանել առաջարկին: Երբ տնտեսության որևէ ճյուղ ավելացնում է իր արտադրությունը, այլ արտադրությունների պահանջարկն ավելանում է: Այսպիսի պահանջարկը Ե-Մ մոդելում կոչվում է հետադարձ կապի գործակից (BL): Եթե ինչ-որ ճյուղ գրանցում է ավելի բարձր հետադարձ կապի ինդեքս, քան տնտեսության մյուս ճյուղերը, ապա դա նշանակում է, որ այդպիսի արտադրության ընդլայնումն ավելի շահավետ է տնտեսության համար, քանի որ խթանում է արդյունաբերական այլ գործընթացներ: Մյուս կողմից այլ արտադրանքների ծավալային ավելացումները խթանում են փոխկապակցված ճյուղերի արդյունքի ավելացումը, որպեսզի բավարարվի իրենց մուտքերի պահանջարկը: Առաջարկի այս ֆունկցիան կոչվում է առաջնային կապի գործակից (FL): Բանալի ճյուղ է համարվում տնտեսության մեջ արդյունաբերական այն ոլորտը, որն ունի հետադարձ և առաջնային փոխկապակցման շատ բարձր գործակիցներ, այսինքն՝ սերտորեն կապված է տնտեսության մյուս ճյուղերին և առաջարկի ու պահանջարկի հիմնական ձևավորողն է (Guo and Planting 2000; Cai, Leung, and Mak 2006):

Ազգային տնտեսության զարգացման ծրագրերի որոշման և նախագծման լավագույն հիմք կարող է հանդիսանալ Մ-Ե մոդելը, քանի որ այն բազմակողմ օգտակար ինֆորմացիա է հաղորդում, այն յուրահատուկ գործիք է, որը բացահայտում է ցանկացած տնտեսության կառուցվածքը, տալիս է մանրակրկիտ ինֆորմացիա տնտեսության առանձին ճյուղերի մասին, կապը դրանց միջև, ինչպես նաև կախվածությունը միմյանցից: Մոդելը ցույց է տալիս նաև յուրաքանչյուր ոլորտի կարևորության աստիճանն ընդհանուր տնտեսության կտրվածքով: Մ-Ե անալիզները բացահայտում են տնտեսության միջճյուղային և արտաճյուղային փոխանցումները որոշակի ժամանակի համար: Այլ կերպ ասած՝ տնտեսության արդյունավետությունը որոշակի ժամանակահատվածում բարձրացնելու նպատակի առկայության դեպքում ցանկացած ներդրում պետք է գնահատվի իր ուղղակի և անուղղակի արդյունավետության տեսանկյունից: Այս ամենը կարելի է գնահատել Մ-Ե մոդելի միջոցով՝ կիրառելով հետադարձ և առաջնային կապերի, բազմապատկիչների և ճկունության ինդեքսների տեխնիկան (Bekhet 2009):

Մ-Ե մոդելի առավելություններ և թերություններ

Մ-Ե մոդելը կիրառելի է աշխարհի գրեթե բոլոր երկրներում և մակրոտնտեսական բազմաթիվ հետազոտությունների հիմք է ծառայում (դրա կիրառման համաշխարհային փորձի մասին կխոսվի ներքևում): Պատճառը մեթոդի առավելություններն են, որ թույլ են տալիս մասնագետներին բազմակողմ հետազոտություններ իրականացնել: Հաշվարկների տեսակետից այն դյուրին է, քանի որ առնչվում է միայն գծային և մատրիքսային հաշվարկների հետ: Գոյություն ունեն համակարգչային ծրագրեր, որոնք էլ ավելի դյուրին են դարձնում մաթեմատիկական գործողությունները[3]:

Մ-Ե սեղանը պարունակում է հագեցած տվյալների բազա, ինչի արդյունքում հեշտանում է հետազոտողի աշխատանքը, կարող է միայն որոշակի կողմնակի վիճակագրական տվյալների անհրաժեշտություն առաջանալ: Մյուս կողմից Մ-Ե մոդելը սեղանի տեսքով ներկայացնում է ամբողջ երկրի, մարզի կամ տարածաշրջանի տնտեսական կառուցվածքը, այն քարտեզագրում է տնտեսական բոլոր փոխանցումները, որոնք հասանելի են անգամ ոչ մասնագետներին:

Շնորհիվ իր լայն տնտեսական մոտեցման այս հետազոտությունները թույլ են տալիս տնտեսական ազդեցությունները բաշխել վերջնական արտադրության արդյունքի և առաջարկի շղթայի միջև: Հետազոտության տեսանկյունից մեթոդը հնարավորություն է տալիս ամբողջական տնտեսական վերլուծություն կատարել՝ խուսափելով այլ մեթոդների կիրառման դեպքում առաջացող թերություններից: Ավելին՝ Մ-Ե հետազոտությունները հաստատուն են՝ պայմանավորված իրենց ստանդարտ հաշվարկներով: Այս ամենի հետ մեկտեղ մեթոդը ապահովագրված է իր վիճակագրական սխալի մեծության (standard error) չափից, որի տոկոսը տրամադրում է յուրաքանչյուր երկրի վիճակագրական ծառայություն, որն էլ կազմում է սեղանը:

Մոդելի առավելություն է համարվում նաև այն հնարավորությունը, որ տնտեսական ցանկացած ճյուղի արդյունավետությունը դիտվում է այլ ճյուղերի հետ համագործակցության կապի ներքո, այսինքն՝ ճյուղի ինչ-որ չափանիշի փոփոխման դեպքում ինչպիսին կլինի ամբողջ տնտեսության կտրվածքով արդյունքը՝ վերջնական արդյունք, եկամուտներ, աշխատատեղեր կամ ավելացված արժեք:

Մեթոդը առավելություններ ունի նաև ֆինանսական տեսանկյունից, քանի որ այս արդյունավետ տեխնիկան հետազոտություններ կատարելիս խնայում է ժամանակը և դրամական միջոցները: Այն պահանջում է միայն նվազագույն քանակի տվյալների հավաքագրում, որոնք էլ շատ հաճախ տրամադրվում են երկրի վիճակագրական ծառայությունների կողմից, հետազոտողին թույլ տալով խնայել ժամանակ:

Մ-Ե մեթոդի բացառիկ առավելություններից է ռեգիոնալացման (անգլերենից թարգմանաբար՝ regionalization) հնարավորությունը: Սա նշանակում է, որ մեթոդի հաշվարկային համակարգի միջոցով կարելի է կանխատեսումներ և լայնամասշտաբ հետազոտություններ անել նաև երկրի ցանկացած մարզի տնտեսական վիճակի, ինչպես նաև այդ մարզի առանձին արդյունաբերական ճյուղերի վերաբերյալ: Օրինակ՝ ազգային Մ-Ե սեղանը որոշ մեխանիզմների միջոցով ձևափոխել, դարձնել մարզային Մ-Ե սեղան՝ հարմարեցնելով տվյալ մարզի տնտեսական պրոֆիլին, և մարզային բազմապատկիչների ու ճկունության ինդեքսի միջոցով որոշել, թե արդյունաբերության ինչպիսի ճյուղ պետք է զարգացնել տվյալ մարզում: Այս ամենի հաշվարկի համար Մ-Ե մոդելը ճշգրիտ հաշվարկների իրականացման լայն հնարավորություն է ընձեռում:

Ինչպես ցանկացած հետազոտական մեթոդ, այս տեխնիկան նույնպես ունի որոշակի սահմանափակումներ: Մ-Ե մոդելը ավելի շատ աշխատում է տնտեսական ճյուղային մակարդակում հավաքագրված (ագրեգացված) տվյալների, քան առանձին արտադրանքի տեսակների հետ: Մ-Ե սեղանը բազմաթիվ տնտեսական գործողությունների՝ ֆինանսական փոխանցումների, համագումար է: Այս հարուստ տվյալների բազան խմբավորված է սահմանափակ արդյունաբերական ճյուղերում՝ շատ տարբեր գործառնական նպատակներով: Այդ պատճառով էլ հետազոտությունից ստացված արդյունքները ցույց են տալիս արդյունաբերական ճյուղի ազդեցությունը տնտեսության վրա, բայց սահմանափակում են անհատական արտադրանքի ազդեցության գնահատումը: Սակայն այսպիսի հետազոտություններ նույնպես կարելի է անել՝ Մ-Ե մոդելը համադրելով որոշ այլ մեխանիզմների հետ:

Մ-Ե մոդելի կիրառման համաշխարհային փորձը

Ինչպես արդեն նշվել է վերևում, Մ-Ե մեթոդը տնտեսական գնահատումների մեջ սկսվել է կիրառվել 1930-ականներից, այն կիրառության լայն հնարավորություններ է գտել ոչ միայն իր «ծննդավայր» ԱՄՆ-ում, այլև Եվրոպայում, Ռուսաստանում, Չինաստանում, Ճապոնիայում, ասիական շատ երկրներում, այժմ արդեն աֆրիկյան բազում զարգացող և դեռևս թույլ զարգացած պետություններ ներդնում են այն: Մոդելն ունի երեք տեսակի կիրառություն՝ տարածաշրջանային հետազոտություններ, երկրորդ՝ մեկ տնտեսության ընդհանուր գնահատում կամ որևէ ճյուղի հետազոտություն, և երրորդ՝ մարզային (ռեգիոնալ) տնտեսության հետազոտություն:

Առաջին ձևաչափի հետազոտության օրինակ է REPBALKAN կոչվող միջազգային հետազոտությունը, որն ընդգրկում է բալկանյան հինգ երկրներ՝ Բուլղարիա, Խորվաթիա, Ռումինիա և Սլովենիա (այդ ժամանակ այս երկրները դեռևս Եվրամիության անդամ չէին) և ԵՄ-ի անդամ երկիր՝ Հունաստան: Հետազոտության նպատակն է եղել գնահատել տարածաշրջանի տնտեսությունները, հնարավոր ազդեցությունները տնտեսական համագործակցությունը սկսելուց առաջ, այսինքն՝ ԵՄ-ին միանալուց հետո հատկապես զբաղվածության և գյուղատնտեսության ոլորտի առաջխաղացման գնահատում: Որպես քաղաքական գործիք՝ հետազոտությունը կիրառել է Մ-Ե մեթոդը, որպեսզի հնարավորինս ճշգրտորեն գնահատի և կանխորոշի եկամտի, զբաղվածության և վերջնական արդյունքի մակարդակները տնտեսական ցուցանիշների հնարավոր փոփոխությունների դեպքում (Mattas et al. 2009; Bonfiglio et al. 2006): Այսպիսով՝ ընտրված մեթոդը թույլ է տվել տնտեսագետներին միջտարածաշրջանային հետազոտություններ իրականացնել և պարզել տնտեսության վրա հնարավոր ազդեցությունները:

Երկրորդ ձևաչափի հետազոտությունների օրինակներն անթիվ են: Այսօր աշխարհի գրեթե բոլոր երկրներն ունեն իրենց Մ-Ե սեղանները՝ տրամադրված ազգային վիճակագրական ծառայությունների կողմից, որոնց հիմա վրա երկրի տնտեսագետների կողմից կատարվում են բազմաթիվ հետազոտություններ: Մ-Ե մեթոդով կատարված որոշ հետազոտությունների կարելի է հանդիպել հետևյալ աշխատություններում՝ Baumol and Wolff 1994; Archer 1982; Cai, and Mak 2006; Valadkhani 2003; Guo and Planting 2000:

Թվով և տեսակով էլ ավելի բազմազան են Մ-Ե այն հետազոտությունները, որոնք ունեն մարզային կտրվածք: Ինչպես արդեն նշվել է, մեթոդը լայն հնարավորություն է տալիս տնտեսական ազդեցության վերլուծություն իրականացնել երկրի մարզային մակարդակում, որն էլ նշանակում է երկրի Մ-Ե սեղանը ածանցելով ստանալ մարզի տնտեսությանը համապատասխանող սեղան: Այս տեսանկյունից հաշվարկները մի փոքր բարդանում են, սակայն գոյություն ունեն բազմաթիվ գործիքներ՝ համեմատաբար ճշգրիտ ածանցում իրականացնելու համար: Հատկապես այն երկրները, որոնք բաղկացած են նահանգներից կամ մարզերից, որոնց տնտեսական կառուցվածքը բազմաբնույթ է, և որոնք խիստ տարբերվում են մեկը մյուսից, Մ-Ե գործիքը շատ նպատակահարմար է մարզային տնտեսական ոլորտների ազդեցությունների գնահատման համակարգում: Այսպիսի բազում աշխատությունների օրինակ են հետևյալները՝ DDegerinc 2002; Flegg and Tohmo 2011; Aydogus et al. 2013; Parreiral et al. 2014:

Համաշխարհային փորձը շատ հարուստ է այս բնագավառում, և անհնար է անգամ դրանց մի մասը ներկայացնել ըստ վերնագրերի կամ բովանդակության, քանի որ անալիզների տեսակները բազում են, կիրառվող ոլորտները՝ նմանապես: Այս բնագավառում իրենց հարուստ փորձով հետ չեն մնում նաև հարևան և տարածաշրջանի երկրները:

Թուրքիան բազում հետազոտություններ ունի տվյալ մոդելի կիրառմամբ: Երկրի Մ-Ե սեղանը ներկայացված է պետական վիճակագրական ծառայության կողմից և հասանելի է էլեկտրոնային տարբերակով: Հատկապես 2002 թ. Մ-Ե սեղանի հիման վրա հետազոտություն է տարվել երկրի էներգետիկ արդյունաբերության գծով: Մեթոդի կիրառման ռեգիոնալ տարբերակներից է մի հետազոտություն, ըստ որի՝ որոշվում են Թուրքիայի, Իրանի և Հարավային Կորեայի բանալի ճյուղերը: Այսպիսի հետազոտությունները շատ կարևոր են տնտեսական քաղաքականություն իրականացնողների և տնտեսություն պլանավորողների համար, քանի որ մեթոդը հնարավորություն է տալիս կանխորոշել բանալի ճյուղի միջանկյալ և վերջնական պահանջարկը, որն էլ իր հերթին սերտորեն կապված է տնտեսության այլ ճյուղերի հետ և առաջ է բերում համապատասխան արտադրանքի քանակական փոփոխություններ: Մ-Ե մեթոդը կրկնակի օգտակար է եղել այս հետազոտության դեպքում, քանի որ հնարավորություն է տվել մասնագետներին նաև այդ 3 երկրների բանալի ճյուղերի մեջ զուգահեռներ անցկացնել (Jahangard and Keshtvarz 2012):

Վերը նշվածից արդեն երևում է, որ հարևան երկիր Իրանը նույնպես կիրառում է տվյալ մեթոդը տնտեսագիտական տարբեր կանխատեսումների և քաղաքականություն ծրագրելու համար: Որոշ աշխատություններ կարելի է ենթադրել, որ երկիրը բավական երկար տարիների փորձ ունի այս ոլորտում: Սրա մասին է հուշում հատկապես 1999 թ. կատարված հետազոտությունը, որի նպատակն է եղել համեմատելով 1988, 1993 և 1999 թթ. Մ-Ե սեղանները կանխորոշել երկրի տնտեսական վերջնական արդյունքի աճը, արդյունաբերության կառուցվածքային տարրալուծումը և հետաքրքրող ճյուղերի արդյունավետության որոշումը (Nafiseh M. 2014): Իրանի տնտեսագետների կողմից Մ-Ե մոդելի կիրառմամբ կան բազմաթիվ այլ հետազոտություններ՝ արդյունաբերական մասնակի ճյուղերի կտրվածքով (Soltanpanahi et al. 2013):

Հարևան երկիր Ադրբեջանը նույնպես ունի մշակված Մ-Ե սեղան, և առկա են որոշ տնտեսագիտական հետազոտություններ այս մոդելի կիրառմամբ: Հատկանշական է հատկապես Ղազախստանի հետ համատեղ կատարած հետազոտությունը, որի նպատակն է եղել զուգահեռներ անցկացնել այս երկու երկրների էներգետիկի ոլորտի, ինչպես նաև նավթի և նավթամթերքի արդյունաբերությունների տնտեսական տարբեր գործակիցների միջև՝ Մ-Ե հետազոտության միջոցով (“Yadulla Hasanliv - Google Search” 2014):

Այս մեթոդի կիրառության շատ հարուստ և բազմամյա փորձ ունեն գործընկերներ Ռուսաստանի Դաշնությունը, Ղազախստանը (ինչպես արդեն նշվեց վերևում), Ուկրաինան, Բելառուսը, ինչպես նաև Արևելյան Եվրոպայի բոլոր երկրները:

ՀՀ տնտեսություն և մոդելի հնարավոր կիրառություն

Ինչպես արդեն տեսանք վերևում, Մ-Ե մոդելը համաշխարհային լայնամասշտաբ կիրառություն և փորձ ունի: Այն հիմք է ծառայում տնտեսագիտական մի շարք հետազոտությունների, ինչն էլ հետագայում օգտակար ինֆորմացիայի աղբյուր է դառնում տնտեսական քաղաքականություն իրականացնողների համար: Խնդիրը այն է, որ Մ-Ե մոդելը դեռևս չի կիրառվել ՀՀ պետական և ոչ պետական տնտեսագիտական հետազոտական որևէ ծառայության և մասնագետի կողմից: Չնայած համաշխարհային հսկայական փորձին, մոդելի լայն կիրառությանն ու արդյունավետությանը՝ այն չի շոշափվել ՀՀ տնտեսության մեջ՝ որպես հետազոտական և տնտեսական պարամետրերի կանխատեսման գործիք: Պատճառը կարող է լինել մոդելին տիրապետող մասնագետների պակասը: Մեկ այլ կարևոր պատճառ կարող է հանդիսանալ տվյալների հավաքագրումը և տրամադրումը, քանի որ մեթոդը պահանջում է մեծածավալ տնտեսագիտական բաց ինֆորմացիա արդյունաբերական ճյուղերի վերաբերյալ: Հայաստանում հետազոտությունները կատարվում են միայն առանձին ճյուղերի համար, սակայն միջճյուղային փոխադարձ կապվածության ազդեցության կանխորոշում, որպես այդպիսին, հիմնականում չի կատարվում: Հայտնի է միայն, որ Եվրամիության ՏԱՍԻՍ ծրագրի «Վիճակագրություն 10» պայմանագրի շրջանակում իրականացրած «Ազգային հաշիվների կատարելագործում» նախագծի շրջանակում կազմվել է «Ծախսեր-թողարկում» աղյուսակը 2006 թվականի տվյալներով: Այս աղյուսակում ներառված են 16 արդյունաբերական ճյուղեր, և ինքը՝ աղյուսակը, իր բնույթով շատ նման է Մ-Ե սեղանին, սակայն առաջինիս պարունակած ինֆորմացիան շատ աղքատիկ է և չի բավարարում Մ-Ե մոդելի պահանջներին:

Հայաստանը որպես զարգացող երկիր, միջճյուղային փոխկապվածության հետազոտությունների կարիք ունի: Նշված գործիքների կիրառման արդյունքում կարելի է պարզել, թե տնտեսության որ ճյուղն է պետք զարգացնել՝ ըստ երկարաժամկետ կամ կարճաժամկետ նախագծերի: Ինչպես նաև պարզել՝ որ ճյուղերում է անհրաժեշտ ներդրումներ անել աշխատատեղերի, արտադրանքի ծավալի կամ եկամտի աճի ապահովման նպատակով և այլ խնդիրներ, որոնց պատասխանները հեշտությամբ կարելի է ստանալ Մ-Ե մեթոդի կիրառմամբ: Պետական հետազոտական ինստիտուտների նպատակը պետք է լինի այս խնդրի առաջքաշումը, օրակարգային հարց՝ վիճակագրական տվյալների հավաքագրումը և մոդելի կիրառությունը: Ըստ համաշխարհային փորձի՝ Մ-Ե սեղանի կառուցումը և տնտեսական հետազոտական ինստիտուտներին դրա մատակարարումը հիմնականում պետական վիճակագրության ծառայության պարտավորությունն է: Խնդրի լուծման պատասխանատվությունը պետք է ստանձնի պետությունը, քանի որ վիճակագրական տվյալներն ավելի հասանելի և ճշգրիտ կլինեն, եթե այդ հարցով զբաղվի պետական վիճակագրական ծառայությունը, իսկ հետազոտությունների գծով՝ մասնագետները՝ ընդգրկված թե՛ պետական, թե՛ մասնավոր հետազոտական ինստիտուտներում: Խնդիրը բարձրացնելը և լուծման ուղղությամբ աշխատանքներ տանելը բխում է երկրի տնտեսական շահերից, քանի որ մեր պետությունը գտնվում է տնտեսական ինտեգրացիոն բարդ գործունեության մեջ: Առավել ևս ԵԱՏՄ անդամակցության պայմաններում Մ-Ե մոդելի միջոցով կարելի է հստակորեն վերլուծել ՀՀ տնտեսությունը, դրա կառուցվածքը և նրա հնարավոր ուրույն տեղը ԵԱՏՄ շրջանակներում: Տեղին է նորից նշել REPBALKAN-ի միջազգային փորձը, որով բալկանյան մի շարք երկրներ Մ-Ե մոդելով հետազոտություն են արել մինչև իրենց ԵՄ տնտեսական համակարգին միանալը: ՀՀ-ն ո՛չ նախկինում, ո՛չ էլ այժմ չունի այսպիսի փորձ, սակայն ներկայիս տնտեսական ինտեգրացիոն գործընթացները լավագույն առիթ են այս փորձը ՀՀ-ում կիրառելի դարձնելու համար, քանի որ թե՛ ԵԱՏՄ, թե՛ ԵՄ անդամ պետությունները հարուստ փորձ ունեն այս բնագավառում:

 

Առաջարկություններ և ամփոփում

Սույն աշխատության առաջարկությունն այն է, որ Մ-Ե հետազոտությունները կիրառելի դառնան ՀՀ տնտեսական հետազոտական համակարգում: Ներկայիս մարտահրավերներն էլ հուշում են ճշգրիտ ժամանակահատվածը, քանի որ այն կօգնի մի շարք որոշումների կայացման հարցերում: Այս ամենը կարելի է իրագործելի դարձնել հետևյալ քայլերով. որևէ հայկական տնտեսագիտական հետազոտական կենտրոնի ջանքերով հավաքել և վերապատրաստել մասնագետներ սույն հետազոտություների գծով, որոնք էլ կներկայացնեն վիճակագրական ծառայություններին համապատասխան տվյալների բազայի պահանջները, որի հիման վրա կկազմվի Մ-Ե սեղանը: Երկրորդ քայլով ստացված տվյալների (Մ-Ե սեղանի) հիման վրա կատարել մի շարք հետազոտություններ, որոնց մասին արդեն նշված է վերևում՝ մոդելի տնտեսագիտական հնարավորությունների բաժնում:

Հաշվի առնելով մոդելի հնարավորություններն ու առավելությունները՝ կառաջարկեի այն կիրառելի դարձնել և օգնել տնտեսական ոլորտում որոշումներ կայացնողներին՝ մատակարարելով բազմակողմանի տվյալներ տնտեսության ճյուղերի և դրանց տնտեսական ազդեցությունների մասին: Մոդելի կիրառմանը կհաջորդի հետազոտության տվյալների համեմատությունը ԵԱՏՄ մյուս երկրների համապատասխան հետազոտության հետ: Այս համեմատությունը շատ կարևոր և հետաքրքիր վերլուծություն է՝ տեսնելու մեր երկրի տեղն ու դիրքը տնտեսական ցանկացած համակարգում:

Ամփոփելով աշխատությունից հստակ երևում է՝ Մ-Ե մեթոդի ներդրման անհրաժեշտությունը և դրա կիրառման առավելությունները ՀՀ տնտեսական հետազոտական համակարգում: Սա նոր և այլնընտրանքային տարբերակ է մարտահրավերների լուծումների համար:

Տաթև Մկրտչյան

 

 Օգտագործված գրականություն

Archer, Brian H. 1982. “The Value of Multipliers and Their Policy Implications.” Tourism Management 3 (4): 236–41. doi:10.1016/0261-5177(82)90044-9.

Aydogus, Osman, Çağaçan Değer, Elif Tunali, and Gülcin Gürel. 2013. A Regional Input-Output Model For Izmir. Working Paper 1302. Ege University, Department of Economics. http://econpapers.repec.org/paper/egewpaper/1302.htm.

Baumol, William J., and Edward N. Wolff. 1994. “A Key Role for Input-Output Analysis in Policy Design.” Regional Science and Urban Economics 24 (1): 93–113. doi:10.1016/0166-0462(94)90021-3.

Bekhet, Hussain A. 2009. “Assessing Economic Connectedness Degree of the Malaysian Economy: Input-Output Model Approach.” International Journal of Economics and Finance 1 (2). doi:10.5539/ijef.v1n2p134.

Blair, P. 1985. “Input-Output Analysis: Foundations And Extensions.” Books by Alumni, January. http://works.swarthmore.edu/alum-books/1251.

Bonfiglio, Andrea, Roberto Esposti, Associazione Alessandro Bartola, Franco Sotti, and others. 2006. Rural Balkans and EU Integration: An Input-Output Approach. FrancoAngeli.

Cai, Junning, PingSun Leung, and James Mak. 2006. “Tourism’s Forward and Backward Linkages.” Journal of Travel Research 45 (1): 36–52. doi:10.1177/0047287506288869.

Dinc, Mustafa. 2002. “Regional and Local Economic Analysis Tools.” The World Bank, Washington DC. http://info.worldbank.org/etools/docs/library/128789/Dinc%202001.pdf.

Flegg, Anthony T., and Timo Tohmo. 2011. “Regional Input–output Tables and the FLQ Formula: A Case Study of Finland.” Regional Studies 47 (5): 703–21. doi:10.1080/00343404.2011.592138.

Guo, Jiemin, and Mark A. Planting. 2000. “Using Input-Output Analysis to Measure US Economic Structural Change over a 24 Year Period.” Bureau of Economic Analysis Working Paper 1. https://www.bea.gov/papers/pdf/strucv7all.pdf.

Jahangard, Esfandiar, and Vida Keshtvarz. 2012. “Identification of Key Sectors for Iran, South Korea and Turkey Economies: A Network Theory Approach.” Iranian Economic Review 16 (32): 41–63.

Kolokontes, Argyrios D., Chrysovalantis Karafillis, and Fotios Chatzitheodoridis. 2008. “Argyrios D. Kolokontes, Chrysovalantis Karafillis, Fotios Chatzitheodoridis-Peculiarities and Usefulness of Multipliers, Elasticities and Location Quotients for the Regional Development Planning: An Other View.” Romanian Journal of Regional Science 2 (2): 118–33.

Leontief, Wassily W. 1986. Input-Output Economics. Oxford University Press.

Mattas, Konstadinos, Efstratios Loizou, and Vangelis Tzouvelekas. 2009. “Rural Development Through Input–Output Modeling.” In Advances in Modeling Agricultural Systems, 273–95. Springer. http://link.springer.com/chapter/10.1007/978-0-387-75181-8_13.

Miller, Ronald E., and Peter D. Blair. 2009. Input-Output Analysis: Foundations and Extensions. Cambridge University Press.

Nafiseh Mohammadi. 2014. “Sources of Economic Growth and Input-Output Structural Decomposition Analysis: The Case of Iran.” Accessed December 22. http://www.academia.edu/730996/Sources_of_Economic_Growth_and_Input-Output_Structural_Decomposition_Analysis_The_Case_of_Iran.

Parreiral, André, João Ferreira, Pedro Ramos, Luís Cruz, and Eduardo Barata. 2014. “A Bi-Regional Input-Output Model for Portugal: Centro and Rest of the Country.” Accessed December 4. https://www.iioa.org/conferences/22nd/papers/files/1578_20140509041_Parreiral_et_al_A_bi_regional_Input_Output_model_for_Portugal.pdf.

Soltanpanahi, Sherko, TN Prakash Kammardi, and Hamed Ghaderzadeh. 2013. “Analysis of Input-Output Energy Use in Sugar Beet Production in Iran.” World Applied Sciences Journal 28 (9): 1252–61.

Valadkhani, Abbas. 2003. “Using Input-Output Analysis to Identify Australia’s High Employment Generating Industries.” Faculty of Commerce-Papers, 392.

William H. Miernyk. 1965. Elements of Input-Output Analysis. http://www.rri.wvu.edu/WebBook/Miernykweb/new/coverpage.htm.

“Yadulla Hasanliv - Google Search.” 2014. Accessed December 28. https://www.google.gr/search?q=Yadulla+Hasanliv&oq=Yadulla+Hasanliv&aqs=chrome..69i57.1384j0j7&sourceid=chrome&es_sm=122&ie=UTF-8.



[1] Մ-Ե մոդելի գրականություն (Leontief 1986; Miller and Blair 2009; Blair 1985)

[2] Փոխկապակցման գործակիցներն են՝ հետադարձ կապի ինդեքս (անգլերենից թարգմանաբար՝ Backword Linkage), և առաջնային կապի ինդեքս (անգլերենից թարգմանված՝ Forward linkage):

[3] Օրինակ GAUSS ծրագիրը. http://www.aptech.com/


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    26.11.2024
       
    27.11.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: