ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Իրանը փոխարինում է Թո՞ւրքիային

Մերձավորարևելյան տարածաշրջանում և, առհասարակ, միջազգային հարաբերություններում Թուրքիայի և Իրանի դերակատարման մասին հաճախ է խոսվում: Վերլուծաբանները հաճախ են գրում այս երկրների՝ որպես տարածաշրջանային վաղեմի մրցակիցների մասին: Թուրք լրագրող Gokhan Bacik-ը փորձում է դիտարկել այս երկու երկրների դերակատարումը՝ համեմատելով նրանց 10 տարի առաջվա և ներկա աշխարհաքաղաքական վիճակը: Հոդվածն ամբողջությամբ հրապարակվել է Ստամբուլում գործող թուրքական Cihan լրատվական գործակալության կողմից:

10 տարի առաջ Իրանը մեկուսացված երկիր էր: Մահմուդ Ահմադինեժադի գլխավորած Իրանը հեղափոխական երկիր էր, որը գործում էր իր Իսլամական գաղափարախոսությանը համապատասխան: Բնական է, որ Ահմադինեժադի Իրանը արագ դարձավ մեկուսացված երկիր: Միաժամանակ, ավելացան Իրանի դեմ պատժամիջոցները և ավելի համախմբված բնույթ ստացան:

10 տարի առաջ Թուրքիան վայելում էր գնահատման առաջին համաշխարհային ալիքը: Եվրոպամետ ժողովրդավարական բարեփոխումները փոխում էին Թուրքիայի հին, բռնապետական պատկերը: Տնտեսությունը ծաղկում էր: Բնական է, որ Թուրքիան կարևոր համաշխարհային առաքելություններ էր ստանում: Ավելին, Թուրքիան դարձավ մի պետություն, որը կարող էր մեկուսացված երկրներին, ինչպիսիք էին Իրանը և Սիրիան, վերադարձնել գլոբալ համակարգ:

10 տարի առաջ, երբ Թուրքիան համաշխարհային հանրաճանաչություն ունեցող երկիր էր, Իրանը մեկուսացված պետություն էր: Իսկ այն, ինչ այսօր մենք ունենք տարածաշրջանում, գրեթե հակառակն է: Այսօր Թուրքիան այն պետությունն է, որը պարբերաբար քննադատության է ենթարկվում մարդու հիմնարար իրավունքների ոլորտում իր խոշորագույն խնդիրների համար: Եվ հակառակը, Իրանը ավելի լավ հարաբերություններ է զարգացնում Արևմուտքի հետ: Մինչդեռ Թուրքիան հայտնվել է տարածաշրջանային մեկուսացման լրջագույն վտանգի առջև, Իրանը դառնում է առանցքային դերակատար, որի օգնության կարիքը զգացվում է տարածաշրջանային բոլոր խոշոր ճգնաժամերի ժամանակ, իսկ Թուրքիան չի կարող անգամ դեսպան ուղարկել տարածաշրջանային տարբեր երկրներ: Իրանն անգամ բարելավել է իր հարաբերությունները Քրդստանի Աշխատավորական Կուսակցության (PKK) հետ:

Ճակատագրի հեգնանքով, կարելի է պնդել, որ Թուրքիան և Իրանը փոխանակվել են դերերով: Սա ճիշտ ժամանակն է, որ Անկարան ինքն իրեն հարց տա, թե որտեղ է սխալվել:

Թուրք վերլուծաբանը ենթադրում է, որ ամենայն հավանականությամբ, առաջիկա երկու տարիներին Թուրքիան ավելի շատ կզբաղվի ներքին փնտրտուքներով, կքննարկի նախագահական համակարգ ունենալու հարցը, կարևոր կլինի նաև քրդական հիմնախնդիրը: Եվ երկրորդ, Թուրքիան կդառնա միջազգային համակարգում ավելի մեկուսացված երկիր: Դրան զուգահեռ, Իրանը տարբեր ճակատներում (Սիրիա, Լիբանան, Իրաք) իր իշխանությունն իրացնելու կարողություն է դրսևորում:

Իրանի աճող փափուկ և կոշտ ուժը մերձավորարևելյան ներկայիս քաղաքականության առանցքային փաստն է, որը կարող է դառնալ հիմնական դինամիկա: Մի խոսքով, Իրանը տարածաշրջանային առաջնորդ դառնալու ազդանշաններ է տալիս: Ճակատագրի հեգնանքով Իրանի վերելքն ընթանում է Թուրքիայի վախճանին զուգահեռ: Բնական է, որ մյուս պետությունները կփոխեն Իրանի մասին իրենց պատկերացումը: Տարածաշրջանում պարզ օրենք է, որ դերակատարները ցանկանում են մերձենալ ուժային կենտրոնների հետ:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    21.06.2026
       
    22.06.2026
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: