ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Էրդողանն արձագանքում է Ս. Սարգսյանի հայտարարությանը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի մամլո խոսնակ Իբրահիմ Կալինն «անընդունելի» է անվանել ՀՀ նախագահի հայտարարությունները՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի օրը Օսմանյան կայսրության կողմից Գալիպոլիի ճակատամարտում տարած հաղթանակի տարեդարձը Էրդողանի հրավերով Թուրքիայում նշելու հրավերի կապակցությամբ: «Հայտնի է, որ հայկական կառավարությունը փորձում էր 2015 թվականը վերածել Թուրքիայի և թուրքերի դեմ միջազգային քարոզարշավի տարի, և այս նպատակով Երևանը պատրաստ էր վիրավորանքներ և ատելություն պարունակող հայտարարություններ անել՝ խախտելով դիվանագիտական պրակտիկան», - Թուրքիայի նախագահի խոսքերը մեջբերում է Anadolu գործակալությունը: Իբրահիմ Կալինը Էրդողանի հրավերի կապակցությամբ Սերժ Սարգսյանի հայտարարությունը «այս ցավալի վերաբերմունքի նոր դրսևորում է» է անվանել:

Հիշեցնենք, որ հունվարի 29-ին ելույթ ունենալով Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի 5-րդ նիստին՝ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը, «ցինիկ և անհեռատես» էր որակել Գալիպոլիի ճակատամարտի տարեդարձը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի օրը նշելու Թուրքիայի որոշումը և հավելել. «Երբ ստացա այդ անպարկեշտ հրավերը, անհրաժեշտ համարեցի անմիջապես և հանրայնորեն պատասխանել Ռեջեփ Էրդողանին, քանի որ ակնհայտ էր, որ հրավերի փաստը կարող է թյուր կերպով հասկացվել և մեկնաբանվել միջազգային լրատվամիջոցների և հանրության կողմից: Կարծում եմ, որ իմ պատասխանը և դրան հետևած միջազգային և հենց Թուրքիայի ներսում տեղ գտած արձագանքները ապացուցում են այդ թերհաշվարկված քայլի սին լինելը»:

«Մենք վերադարձնում ենք պետական գործչին ոչ վայել այս դիտողությունները պարոն Սարգսյանին«, - ասել է Էրդողանի խոսնակը՝ հավելելով, որ «Թուրքիան շարունակելու է դիմադրել պատմության միակողմանի տեսակետը շահարկելու բոլոր փորձերին«:

«2005 թվականին մեր նախագահը կոչ արեց պատմաբաններին «Ընդհանուր պատմաբանների հանձնաժողով» ստեղծել Հայաստանի և Թուրքիայի ընդհանուր պատմությունը ուսումնասիրելու համար, և ապահովեց 2009 թվականի արձանագրությունների ստորագրումը, որոնք ճանապարհ հարթեցին Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների կարգավորման համար: Որպես այս խաղաղ և կառուցողական վերաբերմունքի շարունակություն՝ 2015 թվականի ապրիլի 23-ին նա ցավակցական ուղերձ հղեց բոլոր հայերին: Սակայն ամեն անգամ Հայաստանն անպատասխան է թողնում Թուրքիայի քայլերը: Այս վերաբերմունքը, մասնավորապես, վնասում է Հայաստանին և հայերին», - եզրափակել է Թուրքիայի նախագահի մամլո խոսնակը:

Հատկանշական է, որ «Ընդհանուր պատմաբանների հանձնաժողով» ստեղծելու կոչին զուգահեռ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը օրեր առաջ հայտարարեց, որ Թուրքիան պատրաստ է «գին վճարել» 1915-ի համար՝ միայն ու միայն այն դեպքում, եթե «անկողմնակալ պատմաբանների թիմը» համաձայնի նրան, որ հոգեվարքի մեջ գտնվող Օսմանյան կայսրությունը իսկապես մեղավոր է ոճրի համար: Էրդողանը, France Presse-ի փոխանցմամբ, այս մասին ասել է թուրքական պետական TRT հեռուստաընկերության եթերում: «Եթե արդյունքները ցույց տան, որ մենք ոճիր ենք գործել, եթե մենք պետք է գին վճարենք, ապա որպես Թուրքիա՝ մենք կգնահատենք դա և կձեռնարկենք անհրաժեշտ միջոցները», - ասել է նա:

Էրդողանի այս հայտարարությունը հնչել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի 5-րդ նիստից հետո, որի ժամանակ հայտարարվեց այն մասին, որ ներկայումս Հայ իրավաբանների միջազգային հանձնախումբը մշակում է Ցեղասպանության հետևանքների հաղթահարման համապարփակ հայեցակարգ և իրավական պահանջների թղթածրար: Սա նշանակում է, որ Թուրքիայի նախագահը «գին վճարելու» մասին իր այս հայտարարությամբ արձագանքում է «իրավական պահանջների թղթածրարի» մասին Ս. Սարգսյանի հայտարարությանը՝ ակնարկելով, որ թեև Թուրքիան չի կարողանում հաղթահարել «Հայոց ցեղասպանություն» եզրույթը բարձրաձայն հնչեցնելու բարդույթը, այնուամենայնիվ, գուցե պատրաստ է որոշակի զիջումների գնալ հատուցման հարցում:

 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    21.06.2026
       
    22.06.2026
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: